Ծաղկահովիտ համայնքի ընտրատեղամասի մոտ այսօր առավոտից հերթեր էին գոյացել։ Բնակիչները համայնքի ղեկավար ընտրելու համար ստիպված էին 15-20 րոպե սպասել, սակայն չէին դժգոհում։ Առաջադրված թեկնածուները երեքն են՝ հանրապետական գյուղապետ Երվանդ Խաչատրյանը, անկուսակցական Նորայր Հակոբյանն ու ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ, այժմ կալանավորված «Միայնակ Գայլ» անունով հայտնի ազատամարտիկ Արայիկ Խանդոյանը։
«Էս կարգի աշխուժություն դեռ չի եղել, ոնց որ էս տարի։ Էս տարի մի քիչ ավելի ուրիշ ա ամեն ինչ», - ասաց բնակիչներից մեկը։
«Ուզում ենք որ ժողովուրդն իրան երջանիկ զգա, էդքան բան»:
«Շենքեր կառուցեն, օբյեկներ կառուցեն, հիմնարկություն, ժողովուրդն աշխատին, ապրին։ Արտագնա աշխատանքներից էլ տղամարդիկ ետ գան իրենց հայրենիքը։ Ժողովուրդը քոչում է Ռուսաստան, ձգտում ա Ռուսաստան», - ասաց Ծաղկահովիի մեկ այլ բնակիչ։
Ընտրողներից մյուսն էլ «Ազատությանը» փոխանցեց,ո ր հիմա ստիպված գյուղում չի ապրում, բայց կվերադառնա առաջին իսկ հնարավորության դեպքում, «եթե լավ լինի գյուղում, ինչ-որ մի աշխատատեղ, մի բան ստեղծվի»․ - Ինձ համար հաճելի չի, արդեն 15 տարի ա, ես ուրիշ տեղ վարձով ապրում եմ»:
Արայիկ Խանդոյանի կինը, ով նաև նրա վստահված անձն է, ամուսնու նկարով շապիկ էր հագել։ Նույն շապիկով ընտրատեղամաս էին գալիս նաև որոշ ընտրողներ։
Ընթացքում նաև միջադեպ տեղի ունեցավ։ Ընտրատեղամաս եկած անձինք, ովքեր, ծաղկահովիտցիների խոսքով գյուղի բնակիչ չէին, պահանջեցին, որպեսզի Խանդոյանի կինը փոխի շապիկը։ Նրանք պնդում էին, որ այսպիսով օրենք է խախտվում ու ընտրությունների օրը քարոզչություն է իրականացվում։ Արայիկ Խանդոյանի կինը՝ Անուշ Հայրապետյանը հրաժարվեց փոխել շապիկը, քաղաքացիներն էլ մի քանի րոպե տևած վիճաբանությունից հետո հեռացան։
Հանրապետական թեկնածուն՝ Երվանդ Խաչատրյանը, Խանդոյանի նկարով շապիկ կրելու մեջ խնդիր չէր տեսնում․ - «Սիրում են Արայիկ Խանդոյանին, ուղղակի հագել են այդ շապիկները, որպեսզի ցույց տան իրենց հայրենասիրությունը նաև»:
Հանձնաժողովի անդամներն ու վստահված անձինք պնդում էին, որ թեև խոտանված ծրարներ կան, շատերն էլ՝ հատկապես ծերերը, ուղեկցողներով են գալիս ընտրության, սակայն ընտրություններն առանց լուրջ խախտումների են ընթանում։ Գյուղացիներն էլ պնդում էին՝ Ծաղկահովիտում մարդիկ արդարության կողմնակից են։
«Վայ կաշառք, չէ, չէ, չէ..․ Ասենք, դուն իմ հարևանն ես, եկել ես ընտրության, ես քեզնից կաշառք ի՞նչ վերցնեմ, էդ երկու կոպեկը որ վերցրի, ի՞նչը պիտի ավելանա», - «Ազատության» հետ զրույցում ասաց գյուղացիներից մեկը:
Արայիկ Խանդոյանը կալանավորված է Պարեկապահակային գնդի գրավման գործով։ Նամեղադրվում է պատանդ վերցնելու և ապօրինի կերպով զենք, ռազմամթերք պահելու, կրելու, փոխադրելու մեջ։ Եթե Խանդոյանն ընտրվի, սակայն, ու նրա խափանման միջոցը չփոխվի ու երկու ամսվա մեջ նա չկարողանա պարտականությունների կատարմանն անցնել, ապա տեղում նոր ընտրություններ կանցկացվեն։