Մատչելիության հղումներ

Սիսիանում քաղաքապետի թեկնածուները չորսն են


Թեկնածուներից Սրբուհի Գրիգորյան, արխիվ
Թեկնածուներից Սրբուհի Գրիգորյան, արխիվ

Հոկտեմբերի 2-ի ընտրությունից հետո Սիսիան քաղաքի ղեկը ստանձնելու հավակնորդները 4-ն են։ Մեդիա կենտրոնի կազմակերպած քննարկման հրավերը, սակայն, նրանից երկուսը չէին ընդունել, մեկն՝ անկուսակցական Կամո Մանուչարյանն է, մյուսը՝ Սիսիանի նախկին քաղաքապետ Լավրենտ Սարգսյանի որդին՝ Արթուր Սարգսյանը, որը նույնպես անկուսակցական է։ Բանավեճը ծավալվեց գործող քաղաքապետի և Սրբուհի Գրիգորյանի միջև։

Նախորդ երկու ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից առաջադրված Սիսիանի գործող քաղաքապետ Աղասի Հակոբջանյանն այս անգամ համայնքի ղեկավարի ընտրություններին մասնակցում է ինքնաառաջադրմամբ և անկուսակցականի կարգավիճակով:

Լրագրող Սրբուհի Գրիգորյանի թեկնածությունն առաջադրել է ընտրություններին առաջին անգամ մասնակցող «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը։ Գրիգորյանն առաջին հերթին բարձրաձայնում է, իր կարծիքով, քաղաքի ամենահրատապ խնդիրը։

«Ամենահրատապ խնդիրն, ինչպես արդեն մեկ տարի է ասում եմ, Ֆիզկուլտուրնիկների թիվ 6 վթարային շենքի խնդիրն է, որը 4-րդ կարգի վթարային է և մոտ 40 բնակիչներ այնտեղ ամեն օր վտանգի տակ ապրում են։ Այդ շենքի վերջնական լուծման խնդրով անհապաղ պետք է զբաղվել», - հայտարարեց Գրիգորյանը։

Գործող քաղաքապետը հակադարձում է՝ խնդրին տեղյակ է, սակայն համալիր լուծման համար բյուջեում փող չկա։ «Եկել են բազմաթիվ և պազմապիսի հանձնաժողովներ, իրավիճակը գնահատել են, քննարկումներ են անցկացվել, բայց, այսօրվա դրությամբ, հարցը տեղից չի շարժվել, դա պայմանավորված է ֆինանսական լուրջ միջոցների հետ, որը մոտավորապես 1 միլիոն դոլարից անցնում է», - ասաց քաղաքապետը։

Սիսիանն աղբահանության համակարգ չունի՝ «Լուսավոր Հայաստանի» թեկնածուի մտահոգությունն է։ Սրբուհի Գրիգորյանը խոստանում է ընտրվելու դեպքում լուծել հարցը։ «Աղբահանության հետ կապված, մենք այսօր բոլորս գիտենք, որ սա գլոբալ հարց է. մենք ո՞ւր ենք տանում, թափում մեր աղբը՝ պատմական հուշարձանի՝ դամբարանադաշտի վրա», - նշեց Գրիգորյանը։

Աղասի Հակոբջանյանի հավաստմամբ, ինքն էլ է փորձել լուծել խնդիրն ու էլի բախվել «փող չկա»-ին։ «Ես ի՞նչ եմ ստացել իբրև ժառանգություն, երբ որ ընտրվել եմ քաղաքապետ, ստացել եմ մեկ կնիք, մեկ աղբատար մեքենա՝ օգտագործված և վարձակալվող քաղաքապետարանի շենք, վաճառված կոմունալ տնտեսություն, բացի այդ, այս ութ տարիների ընթացքում մենք կարողացել ենք, թեկուզ մեր սուղ միջոցներով՝ համայնքային և այլն, ձեռք բերել բավականին տեխնիկաներ, որոնք սպասարկում են քաղաքը աղբահանության և սանմաքրման ոլորտում», - ասաց քաղաքապետը։

Սրբուհի Գրիգորյանին չի բավարարում նաև քաղաքի ճանապարհների վիճակը։ Սիսիանին, կարծում է Գրիգորյանը, որակյալ ասֆալտապատում է անհրաժեշտ։ Գործող քաղաքապետը համամիտ է, սակայն 41 միլիոն դրամ տարեկան բյուջեով որակյալ ասֆալտապատում անելու համար ստիպված կլիներ աշխատավարձ չվճարել։ Քաղաքապետն ասում է, որ վերընտրվելու դեպքում փոքրիկ, բայց հաստատուն քայլերով կշարունակի ասֆալտապատումը։

«Լուսավոր Հայաստան»-ի թեկնածուն իր շրջայցերում պարզել է՝ սիսիանցիներին ասֆալտից և աղբահանությունից ավելի կարևոր է վստահության վերականգնումն իշխանության հանդեպ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG