Մատչելիության հղումներ

Աղավնաձորցիները շարունակում են բողոքի ակցիաները


Այսօր վաղ առավոտից նրանք կրկին արգելափակել են մուտքը գյուղի դպրոց, մանկապարտեզ և գյուղապետարան:

Այս ծայրահեղ քայլին գյուղացիները դիմել էին նաև սեպտեմբերի 1-ին: Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանն այդ օրը նրանցից 15 օր ժամանակ էր խնդրել՝ խոստանալով, որ գումարը կվճարվի:

Աղավնաձորցիները պահանջում են վճարել դեռևս անցած տարի մթերման հանձնած խաղողի գումարը: «Վեդի Ալկո» ընկերությունը խաղողագործներին 140 մլն դրամից ավելի գումար է պարտք:

«Էսօր խնդիրը մենակ Վայոց Ձորի Աղավնաձոր գյուղը չի: Հեռուստացույց ես միացնում, ինտերնետն ես միացնում՝ բոլոր մարզերում խնդիրը կա․ մեկը՝ կարտոֆիլի, մեկը՝ ծիրանի, մեկը՝ խնձորի, մեկը՝ խաղողի», - «Ազատության» հետ զրույցում ասաց աղավնաձորցի մի տղամարդ:

«Մենք իրենց լսում ենք: Օրինակ, նոր վարչապետը շատ լավ խոսեց, մենք հիացած լսում էինք իրան: Բայց իրենց մեր ձայնը չեն լսում», - հավելեց մի երիտասարդ կին:

Դպրոցից ու մանկապարտեզից ցույցը շուտով տեղափոխվեց խաղողի այգիներ։ Գյուղացիների պահանջով այսեղ էր եկել Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը։ Նրան գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանն էր ուղեկցում։

Գյուղացիները, սակայն, նրանց ջերմ չընդունեցին։ Նրանք մեղադրեցին Գինեգործների միության նախագահին՝ պնդելով, որ նա ու մյուս խոշոր այգետերերն են առաջինը բերքը մթերում, իսկ իրենցը մնում է ու փչանում։

«Ես հիմա կարճ, կոնկրետ ասում են մեր պահանջը», - ասաց աղավնաձորցիներից մեկը․ - «Պարոն Հարությունյան, մինչև Աղավնաձոր գյուղի սեփականատերերի վերջին գիլա խաղողը չմթերվի, ոչ մեկդ՝ ո՛չ դու, ո՛չ Ղազարյան Մանվել, ո՛չ Բաղդասարյան Աղաս, ո՛չ չգիտեմ ով ստեղից մի գիլա խաղող չի տանելու»:

Ռոբերտ Մակարյանը փորձում էր ճշտել գյուղացիների վարկերի ընդհանուր թիվը, որպեսզի քայլեր ձեռնարկեն դրանք սառեցնելու համար։ Վերջինիս հասցերը, սակայն, աղավնաձորցիներն անպատասխան թողեցին․ - «Անցած տարի էլ պետք ա սառեցնեին, բայց էղա՞վ մեկին, որ սառացված լինի»:

Գյուղատնտեսության նախարարության տվյալներով, խաղողագործների պարտքը 800 մլն, իսկ Խաղողագործների միության տվյալներով՝ 1.5 մլրդ դրամից ավելի է։ Գյուղատնտեսության փոխնախարարը շարունակում է պնդել, որ խնդիրները ժամանակավոր են և գյուղացիներին հորդորում է չհիասթափվել․ - «Քանդել այգիները կամ այլ ռադիկալ միջոցների դիմել, կարծում եմ, որ ճիշտ չի, տեղին չի»:

Գյուղացիները, սակայն, փոխնախարարի հորդորները չլսեցին։ Ասացին՝ նախարարությունից այլևս ոչինչ չեն ակնկալում և հեռացան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG