Մատչելիության հղումներ

Շարմազանով․ Բնականաբար, կլինեն փոփոխություններ կառավարության կազմում


Էդուարդ Շարմազանովը ասուլիսի ժամանակ, արխիվ
Էդուարդ Շարմազանովը ասուլիսի ժամանակ, արխիվ

Նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը դեռ շարունակում է քննարկումները կառավարության նոր կազմի ձևավորման շուրջ։ Հինգշաբթի երեկոյան իշխող Հանրապետականի (ՀՀԿ) գործադիր մարմնի նիստից հետո կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց՝ վարչապետի փոփոխությունից հետո կառավարությունում ևս փոփոխություններ կլինեն, բայց թե որ նախարարը կմնա իր տեղում, որը կլքի այն՝ Հանրապետականում դեռ չեն հստակեցնում։

Իշխանությունները չեն բացառում, որ նախարարական պորտֆելներ կարող են ստանալ նաև ՀՀԿ անդամատոմս չունեցողները։

«Դեռևս ժամկետներ կան, քննարկումները շարունակվում են, բնականաբար, կլինեն փոփոխություններ կառավարության կազմում, բայց ժամկետները դեռևս սպառված չեն, և օրենքով սահմանված կարգով և ժամկետներով մենք ձեզ կներկայացնենք կառավարության մեր ապագա թեկնածուներին», - ասաց Շարմազանովը՝ շարունակելով․ - «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ քննարկումները դեռ շարունակվում են, բնականաբար, անուններ հրապարակելը կոռեկտ չէ»:

«Երեկ պարոն վարչապետը Ազգային ժողովում ասել է, թե ինքը ում է տեսնում ապագա կառավարության կազմում, և ասել է, որ մեզ համար դոգմա չէ կուսակցական պատկանելությունը: Եվ սա խոսում է Հանրապետական քաղաքական թիմի, քաղաքական իշխանության լայնախոհության մասին», - նշեց Հանրապետականի խոսնակը՝ վստահեցնելով․ - «Մեզ համար կարևոր է, որ լինեն մարդիկ, ովքեր ունենան ծրագրեր, որոնց ծրագրերը համահունչ լինեն մեր ծրագրերին, և մենք բոլորս միասին ընթանանք առաջ՝ բարեփոխումների ճանապարհով»:

Բարեփոխումները, իշխող կուսակցության խոսնակի հավաստմամբ, «այսօր չէ, որ սկսվել են, բարեփոխումների մեկնարկի մասին այսօր չէ, որ խոսվել է, դեկտեմբերի 6-ի սահմանադրական բարեփոխումներից հետո փետրվար 12-ին հանրապետության նախագահը Բաղրամյան 26-ում պետական ավագանու հետ հանդիպման ժամանակ հստակ նախանշեց այն ուղիները, ճանապարհները և բարեփոխումների անհրաժեշտությունը, շատ դեպքերում նաև՝ ռադիկալ բարեփոխումների անհրաժեշտությունը, որը վերահաստատվեց նաև վերջին խորհրդի նիստի ժամանակ հանրապետության նախագահի կողմից»:

«Ազատության» հարցին՝ երկրի տնտեսությունը, նորանշանակ վարչապետի բնութագրմամբ՝ «չափազանց ծանր վիճակի» հասցնելուց հետո ինչպե՞ս են պատրաստվում գնալ վեց ամսից անցկացվելիք խորհրդարանական ընտրություններին, Էդուարդ Շարմազանովն արձագանքեց․ - «Շուտով կլինեն ՏԻՄ ընտրությունները, և դուք կտեսնեք: Շուտով կլինեն ՏԻՄ ընտրությունները, և կտեսնեք՝ ում են վստահում, ինչ են վստահում: Ես ասում եմ՝ մենք բազմակարծության կողմնակից ենք, բաց մասնակցության և մրցակցության կողմնակից ենք: Սեպտեմբերի 18-ին կան մի շարք համայնքներում, մի շարք ասած՝ տասնյակ համայնքներում, ընտրություններ, հոկտեմբերի 2-ին երկու կարևորագույն, Երևանից հետո երկու մեծ համայնքներում՝ Վանաձորում և Գյումրիում էլի կլինեն ընտրություններ, և գյումրեցիները, վանաձորցիները և բոլոր համայնքների բնակիչները իրենք կորոշեն՝ ում են վստահում, ում չեն վստահում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG