Մատչելիության հղումներ

Տիգրան Հակոբյանն ընտրվեց ՀՌԱՀ-ի անդամ


Այսօր ազգային ժողովում ձայների մեծամասնությամբ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) անդամ ընտրվեց Տիգրան Հակոբյանը, ով կլինի հանձնաժողովի 8 անդամներից մեկը, որոնցից 4-ին նշանակում է Հանապետության նախագահը, մյուս 4֊ն ընտրվում են Ազգային ժողովի կողմից։

Նախկինում զանգվածային լրատվության ոլորտում բարձր պաշտոններ զբաղեցրած Տիգրան Հակոբյանը իր ելույթում նշեց, որ ընտրվելու դեպքում ուշադրություն կդարձնի ոլորտի օրեսդրության զարգացմանը, հեռուստատեսություններում հեղինակային իրավունքի հարցերին, և եթերի բովանդակության որակի հետ կապված խնդիրներին։

Հակոբյանին ուղղված առաջին հարցերից մեկը հենց հեռուստաեթերի որակի մասին էր. պատգամավոր Փաշինյանն ասաց, թե հեռուստաալիքներից մեկի եթերից անպարկեշտ արտահայտություններ է լսել․ - «ԱTV հեռուստաընկերության եթերում մի այնպիսի տեսարանի ականատեսը դարձա, որ եթե ինձ պատմեին, որ էդպիսի բան կա, ես ուղղակի չէի հավատա․․․ Պոռնոմտածողության ամենալկտի․․․ չգիտեմ»:

Ապա հարցրեց, թե որն է Հակոբյանի մոտեցումը, ինչ քայլեր հնարավոր է ձեռնարկել նման դեպքերում: ՀՌԱՀ-ի նոր անդամը համաձայնցեց, որ հեռուստատեսության արտադրանքի որակի և արգելված բովադակություն եթեր տալու հետ կապված խնդիրներ կան, բայց մյուս կողմից էլ՝ հեռուստատեսությունն իրականությունից չպետք է կտրված լինի։

Ապա հավելեց․ - «Այդ պոռնոգրաֆիայի մասին․ եթե այնտեղ հայհոյանք կա, դա նորմ է, որի համար վարչական և այլ տիպի պատիժներ կան, և դրան պիտի արձագանքի ոչ միայն ազգային հանձնաժողովը, այլ նաև պատկան մարմինները: Բայց մենք պիտի հասկանանք, որ եթերի կարգավորումը չի նշանակում եթերի գրաքննությունը»:

Նիկոլ Փաշինյանը Տիգրան Հակոբյանի պատասխանը անընդունելի համարեց. - «Պարոն Հակոբյան, մարդկանց տներում շատ բաներ են տեղի ունենում, այդ թվում ննջարաններում և մնացած տեղերում: Այսինքն մի հատ հաղորդում բացենք, էդ ամեն ինչը ցո՞ւյց տանք: Սա նշանակում ա, որ մենք հասարակության ամենաներքևի շերտերը բերում ենք էկրան՝ ինչ ա թե իրեք տոկոսով ռեյտինգ աճացնենք, որ հետո ընտրությունների ժամանակ էդ ռեյտինգով Սերժ Սարգսյանին քարոզեն»:

«Ժառնագություն» խմբակցությունից Ռուբիկ Հակոբյանին հետաքրքրում էր, թե արդյոք ըստ ՀՌԱՀ-ի նոր անդամի հասարակության կարծիքը համաժեք ներկայացված է հայկական մեդիա դաշտում։

Հակոբյանը պատասխանեց․ - «Եթե վերցնենք մեդիայի ամբողջականությունը, նաև ինտերնետը, նաև սոցիալական ցանցերը, նաև կայքերը, այլ ոչ միայն եթերային և կաբելային հեռարձակման կետերը, ապա, ես կարծում եմ, այո: Որևէ տեսակետ Հայաստանում չկա, որի կրողը հնարավորություն չունենա արտահայտել իր տեսակետը՝ օգտագործելով այս կամ այն կրիչը»:

Ռուբիկ Հակոբյանը չհամաձայնեց․ - «Առայժմ ֆեյսբուքի ինտերնետը ամբողջ հասարակության սեփականություն չի այն առումով, որ չեն կարողանում դեռ օգտվել: Որովհետև առայժմ հասարակական կարծիքը ձևավորվում է հեռուստաեթերով, իմ կարծիքով, հասարակական կարծիքը իր ամբողջության մեջ չի ներկայացվում»:

Չշրջանցվեց նաև հեռուստատեսությունների լրատվական հաղորդումների գրաքննության թեման, երբ ընդդիմադիր գործիչների բարձրաձայնած խնդիրները եթերում գրեթե չեն լուսաբանվում։ Մասնավորապես, Հանրային հեռուստաընկերության լրատվական ծրագրի վերաբերյալ Տիգրան Հակոբյանն ասաց, որ ՀՌԱՀ-ը չի համակարգում Հանրային հեռուստառադիոընկերության աշխատանքը․ - «Կա առանձին հանրային խորհուրդ, որը բաղկացած է հինգ հոգուց: Եվ ես կարծում եմ, ավելի կոռեկտ կլիներ այդ հարցադրումները ուղղել այդ հանձնաժողովի նախագահին կամ անդամներին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG