Իշխող Հանրապետականի պատգամավորները տեղյակ չեն՝ իսկապե՞ս Հայաստանում մարդկանց ձեռքից բիզնեսները խլում են, թե՞՝ ոչ, սակայն ընդգծում են, եթե նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանն այդ մասին խոսել է, ուրեմն մի բան գիտի:
Հիշեցնենք, երեկ Կարապետյանը, կարելի է ասել, սենսացիոն հայտարարություն արեց՝ ընդգծելով, որ բիզնեսներ չեն խլելու: «Եթե մեկնումեկը լինի հաջողակ բիզնես, մենք իրենից այդ բիզնեսը որևիցե կերպ չենք խլելու», - հայտարարեց վարչապետը։
Հարցին, թե մինչև հիմա խաղի ա՞յլ կանոններ են գործել, վարչապետը պատասխանեց. - «Կարծում եմ, որ այո»։
Հանրապետական պատգամավոր, «Երևան Գարեջրի» սեփականատեր Հակոբ Հակոբյանն ընդգծում է՝ ինքը բիզնես խլելու գործընթաց չի տեսել: «Կարծում եմ՝ իրեն պետք է հարցնեք՝ ինչո՞ւ է ասել, որովհետև ես չգիտեմ՝ ինքն ի՞նչ է մտածել, որ ասել է», - «Ազատության» հետ զրույցում ասաց Հակոբյանը։
Ճշտող հարցին, թե այդ հայտարարությունն իր համար անսպասե՞լի էր, Հանրապետական պատգամավորը պատասխանեց. - «Ես, ճիշտն ասած, բիզնես խլել չեմ տեսել, կա՞ նման բան մեր երկրում։ Ինչ ասեմ, երևի ինքը գիտի, որ ասել է, ես չեմ կարծում, որ ինքը չիմացած բան ասի»։
Հանրապետական մեկ այլ պատգամավոր Համլետ Հարությունյանն էլ կարծում է, թե վարչապետը մտքերը ոչ ճիշտ է ձևակերպել, բայց միաժամանակ հավելում է՝ վարչապետը գիտի, թե ինչ է ասում։ «Երևի ոչ ճիշտ ձևակերպած միտք է։ Փաստորեն, չեմ կարծում, որ մինչև հիմա բիզնեսներ է խլվել։ Բայց ինքը վարչապետ է, բնականաբար ինքը գիտի, թե ինչ է ասել։ Ես չեմ կարող էդ հարցերին ընդհանրապես պատասխանել», - ասաց Հարությունյանը։
Հարցին, թե ողջունո՞ւմ է, գնահատո՞ւմ է Կարեն Կարապետյանի այդ անկեղծությունը, որ նա առաջին եղավ, որ, լինելով վարչապետ, հայտարարեց՝ այլևս բիզնես չի խլվելու, Հարությունյանը պատասխանեց. - «Մարդու այդ հատկանիշն ինձ համար շատ ընդունելի է»։
Գործարար մեկ այլ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը համաձայն չէ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ, նա պնդում է՝ Հայաստանում բիզնեսներ չեն խլում։ «Բայց ե՞րբ են խլել, որ», - ասաց Ալեքսանյանը։ Դիտարկմանը, թե Կարեն Կարապետյանն ասել է, որ էլ չեն խլելու, Ալեքսանյանն այսպես արձագանքեց. - «Հա, ճիշտ է ասել Կարեն Կարապետյանը»։ Հարցին, թե ուրեմն մինչև հիմա բիզնեսներ խլվե՞լ են, Սամվել Ալեքսանյանը պատասխանեց. - «Տո, ո՞վ է ասել, որ խլվել է»։
Հանրապետական Կարեն Ավագյանն էլ վստահեցնում է՝ երկիր նոր է վերադարձել։ «Երկիր նոր եմ վերադարձել, և բիզնես խլելու մասին, ինձ թվում է՝ դուք ճիշտ չեք հասկացել», - ասաց Կարապետյանը։
Իշխող Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ փորձեց բացատրել՝ Կարեն Կարապետյանը այլ բան է նկատի ունեցել՝ ասելով, թե ուրիշի բիզնեսը չեն խլելու։ «Խլել բառը ես չեմ լսել, անկեղծ ասած, հա, եթե ասել է, ուրեմն, բնականաբար, յուրաքանչյուր մարդ պետք է զբաղվի իր գործով, որովհետև անընդհատ ասում են, որ վախենում են դնել, որովհետև կարող է այդ բիզնեսը վտանգի տակ լինի, ինքը հայտարարում է, որ բոլորը կարող են զբաղվել իրենց բիզնեսներով», - ասաց Բաղդասարյանը։ Դիտարկմանը, թե նա չհերքեց, որ առաջ այլ խաղի կանոններ են եղել, Բաղդասարյանն այսպես արձագանքեց. - «Այդ հարցի պատասխանը կտա ինքը, համենայն դեպս, ես նման բաների ականատես չեմ եղել»։
Ի դեպ երեկ, երբ նորանշանակ վարչապետը առաջին անգամ խորհրդարանում մասնակցում էր Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանին, իշխող Հանրապետականն, այդ թվում՝ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը չշնորհավորեցին Կարեն Կարապետյանին:Իրավիճակը փորձեց շտկել Հանրապետական Լևոն Մարտիրոսյանը: «Պարոն վարչապետ, ես Ձեզ շնորհավորում եմ, առաջինը լինելով այս դահլիճում, Դուք մեկ ժամից ավել այստեղ նստած եք, շնորհավորանքներ չհնչեցին մեր գործընկերների կողմից, ըստ երևույթին տնտեսության վիճակն իսկապես վատ է, որևէ մեկը չի համարձակվում», - ասաց Մարտիրոսյանը։