Մատչելիության հղումներ

Գերմանիան առժամանակ փակել է Թուրքիայում իր դիվանագիտական ներկայացուցչությունները


Անկարայի համայնապատկեր
Անկարայի համայնապատկեր

Պատճառը, ըստ Bild հանդեսի, ահաբեկչության սպառնալիքն է:

Գերմանական պարբերականը, վկայակոչելով երկրի արտգործնախարարության աղբյուրները, հաղորդում է, որ Անկարայում Գերմանիայի դեսպանատունը, Ստամբուլի գլխավոր հյուպատոսարանը և գերմանական վարժարանը մինչև սեպտեմբերի 16-ը փակ են լինելու:

Այս մասին տեղեկություն հրապարակվել է նաև Թուրքիայում Գերմանիայի դեսպանատան թվիթերյան էջում:

Նախազգուշական միջոցառումները կապված են մահմեդական գլխավոր տոներից մեկի` Քուրբան բայրամի օրերին հնարավոր ահաբեկչության մասին ստացված տեղեկության հետ, որի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվում: Միայն նշվում է, որ գերմանական կողմը փորձում է ապահովել իր քաղաքացիների անվտանգությունը ահաբեկչության վտանգի պայմաններում:

Գերմանիայի արտաքին գերատեսչությունը այս տարի արդեն երկրորդ անգամ է փակում իր ներկայացուցչությունները Թուրքիայում: Մարտ ամսին ևս միևնույն պատճառաբանությամբ նման որոշում էր կայացվել:

Թուրքիայում ահաբեկչական սպառնալիքի բարձր աստիճանի պատճառով երկրում տեղակայված օտարերկրյա դեսպանությունները, ելնելով անվտանգության նկատառումներից, իրենց քաղաքացիներին պարբերաբար տեղեկացնում են հնարավոր վտանգների մասին` կոչ անելով աչալուրջ լինել և խուսափել ահաբեկիչների համար նախընտրելի թիրախներից:

Թուրքական լրատվամիջոցները ևս գրում են, որ գերմանական իշխանությունների անհանգստության պատճառը վերջին շրջանում Թուրքիայում հաճախակի դարձած ահաբեկչական հարձակումներն են: Bild-ը հիշեցնում է, որ վերջին մեկ տարում Թուրքիայում 15 ահաբեկչական հարձակում է արձանագրվել:

Երկու օր առաջ Վանում տեղի ունեցած ահաբեչության հետևանքով ավելի քանի 50 մարդ էր վիրավորվել: Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել էր Քուրդիստանի բանվորական կուսակցության զինված թևերից մեկը:

Իսկ անցած օգոստոսին Գազիանթեփում «Իսլամական պետության» կողմից իրականացված արյունալի ահաբեկչությունը 51 մարդու կյանք էր խլել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG