Մատչելիության հղումներ

Հովհաննես Սահակյան․ «Մեր հանրությանը հարկավոր են արագ փոփոխություններ»


Կարեն Կարապետյանի նշանակումը Հայաստանի վարչապետի պաշտոնում այն փոփոխությունների շարքից է, որ «քաղաքական օրակարգը ավելի վառ գույներով լցնելու» միտում ունեն: «Ազատության» հետ զրույցում այդ մասին հայտարարեց իշխող Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը:

Հարցադրմանը, թե ինչո՞ւ է վարչապետի և կառավարության փոփոխությունը կատարվում հենց հիմա, երբ ընտրություններին քիչ ժամանակ է մնում՝ 2017-ի ապրիլին են տեղի ունենալու խորհրդարանական ընտրությունները, որոնցից հետո նոր կառավարություն կձևավորվեր, նոր ծրագիր կներկայացվեր, այդ փոփոխություններն արդեն ավելի լայն թափով կարող էին իրականացվել, Սահակյանը արձագանքեց․ - «Մենք տեսնում ենք, որ փոփոխությունների գնում ենք նաև այլ գործընթացի մեջ, հատկապես՝ Ընտրական օրենսգրքի հետ կապված, և այսօր մենք կարծես թե նաև մի համաձայնագիր, հուշագիր ստորագրեցինք, որը տարիներ շարունակ եղել է քննարկման առարկա: Եվ արդյո՞ք հիմա մենք չենք ասելու՝ ինչո՞ւ հիմա»:

«Տեսնում ենք, որ ընդհանուր փոփոխությունների մի փուլ ենք մտել, մենք բոլորս գիտակցում ենք և հասկանում ենք, որ այս ժամանակահատվածը առնվազն մեր երկրի համար ճակատագրական է՝ դա պայմանավորված է և՛ սահմանադրական բարեփոխումներով, և՛ աշխարհաքաղաքական որոշակի իրադարձություններով և փաստերով, և ինչու չէ՝ այդ աշխարհաքաղաքականի մի մաս մենք կարող ենք դիտարկել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը», - ընդգծեց հանրապետական պատգամավորը՝ շարունակելով․ - «Եվ մենք պետք է չհապաղենք և շատ արագ այդ փոփոխությունների միջոցով և՛ տնտեսությունը զարգացնենք, և՛ սոցիալական այս որոշակի լարվածությունը թուլացնենք, և՛ նաև այս քաղաքական դաշտում կարողանանք ձևավորել այն մշակույթը, որը այսօր որպես փաստ արձանագրվեց, այսինքն՝ կարողանանք երկխոսել, կարողանանք բանակցել, կարողանանք հարցերի շուրջ ընդհանուր եզրեր գտնենք»:

«Մեր հանրությանը այսօր, որքանով մենք կարողացել ենք հասկանալ և ուսումնասիրել, հարկավոր են արագ փոփոխություններ, և այդ փոփոխությունների արդյունքը հանրությունը, ժողովուրդը օր առաջ զգա իր տանը, իր սեփական մաշկի վրա: Հիմա մենք պետք է մեկ բանի մասին մտածենք և փորձենք մեր բոլորի գործողություններով ընդամենը աջակից լինել, որպեսզի այն օր առաջ նորությունը, իրավիճակի լավացումը ժողովուրդը զգա իր տանը, իր մաշկի վրա՝ սա է գերխնդիրը լինելու», - ասաց Սահակյանը:

Հարցին էլ՝ իսկապե՞ս որոշակի կապ կա այդ փոփոխությունների և «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքի գրավման միջև, ինչը նրա գործընկերներից շատերն ընդունում են, պետաիրավական հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահը պատասխանեց․ - «Ես այս հարցում կտարբերվեմ իմ ընկերների, գործընկերների կարծիքից, ես ՊՊԾ գունդը գրավելը, որպես այդպիսին, դիտարկում եմ զուտ իրավական հարթության մեջ, և այստեղ պետք է իրավապահները տան գնահատական և որակեն, թե ինչպես է եղել, քննության արդյունքում, և ի վերջո երբ որ կունենանք այդ ամբողջ քննության ավարտը, կունենանք ամբողջական պատկերը, այդ ժամանակ կխոսենք»:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG