Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ)` հոկտեմբերի 14-ին Երևանում կայանալիք գագաթնաժողովի ընթացքում անդամ պետությունների ղեկավարների քննարկման հիմնական թեմաներից մեկը լինելու է ՀԱՊԿ երկարաժամկետ ռազմավարությունը: Այս մասին երեկ Մինսկում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ավարտին հայտարարեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
Բելառուսցի լրագրողների հետ զրույցում Բորդյուժան նշում էր, որ Երևանում ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները պետք է հաստատեն հավաքական անվտանգության մինչև 2025 թվականի ռազմավարությունը: «Փաստաթուղթն արդեն գործնականում համաձայնեցված է, և մենք այն հոկտեմբերի 14-ին Երևանում նախագահներին կներկայացնենք», - նշում էր կազմակերպության գլխավոր քարտուղարը:
Նիկոլայ Բորդյուժայի և Ալեքսանդր Լուկաշենկոյի երեկ կայացած բանակցությունների ընթացքում պարզ դարձավ, որ Բելառուսի նախագահը ևս ՀԱՊԿ երևանյան համաժողովից որոշակի սպասելիքներ ունի:
«Բառացիորեն որոշ ժամանակ անց մենք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գագաթնաժողովն ենք անցկացնելու Երևանում: Ես կցանկանայի, որպեսզի Դուք ինձ ծանոթացնեք [կազմակերպությունում] այս պահին տիրող իրավիճակին, համաժողովի օրակարգին», - դիմելով Բորդյուժային ասում էր Լուկաշենկոն` հատուկ ընդգծելով, որ Մինսկում շատ լրջորեն են վերաբերվում կազմակերպության նախագահությունը ստանձնելու փաստին:
«Կազմակերպությանը հարկավոր է ոչ միայն աջակցել, այլև առանց որևէ մեկին սպառնալու ապահովել դրա վերելքը, դարձնել այն հարգված և ուժեղ կառույց: Մենք շատ լուրջ ենք տրամադրված ՀԱՊԿ-ում մեր երկրի նախագահության հարցում: Նաև Ձեզ ենք խնդրում, որպեսզի օգնեք մեզ նախապատրաստել կազմակերպության բելառուսական նախագահության ծրագիրը», - նշում էր Լուկաշենկոն ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ զրույցում:
Ինչպես հայտնի է, Հայաստանը ՀԱՊԿ նախագահությունը Բելառուսին կփոխանցի հոկտեմբերի 14-ին` երևանյան գագաթնաժողովի ընթացքում: Ուշագրավ է, սակայն, որ երեքշաբթի օրը Մինսկում կայացած բանակցությունների՝ գոնե լրատվամիջոցներին հասանելի հատվածում ոչ Նիկոլայ Բորդյուժան և ոչ էլ Ալեքսանդր Լուկաշենկոն այդպես էլ չխոսեցին Հավաքական անվտանգության կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի ընտրության մասին:
Հիշեցնենք՝ ռուսական «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը կիրակի օրը հաղորդել էր, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ամենահավանական թեկնածուն ներկայումս Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սեյրան Օհանյանն է: