Մատչելիության հղումներ

«Արարատյան բակալավրիատ»-ը հնարավորություն կտա ընդունվել արտասահմանյան բուհեր


«Այբ» դպրոց, արխիվ
«Այբ» դպրոց, արխիվ

Աշխարհի առաջատար կրթական ծրագրերին օրերս ավելացել է ևս մեկը՝ «Արարատյան բակալավրիատ» հայալեզու ծրագիրը:

Սա նշանակում է, որ այսուհետև հայ դպրոցականները կկարողանան հայերենով հանձնել միջազգային քննություններ և ընդունվել աշխարհի լավագույն բուհեր: Ծրագիրը մշակել է «Այբ» կրթական հիմնադրամը:

«Ազատության» հետ զրույցում հիմնադրամի գործադիր տնօրեն Դավիթ Սահակյանը տեղեկացրեց, որ ծրագրի շրջանակներում հայ աշակերտներից մի քանիսն արդեն միջազգային բուհեր են ընդունվել:

«Իրենք ստիպված չեն լինում լրացուցիչ քննություններ հանձնել, որպեսզի ապացուցեն, որ մաթեմատիկան, ֆիզիկան կամ այլ առարկաները իրենք գիտեն այդ գնահատականին համարժեք, այլ նաև ճանաչում է համարժեքությունն այդ ծրագրի, այնպիսի գերազանցության հարթակների, ինչպիսիք անգլիական A Levels-ը կամ ամերիկյան Advanced Placement-ը (AP) և երեխաները, ովքեր «Արարատյան բակալավրիատ»-ով են անցել իրենց այդ առարկաները ևս կրեդիտավորում են համալսարանում, այսինքն, ստիպված չեն լինի, օրինակ, կրկնել նուն առարկան համալսարանում», - ասաց Սահակյանը։

«Այբ»-ի թիմը կարևորում է, որ ծրագիրը միջազգային լինելով նաև ազգային է, ի վերջո, երեխան արտասահմանյան կրթություն ստանալու համար ստիպված չի լինի կենտրոնանալ բացառապես օտար լեզուների վրա՝ ստորադասելով սեփական լեզուն, մշակույթը, պատմությունը: Ճիշտ հակառակը, ծրագիրը էլ ավելի է կարևորում մայրենի լեզուն:

«Եվ սրանում մենք համատեղում ենք երկուսը մեկտեղ, մի կողմից մենք լուծում ենք նպատակը՝ ազգային ծրագիր ունենալու, քաղաքացի մեծացնելու, ձևավորելու՝ դրա առջև դնելով արդեն մեր չափանիշները՝ և՛ արժեքային, և՛ քաղաքացի դաստիարակելու, այն, ինչ-որ մենք ենք ուզում, բայց միևնույն ժամանակ տալիս ենք այդ կրթության հնարավորությունը, որ իրենք կարողանան աշխարհի լավագույն դռները բացել։ Որպեսզ պետություն, դա մեզ համար շատ կարևոր է», - ասաց Սահակյանը։

«Արարատյան բակալավրիատ» հայալեզու կրթական ծրագիրը «Այբ»-ի սաների մենաշնորհը չի լինելու: Նախատեսվում է, որ 2018 թվականի սեպտեմբերից այն կներդրվի նաև պետական դպրոցների ավագ դասարաններում:

Հարցին, թե կա՞ն այսօր համապատասխան մասնագետներ, որոնք կկարողանան աշակերտներին հրամցնել թեկուզ ամենալավ ծրագիրը, Սահակյանը պատասխանեց, որ ծրագրում ներառված է նաև պետական դպրոցների ուսուցիչների վերապատրաստում, որն էլ կմեկնարկի 2017 թվականից:

Այդուհանդերձ, մասնագետի կարծիքով, բարձորակ կրթություն ստանալու համար բավարար չէ միայն ուսուցչի առջև պահանջներ դնելը: «Որպես ծնողներ, ի՞նչ ենք մենք ուզում կրթությունից, մենք ենք, որպես ծնող, այսօր գնում, 5 հազար դրամ տալիս, որպեսզի երեխային լավ գնահատական նշանակեն», - ասաց «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրենը։

Դպրոցը պետք է զերծ մնա կեղծ գիտելիքներ հրամցնելուց, «Ազատության» հետ զրուցում նշեցին «Արարատյան բակալավրիատ» ծրագրով դասավանդող ուսուցիչները՝ մտահոգություն հայտնելով, որ կրթական համակարգի ցածր մակարդակն այսօր պայմանավորված է նաև նրանով, որ ստեղծված չէ այն միջավայրը, որտեղ ուսուցիչն աճելու տեղ կունենա, իսկ աշակերտը չի ձանձրանա:

«2006 թվականից ես աշխատել եմ դպրոցում և 2006 թվականից սկսվեց շատ վերապատրաստումների փուլը, բայց հետո հետևողականորեն չէր աջակցվում ուսուցչին դա կիրառելու, ու ստացվում էր, որ մի քիչ որակը լավանում էր, բայց նույն մակարդակի մեջ էինք մնում։ Իսկ հիմա հնարավորություն կա նոր մակարդակի անցնելու, ու այդ թռիչքը մեր հասարակության մեջ այսօր շատ կարևոր է», - «Ազատության» հետ զրույցում ասաց քիմիայի ուսուցիչ Լիլիթ Համբարձումյանը։

«Մասնագիտական նվաճումների սկիզբ, դռներ դեպի մեծ բուհեր» խոսքերը տպավորիչ ու կարևոր են հնչում «Արարատյան բակալավրիատ»-ի ծրագիրն արդեն իսկ փորձարկող 12-րդ դասարանի աշակերտներ Ստեֆանիի, Ռիմայի, Մարիամի համար, այդուհանդերձ, երեխաները խոստովանեցին՝ ամենամեծ ձեռքերումն այն է, որ պարտադրված չեն սովորում, այլ հաճույքով:

«Առարկաներն ավելի ուրիշ տեսանկյունից ենք սովորում, ավելի խորությամբ հասկանում ենք առարկայի էությունը, որովհետև դու ոչ թե չոր տեսական ես սովորում, այլև պետք է այդ գործի մեջ ցույց տաս։ Ավելի ստեղծագործ աշխատանք է պահանջում, սկսում ենք լայն մտածել, տարբեր տեսանկյուններից հարցին մոտենալ», - ասացին աշակերտները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG