Վանի նահանգում ավտոմեքենայում տեղադրված ռումբի պայթյունի հետևանքով առնվազն 27 մարդ է վիրավորվել, վիրավորներից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է:
Hurriyet Daily News պարբերականը, վկայակոչելով Վանի անվտանգության գլխավոր վարչության ղեկավարին, փոխանցում է, որ պայթյունը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 11-ի սահմաններում Բեշյոլ շրջանում Վանի նահանգապետարանի գրասենյակի և Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կենտրոնակայանի մերձակայքում:
Վիրավորներից երկուսը ոստիկաններ են: Իշխող կուսակցության՝ Վանից ընտրված պատգամավոր Բուրհան Քայաթյուրքը CNN Türk-ին ասել է, որ հարձակման թիրախը «Արդարություն և զարգացում»-ի տեղական կենտրոնակայանի մոտ ոստիկանության հսկիչ անցակետն էր:
Պայթյունի հետևանքով վնասվել են շենքեր, հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են ժամանել հրշեջներ, շտապ բուժօգնության անձնակազմեր:
Hurriyet Daily News-ը նշում է նաև, որ այսօր մահմեդական Էյդ-ալ-Ադհա տոնի առաջին օրն է: