«Այսուհետև ընտրակեղծարարության հնարավոր ծավալները էապես կկրճատվեն», - «Ազատության» հետ զրույցում ասաց Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ տեղեկացնելով, որ այսօր առավոտյան Ազգային ժողովում ընդդիմության, իշխանության և քաղհասարակության որոշ ներկայացուցիչների մասնակցությամբ կայացած քննարկման ժամանակ նախաստորագրվել է նոր Ընտրական օրենսգրքում ընտրական գործընթացի օրինականության վերահսկման մեխանիզմների սահմանման շուրջ համաձայնագիր:
Զուրաբյանի խոսքով, ներկայացված փաստաթղթում եղել են ընդդիմության բոլոր պահանջները, այդ թվում՝ ընտրություններին մասնակցած անձանց ստորագրված ցուցակների պաշտոնական հրապարակումը, ինչպես նաև ընտրական տեղամասերում քվեարկության և քվեարկության արդյունքների ամփոփման ողջ գործընթացի տեսանկարահանումը՝ ինտերնետային կապով ապահովված տեսախցիկներով և հատուկ ստեղծված կայքի(երի) միջոցով գործընթացի ուղիղ հեռարձակումը:
«Բոլոր հինգ խմբակցությունները, որոնք մասնակցել են այս պրոցեսին, ստորագրել են իշխանության կողմից ներկայացված այն փաստաթուղթը, որում ընդգրկված են, որպես կատարված մեր բոլոր պահանջները, և ես կարծում եմ, որ սա մեծ նվաճում է, որը թույլ է տալիս լրիվ փոխել խաղի կանոնները, և մենք ժողովրդին կոչ ենք անելու՝ ակտիվորեն մասնակցել ընտրություններին, քանի որ այսուհետև ընտրակեղծարարության հնարավոր ծավալները էապես կրճատվելու են», - ասաց Զուրաբյանը։
Հիշեցնենք, որ հունիսի 17-ին Ընտրական օրենսգրքի վերաբերյալ քաղաքական ուժերի միջև կնքված համաձայնագիրը ձախողվել էր, որից հետո ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը հայտարարել էր, թե համաձայնագրի չկատարման և Ընտրական օրենսգրքով սահմանված ընտրական գործընթացի օրինականության վերահսկման մեխանիզմների չկիրառման ողջ պատասխանատվությունը ընկնում է Հայաստանի իշխանությունների վրա:
Նոր համաձայնագրի ստորագրումը ընդդիմադիր կուսակցությունը հնարավոր էր համարել միայն այն դեպքում, եթե «համաձայնության առարկա դառնա ընդդիմության և քաղաքացիական հասարակության վերջին տասներեք տարիների գլխավոր պահանջի անվերապահ կատարումը, այն է՝ ընտրություններին մասնակցած անձանց ստորագրված ցուցակների պաշտոնական հրապարակումը»:
Քվեարկած ընտրացուցակների հրապարակումը կլինի առոչինչ, եթե իրավական հստակ ընթացակարգեր չեն հետևելու», - կարծում է այսօրվա քննարկմանը ներկա «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:
«Ազատության» հետ զրույցում նա հույս հայտնեց, որ նախաստորագրված փաստաթուղթը ինչ-ինչ պատճառներով նորից չի ձախողվի և կքննարկվի խորհրդարանի աշնանային նստաշրջանի առաջին քառօրյայում:
Նշված դրույթներից բացի Զոհրաբյան առանձնացրեց նաև Քրեական օրենսգրքում կատարվելիք տասնյակ փոփոխությունները, որոնք ավելի խիստ պատիժ կսահմանեն ուրիշի փոխարեն ստորագրած, քվեարկած քաղաքացիների նկատմամբ:
«Եթե այս խստացումներից հետո ինչ-որ մեկը կլինի այն կամիկաձեն, որը, հասկանալով, որ 3-ից 5 տարի քրեական պատասխանատվություն է ենթարկվելու ուրիշի փոխարեն ստորագրելու համար, կգնա այդ քայլին, ինչ ասեմ, ուրեմն մենք կընդունենք, որ ընտրակեղծարարությունը էնպիսի գենետիկ շեղում է մեզանում, որ ծնում է ահա այսպիսի կամիկաձեների։ Բայց ես կրկնում եմ, համաձայնագիրը ընդամենը դեռևս նախաստորագրված է, մի քանի խնդիրներ կան վերջնական կոնսենսուսի գալու և ստորագրելու համար համաձայնագիրը, ես հույս ունեմ, որ մենք կկարողանանք կոնսենսուսի խնդիրը կարգավորել», - ասաց ԲՀԿ ղեկավարը։
Զոհրաբյանը կարծում է, որ պետք է երկարացվի բողոքարկման ժամկետը, որովհետև եթե քվեարկած ու փակցված ընտրացուցակներում հայտնաբերելու են անճշտություններ, ապա Ընտրական օրենսգրքով ներկա սահմանված ժամկետը բավարար չի լինելու այդ բողոքարկման գործընթացը պատշաճ կազմակերպելու համար:
Այդուհանդերձ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ավելի քան վստահ է՝ նախաստորագրված փաստաթուղթը երաշխիքներ է ստեղծում, որ իշխանություններին չի հաջողվի նախորդ տարիների ընտրությունների սցենարով կես միլիոնից ավելի ձայն կեղծել:
«Հիմա նայեք, եթե դուք գրպանում միշտ ունեք կես միլիոնից ավել ձայն, որ կարող եք ցանկացած պահին մտցնել հաշվարկի մեջ, դա նշանակում է, որ իշխանությունը ընդհանրապես չի կարող փոխվի Հայաստանում ընտրությունների միջոցով։ Մենք, այս պահանջների կատարմամբ, ոչնչացնում ենք ընտրակեղծարարության այդ հնարավորությունը», - ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Այսօր Ազգային ժողովի «փակ քննարկմանը և համաձայնագրի նախաստորագրմանը» հրաժարվել է մասնակցել «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը՝ ֆեյսբուքյան իր էջում գրելով, թե «4+4+4 ձևաչափը վաղուց մեռել է»:
Ցուցակների հրապարակումն ու տեղամասերում տեսախցիկների տեղադրումը դրական համարելով՝ Իոաննիսյանը այդուհանդերձ նշել է, որ սպառվել է քաղհասարակության անունից բանակցելու մանդատը:
«Ազատության» հետ զրույցում Իոաննիսյանն ասաց նաև, որ հրաժարվում է բանակցել իշխանությունների հետ փակ ռեժիմում:
«Առհասարակ Ընտրական օրենսգրքում կան այնպիսի կարգավորումներ, որոնց պարագայում մենք ոչինչ չպետք է ստորագրենք՝ սահմանափակված են ընտրությունների դիտարկման հնարավորությունները՝ լրագրողների, վստահված անձանց, դիտորդների, և այնպիսի մի խայտառակ ընտրակարգ է ընտրված, որի պայմաններում առհասարակ, անգամ լավագույն կերպով իրականացված քվեարկության պարագայում, ընտրությունները հնարավոր չի լինի անվանել որակյալ», - ասաց Իոաննիսյանը։
Հարցին, թե կարելի՞ է ասել, որ իշխանությունները, այնուամենայնիվ, փոխզիջումների գնացին, Իոաննիսյանը պատասխանեց. - «Իշխանությունները ստիպված եղան գնալ փոխզիջումների, որովհետև բոլորին պարզ դարձավ, որ իշխանությունները տապալեցին այդ նախագրանցման համակարգը, տապալեցին ընտրողների՝ մատնահետքերով նույնականացումը, որը իրապես գոնե ընտրակեղծիքների ինչ-որ մի մասը կկանխարգելեր»։
Զուրաբյան հակադարձում է՝ պնդելով, որ ոչ թե փակ, այլ աշխատանքային գործընթաց է տեղի ունեցել: ՀԱԿ խմբակցության ղեկավարը լավատեսորեն է մոտենում փաստաթղթի նախաստորագրմանը՝ հավատալով, որ այն դրական շարժ կապահովի:
«Հիմա տեքստը կբացվի և քաղաքացիական հասարակությունը ինքը կկարողանա հրապարակավ հայտնել իր վերաբերմունքը այդ տեքստին։ Հաջորդ քայլն արդեն այդ համաձայնության իրականացումն է, դա պետք է դառնա օրենք», - ասաց Զուրաբյանը։