Մատչելիության հղումներ

Արարատ Խանդոյանը դադարեցրել է հացադուլը


Արխիվ - Ոստիկանական արգելապատնեշը Խորենացի փողոցում
Արխիվ - Ոստիկանական արգելապատնեշը Խորենացի փողոցում

Խորենացի փողոցում զանգվածային անկարգությունների մասնակցելու մեջ մեղադրվող Արարարտ Խանդոյանը դադարեցրել է սեպտեմբերի 6-ից սկսած հացադուլը: Այս մասին «Ազատությանը» տեղեկացրեց Խանդոյանի փաստաբան Արա Ղարագյոզյանը:

«Սասնա ծռեր» զինված խմբի անդամ, «Միայնակ Գայլ» անվամբ հայտնի Արայիկ Խանդոյանի եղբայրը հացադուլ է սկսել, պնդելով, որ ենթարկվում է քաղաքական հետապնդման։ Խանդոյանը պնդում է, որ իրեն ապօրինի անազատության մեջ պահող «քրեաօլիգարխ համակարգը» հաշվի չի առնում, որ պատերազմի մասնակից է և 12 անգամ ստացել է բեկորային և հրազենային վիրավորումներ, ինչի հետևանքով հեռացվել է նրա երիկամներից մեկը և փայծաղը։

Խանդոյանի առողջական վիճակը մտահոգում է ընտանիքի անդամներին. կնոջ՝ Սոնա Խանդոյանի խոսքով՝ հացադուլի ցանկացած լրացուցիչ օրը ճակատագրական հետևանքներ կարող էր ունենալ հաշմանդամության կարգ ունեցող իր ամուսնու առողջության համար։ Ասաց, որ փաստաբանի միջոցով այսօր հորդորել էին դադարեցնել հացադուլը:

Ծաղկահովիտ գյուղում բնակվող Խանդոյանի ընտանիքի անդամները կարծում են, որ Խորենացի փողոցից բերման ենթարկվածներից հատկապես Արարատ Խանդոյանին մեղադրանք առաջադրվեց Արայիկի եղբայրը լինելու պատճառով։

«Անհիմն պահում են իրեն այնտեղ, որպես Խանդոյան՝ պահում են», - պնդում է նա:

Ազատազրկված Խանդոյանի պաշտպանը բողոքարկել է նրա կալանավորման որոշումը և՛ առաջին ատյանի, և՛ վերաքննիչ դատարանում, վերջերս էլ դիմել է վճռաբեկ դատարան, հանդես է եկել նաև խափանման միջոցը փոխելու միջնորդություններով, բայց դատարանը դեմ է արտահայտվել գրավի դիմաց Խանդոյանին ազատ արձակելուն։

«Որևէ ձևի հակաօրինական վարքագիծ չի ցույց տվել, որ փախուստի կդիմի: Կարող էր գրավ կիրառել դատարանը, բոլոր երաշխիքները և հիմքերը կային», - ասում է Արա Ղարագյոզյանը:

Արարատ Խանդոյանը մեղադրվում է Քերական օրենսգրքի՝ զանգվածային անկարգությունների մասնակցելու հոդվածով, նրան սպասռնում է 3-8 տարվա ազատազրկում։ Փաստաբանի պնդում է, որ գործին կցված տեսանյութում Խանդոյանը բնավ էլ չի կատարում իրեն վերագրվող արարքները․ - «Տեսանյութը, որը հիմնականում մեղադրանքի հիմքում է դրված, այնտեղ տեսնում ես, որ Արարատ Խանդոյանը զուտ մասնակցում է հավաքի: Մեղադրվում է, որ իբր վահան է փորձել խլել, ոստիկանի է խփել․․․ որևէ տեսանյութ չկա, որ իմ պաշտպանյալը ոստիկանի է խփել կամ ինչ-որ մեկից վահան է խլել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG