Վարչապետի թեկնածու Կարեն Կարապետյանը ղեկավարման դրական որակներ ունի, «ձեռքերն էլ մաքուր են», բայց տնտեսության մեջ էական փոփոխություններ կատարելու հնարավորություն չի ունենա, կարծում է Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը, հավելելով՝ Կարապետյանի նշանակումն այլ հարց է լուծում:
«Ուզում են այդ անձի իմիջը օգտագործել իրենց վերարտադրության խնդիրը լուծելու համար», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ասատրյանը, - «Տնտեսությունը այնպիսի խնդիրների առաջ է կանգնած, որ մեկ անձը չի կարող հաղթահարել: Առնվազն՝ քաղաքական թիմ է պետք, որը մշակի մոտեցումներ և քայլեր կատարի: Ակնհայտ է, որ իշխող ուժը երբեք թիմ չի եղել, այնտեղ կա մի անձ, որը բոլորի տեղը ամեն ինչ որոշում է, այդ թվում նաև այս նշանակումը»:
Երեկ իշխող Հանրապետականը հաստատեց Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում: Միաձայն ընդունած որոշումից հետո նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց՝ առաջիկայում էական փոփոխություններ են լինելու, և «Կարապետյանը կկարողանա դառնալ փոփոխությունների յուրօրինակ սիմվոլը Հայաստանում»:
Տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանի կարծիքով՝ մակերեսային, փոքր խնդիրներ գուցեև լուծվեն, բայց էական առաջընթացի համար «վիրահատական» միջամտություն է պետք․ - «Ինչպե՞ս եք պատկերացնում, որ, ասենք, մոնոպոլիաները Հայաստանում ջախջախվեն: Այդ մոնոպոլիաներն ու պետությունը այնպիսի մետաստազներ են թողել տնտեսության մեջ, որ այդտեղ չեն կարող լինել թերապևտիկ լուծումներ: Պիտի լինեն վիրահատական՝ ուղղակի դանակով պիտի կրկնվի: Պիտի լինեն քրեական գործեր, ձերբակալություններ, ապօրինի ստացված գույքի, հարստության բռնագրավումներ, և այլն»:
Երեկ հրաժարական ներկայացրած վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ըստ տնտեսական մեկնաբանների, հետընթաց ապրող տնտեսություն է ժառանգում իր հաջորդին:
90-ականների կեսերին Կենտրոնական բանկը ղեկավարած Բագրատ Ասատրյանի կարծիքով, արդեն կառավարության ձևավորման ընթացքում՝ նոր նախարարների ընտրությունից, պարզ կլինի, թե որքան «հեռուն է գնալու» նոր վարչապետն իր բարեփոխումներում:
«Կոռուպցիայի, կաշառակերության սիմվոլներ կան էսօր կառավարության մեջ: Այդ անձանցից կհրաժարվի՞ կառավարությունը առաջիկայում, թե չէ», - պարզաբանում է Ասատրյանը, - «Ամեն դեպքում կցանկանայի, որ հաջողված լինի, իրատես լինի, տեսնի այն պրոբլեմները և փորձի իրական լուծումներ տա, ձևավորի այն թիմը, որը կաշկանդված չի լինի այն ճղճիմ, տգետ հարաբերություններով, մխրճված չլինեն այդ կոռուպցիայի մեջ»: