1999 թվականից 2000 թվականը վարչապետ աշխատած Արամ Սարգսյանը վստահ է՝ Կարեն Կարապետյանի նշանակումը վարչապետի պաշտոնում որևէ փոփոխություն չի բերելու:
Ավելին, Սարգսյանի համոզմամբ, նրա նշանակումը կատարվել է Հայաստանի սահմաններից դուրս՝ կոնկրետ նպատակներով:
Ընդդիմադիր «Հանրապետություն» կուսակցության ղեկավարը ընդգծում է՝ Կարեն Կարապետյանն ամենևին ժամանակավոր վարչապետ լինելու համար չէ, որ Մոսկվայից Երևան է տեղափոխվել:
«Ազատություն». - Պարոն Սարգսյան, ասում եք, որ Հայաստանում չի ընդունվել որոշումը։ Որտե՞ղ է ընդունվել։
Արամ Սարգսյան. - Միանշանակ Ռուսաստանում, դա ակնհայտ է։
«Ազատություն». - Ռուսաստանի իշխանությունների կողմի՞ց նկատի ունեք։
Արամ Սարգսյան. - Բնականաբար, կա հստակ մրցակցություն տարածաշրջանում։ Ակնհայտ է, որ ռուսական իշխանությունները թե՛ Ղարաբաղի հիմնահարցով Հայաստանի իշխանությունների պահվածքից դժգոհ են, թե՛ ներքաղաքական իրավիճակներով, և իրենց բազմաթիվ խոսնակները չեն թաքցնում և, այս առումով, իրենք տեսնում են, որ այստեղ իրենց ազդեցությունն օր-օրի կորցնում են։ Այս առումով իրենք ուզում են իրենց հնարավորությունը, իրենց ազդեցությունը մեծացնել։
«Ազատություն». - Պարոն Սարգսյան, հետևյալ հարցադրումն է առաջ գալիս. եթե նշանակումը Ռուսաստանի իշխանությունների կողմից է, ինչո՞վ Հովիկ Աբրահամյանը չէր բավարարում ռուսական կողմին, որ նրանք այսպիսի փոփոխության անհրաժեշտություն տեսան։
Արամ Սարգսյան. - Ինչո՞վ Սերժ Սարգսյանը չի բավարարում ռուսներին, որ ռուսները փորձում են այստեղ որոշակի տեղաշարժեր անել, չէ՞ որ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի բոլոր առաջարկներին այո է ասել, մի ոտ էլ առաջ էդ ամեն ինչը արել է, մի գիշերվա մեջ հրաժարվել է Ասոցացման համաձայնագրից, մտել է Եվրասիական միություն, բայց կան խնդիրներ, որոնց պարագայում գործող իշխանությունը հասկանում է, որ այդ քայլն անելով ինքն իր դեմ քայլ է անում։ Երկրորդ՝ կա իրավահաջորդի խնդիր. առջևում ընտրություններ են, և, այս առումով՝ մրցակցության առումով, կարծում եմ, որ Հովիկ Աբրահամյանն այն վստահությունը չուներ ռուսական իշխանությունների մեջ, ոչ էլ այն ազդեցությունը հետագայում իրենց հետ աշխատելու, որ նրա միջոցով աշխատեին, և իրենք ուզեցին ավելի վստահելի ֆիգուրա ունենան։
«Ազատություն». - Այսինքն, ռուսների կողմից պարտադրվա՞ծ է եղել այս որոշումը՝ Կարեն Կարապետյանի՝ վարչապետ նշանակվելու։
Արամ Սարգսյան. - Ես կարծում եմ, որ այո։ Ու դրա համար այն կարծիքին եմ, որ ինքը ոչ միայն պետք է համաձայնվեր, ինքը պետք է հակադրվեր դրան, որովհետև դա լուրջ փորձությունների է բերելու, թե իրեն... ցանկացած ռուսական ազդեցության մարդու ներկայությունը, կամ ուժեղացումը Հայաստանում տեսնում եմ շատ վտանգավոր։