Մատչելիության հղումներ

Վնասել են ընդդիմադիր ակտիվիստ Վահրամ Պետրոսյանի մեքենան


Սա միանշանակ նպատակ ունի այսօրվա երթը խափանելու, ասում է ակտիվիստը:

Հանրահավաքից ժամեր առաջ այս գիշեր վնասել են ընդդիմադիր ակտիվիստ Վահրամ Պետրոսյանի մեքենան։ Պետրոսյանն առաջնորդում է հավաքներին հաջորդող երթերը՝ շարժական բարձրախոսով երաժշտություն ապահովում, տեղափոխում հանրահավաքի պարագաները՝ պաստառ, դրոշ և այլն:

Շենքի բակում կայանված մեքենայի վրա երկու կողմից կարմիր ներկ է լցված, ծակված են անվադողերը։

«Միանշանակ սա իշխանությունների պատվիրած հերթական մանր խուլիգանությունն է, սա իրենց դիմագիծն է, որ ամեն անգամ արտահայտվում է, երևում է։ Եվ սա միանշանակ նպատակ ունի այսօրվա երթը խափանելու», - «Ազատության» հետ զրույցում ասաց Պետրոսյանը։

«Հիմնադիր խորհրդարան»-ի աջակից Վահրամ Պետրոսյանի մեքենան սրանից առաջ էլ Ճանապարհային ոստիկանության ուշադրության կենտրոնում էր, հանրահավաքներից հետո տարբեր պատճառաբանություններով մի քանի անգամ այն տեղափոխվել է տուգանային հրապարակ։

«Բնականաբար, և տան տեղը գիտեն, և մեքենան արդեն ճանաչում են, գիտեն, տասը օր ոստիկանությունում էր գտնվում, մի խոսքով, իրենք բոլոր մանրամասները գիտեին և գիշերն ուղղակի որոշել են վնասել՝ նման մանր քայլով փորձելով ինչ-որ խոչընդոտներ առաջացնել հանրահավաքի, երթի կազմակերպման համար», - ասաց ակտիվիստը։

Թեև շենքի բակում տեսախցիկ կա, բայց Վահրամ Պետրոսյանը մտադիր չէ դիմել ոստիկանություն հանցագործին հայտնաբերելու պահանջով՝ հիշեցնելով նախորդ դեպքերը, երբ հանրահավաքի գույքը տեղափոխող մյուս մեքենան վնասվել էր Նալբանդյան փողոցում՝ հենց Ազգային անվտանգության ծառայության շենքի առջև։

«Շուրջ մեկ ամիս է անցել, և որևէ տեղեկություն չկա ոստիկանությունից, և դրա համար, ես կարծում եմ, որ անիմաստ է դիմել այն ոստիկանությանը, որը զբաղված է ուղղակի գործերը կոծկելով և որևէ քայլ բացահայտման ուղղությամբ չի կատարում», - ասաց ակտիվիստը:

«Ոստիկանությունը հիմա գործիք է մեր դեմ ուղղված, այսինքն՝ փորձում են ոստիկանության միջոցով զսպել ընդդիմադիր բոլոր դրսևորումները», - հայտարարեց Պետրոսյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG