Մատչելիության հղումներ

Քննարկվել են հայ-լեհական ռազմատեխնիկական համագործակցության հարցեր


Լեհաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարության հրավերով ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-ՊՆ Ռազմարդյունաբերական կոմիտեի պետ Դավիթ Փախչանյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Լեհաստանի Կիելցե քաղաքում անցկացվող ռազմարդյունաբերական 24-րդ միջազգային ցուցահանդեսին (MSPO):

ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն, այցի ընթացքում Դավիթ Փախչանյանը հանդիպում է ունեցել Լեհաստանի ազգային պաշտպանության նախարարի տեղակալ Բարտոշ Կովնացկու հետ: Հանդիպմանը երկու երկրների պաշտպանության փոխնախարարները քննարկել են հայ-լեհական ռազմատեխնիկական համագործակցության հարցեր, անդրադարձել են «Լյուբավա-Արմենիա» հայ-լեհական համատեղ ռազմարդյունաբերական ձեռնարկության գործունեությանը՝ այն դիտարկելով որպես դրական օրինակ հայ-լեհական ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում: Կողմերը շեշտել են, որ «Լյուբավա-Արմենիա» ձեռնարկության գործունեությունը կարող է դառնալ նախադեպ լեհական այլ ընկերությունների հետ համագործակցության համար:

Դավիթ Փախչանյանը վերահաստատել է այս տարի Երևանում առաջին անգամ անցկացվելիք «ArmHiTec-2016» ռազմարդյունաբերական ցուցահանդեսին ներկա գտնվելու համար ՀՀ պաշտպանության նախարարության հրավերը՝ ակնկալելով լեհական կողմի ակտիվ մասնակցությունը:

Այցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-ՊՆ Ռազմարդյունաբերական կոմիտեի պետ Դավիթ Փախչանյանը հանդիպումներ է ունեցել նաև Լեհաստանի ազգային պաշտպանության նախարարության արդյունաբերական պալատի նախագահ Սլավոմիր Կուլակովսկու, «Լյուբավա» ընկերության գլխավոր տնօրեն Մարցին Կուբիցայի և «Լյուբավա-Արմենիա» ընկերության տնօրեն Յարոսլավ Զուխի հետ: Հանդիպումներում քննարկվել է համատեղ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG