Հայանիստցի (Արարատի մարզ) Գուրգեն Մարտիրոսյանի ձկնաբուծարանը արդեն կես տարի է՝ դատարկ է։ Ձկնաբույծի միակ ցանկությունը տնտեսությունն օր առաջ վաճառելն է։
Բիզնեսը ոչ միայն շահույթ չբերեց, այլ նաև վարկերի և տոկոսների տակ ընկնելու պատճառ դարձավ։
«Ժամանակին ընտանիք էր կերակրում էս տնտեսությունը, էդպես կամաց-կամաց կերը թանկացավ, ջուրը թանկացավ, ու ըտենց էսօր մի հատիկ էլ ա ձուկ չունեմ», - պատմում է նա:
Տնտեսական լուրջ խնդրի առաջ կանգնած Մարտիրոսյանն ասում է՝ իր պես շատերն են նման իրավիճակի առաջ կանգնել։ Դժգոհում է՝ պետության քաղաքականությունը ոլորտում հանգեցնում է փոքր ու միջին ձեռնարկությունների վերացմանը և մեծերի էլ ավելի խոշորացմանը։
«Չկա պետական աջակցություն, ոչ մի բան․․․ էդ մաքսային միություն ասածն ուրախացանք, ասացինք՝ երևի կարտահանվի մեծ շուկա, բայց սաղ էլ միֆ դուրս եկավ», - ասում է Գուրգեն Մարտիրոսյանը:
Ձկնաբույծը մոնոպոլիա է տեսնում թե՛ կերի ներկրման, թե՛ ձկան արտահանման և թե՛ տեղում իրացման հարցերում։
«Մարդիկ կան, դե օլիգարխներ կան, չգիտեմ, ես անուններ չեմ ուզում ասեմ․․․ բարձր պաշտոնյաներ կան՝ նրանք կարողանում են անել, հիմա ես ո՞վ եմ, սովորական մարդ, որ կարողանամ անել», - ասում է նա:
Եվրասիական տնտեսական միության հետ կապված սպասումները իրականություն չեն դարձել նաև «Հայ ձկնարտադրողների և ձկնարտահանողների միասնություն» հասարակական կազմակերպության նախագահ Արթուր Աթոյանի ուսումնասիրություններում։ Ասում է՝ Միությունը ոչ մի օգուտ չի տվել Հայաստանի ձկնաբուծությանը։ Ավելին՝ ԵՏՄ-ից ներկրված կերը թանկ է, ԵՏՄ շուկայում ձկան գինը՝ էժան։ Արդյունքում, ըստ ՀԿ-ի տվյալների, վերջին երեք տարիներին լուծարվել է մոտ 70 տնտեսություն։
«Արտադրության ծավալները նվազել են, սակայն պաշտոնական տվյալներով աճ է գրանցված։ Դա կամ կեղծ ցուցանիշներ են, կամ մենաշնորհացման գործընթաց է գնում ոլորտում, երբ փոքրերը կուլ են գնում մեծերին», - ասում է Աթոյանը:
Մինչդեռ բոլորովին հակառակ պատկերն է ներկայացնում գյուղատնտեսության նախարարությունը։ Ձկնաբուծության և մեղվաբուծության բաժնի պետ Տիգրան Ալեքսանյանն ասում է՝ 2015-2016 թվականներին 10-15 տնտեսություններ են փակվել, սակայն զուգահեռ նորերն են ստեղծվել և արտադրության ծավալներն աճել են։
Ըստ պաշտոնյայի՝ եթե նախկինում ԵՏՄ երկրներ արտահանման իրավունք ուներ շուրջ 29 ընկերություն, ապա այսօր արդեն շուրջ յոթանասունն ունի ձուկ և ձկնամթերք արտահանելու թույլտվություն։
«Բոլորի համար նույն պայմաններն են, բոլորը աշխատում են, մենք էլ աշխատում ենք բոլոր ձկնաբուծարանների հետ», - ասում է Ալեքսանյանը: