Այսօր տեղի են ունեցել Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի, այնուհետև խորհրդի նիստեր:
«ՀՀԿ-ն որոշում է կայացրել նոր կառավարությամբ գնալ դեպի խորհրդարանական ընտրություններ», - ՀՀԿ ԳՄ և խորհրդի նիստերից հետո հայտարարեց կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Աշոտյանը նշեց, որ շնորհակալություն են հայտնել Հովիկ Աբրահամյանին իրականացված փոփոխությունների, գործունեության համար՝ հավելելով, որ ՀՀԿ-ն մնում է մեծ օրգանիզմ, որտեղ աշխատելու ցանկության պարագայում աշխատելու համար միշտ կա համապատասխան դաշտ: Նա վստահեցրեց, որ Հովիկ Աբրահամյանը կշարունակի քաղաքական գործունեությունը Հանրապետական կուսակցության կազմում:
«Հաշվի առնելով Կարե Կարապետյանի գործունեությունը, ինչպես տեղական ինքնակառավարման համակարգում, այնպես էլ իր կողմից տնտեսական խնդիրներին, էներգետիկ բնագավառին, քաղաքի կոմունալ խնդիրներին և այլ ոլորտներին քաջատեղյակ լինելը, հաշվի առնելով իր կառավարչական հմտությունները, բնավորության մի շարք գծերը, որոնք թույլ կտան առաջնորդել փոփոխությունները Հայաստանի կառավարման բնագավառում, ՀՀԿ-ն տվել է վստահության մանդատը Կարեն Կարապետյանին և Սահմանադրությամբ նախատեսված ժամկետներում ձևավորվելու է կառավարություն»:
«Այս հարցում գեոպոլիտիկա մի փնտրեք, փնտրեք պոլիտիկա՝ բառի լավ իմաստով», - ասաց Արմեն Աշոտյանը:
Պատասխանելով հարցին, թե ինչու որոշեցին հենց այս ժամանակահատվածում նոր վարչապետ նշանակել, Արմեն Աշոտյանն ասաց, որ դա պայմանավորված էր «հասարակական-քաղաքական զարգացման համատեքստում մինչև խորհրդարանական ընտրություններին հասնելը երկրում փոփոխությունների նոր փուլ, նոր ձևաչափ, նոր կառավարման մշակույթ ներդնելու անհրաժեշտությամբ»:
Անդրադառնալով կառավարության ձևավորման վերաբերյալ հարցին՝ Աշոտյանը նշեց, որ անվանական հարց չի քննարկվել․ - «Չի քննարկվել կաբինետի պորտֆելների բաշխման հարցը: Ակնհայտ է, որ կաբինետը ձևավորվելու է կոալիցիոն հուշագրի համատեքստում: Այսօրվա նիստում այդ հարցին չենք անդրադարձել»: