Մատչելիության հղումներ

Ազատ գետի համար պայքարող Արուսյակ Այվազյանն առաջադրվել է ՏԻՄ ընտրություններում


Արուսյակ Այվազյան
Արուսյակ Այվազյան

Ազատ գետի համար պայքար մղող գառնեցի ակտիվիստ Արուսյակ Այվազյանը գյուղապետի պաշտոնում է առաջադրվել և որոշել է քաղաքացիական պայքարը քաղաքականով փոխարինել։ Արուսյակ Այվազյանը հայտնի դարձավ Քաղցրաշենի ոռոգման ծրագրի դեմ պայքարի ընթացքում, որով նախատեսվում էր Ազատ գետի հաշվին ոռոգելի դարձնել Արտաշատի 12 գյուղերը։ Ծրագրի դեմ բողոքող գյուղացիները պարբերաբար փակում էին տուրիստական նշանակություն ունեցող ճանապարհը: Արուսյակ Այվազյանը հիշում է, թե ինչպես մարզպետին ու վարչապետին թույլ տվեցին արգելապատնեշից այն կողմ անցնել միայն այն բանից հետո, երբ խոստացան չեղարկել ծրագիրը։

Ակտիվիստը ոգևորությամբ է հիշում, ինչպես էին օր ու գիշեր հերթապահում՝ համոզված լինելով, որ իրենց պահանջն արդար է։ Նրա խոսքով, պարզապես չէին ուզում թույլ տալ, որ գետը խողովակների վերածեն ու առանց այն էլ սակավաջուր Ազատը ցամաքի:

«Բոլորի զայրույթը գագաթնակետին հասավ, որ հենց այդ օրերին մեր զինվորները պայքարում էի հայրենիքի համար, վտանգված էր հայրենիքը, Ադրբեջանի դեմ պայքար էին մղում: Այդ օրերին տեխնիկան մտցրեցին ձորը: Սոված մնում էին այնտեղ, մենակ ասում էին՝ կարողանանք փրկել մեր հայրենիքի այս գեղատեսիլ մասունքը: Մարդիկ իրենց տներից բերում էին ամեն ինչ: Նույնիսկ ասում էին՝ լրագրողները մեղք են, բերենք որ սոված չմնան այդ մարդիկ», - պատմեց ակտիվիստը:

Արուսյակ Այվազյանը գյուղում իր դեղատունն ունի ու օրվա մեծ մասը հենց այստեղ է անցկացնում։ Ասում է, որ թե՛ պայքարի օրերին, ու թե՛ հիմա հաճախ են գալիս ու հորդորում իշխանությունների դեմ չպայքարել՝ ակնարկելով, թե տարիների աշխատանքից կարող է զրկվել։

«Դեռ անցյալ տարի եկել են ստուգումներ են արել, ոչինչ սխալ բան չեն հայտնաբերել: Գոհ հեռացել են: Մենք էլ ենք գոհ, թող ինչքան ուզում են ստուգեն: Ես ազնիվ եմ աշխատում, իհարկե հարկերը բարձր են, չի կարելի այդպիսի հարկեր դնել հայրենիքում: Բնակիչների բիզնեսը վնասվում է, փոխանակ խթանվի» ,- «Ազատության» հետ զրույցում ասաց Այվազյանը:

Համայնքապետի ընտրությունները Գառնիում հոկտեմբերի 2-ին են: Առաջադրված թեկնածուներն էլ չորսն են, այդ թվում՝ գործող գյուղապետ, նախկին ԲՀԿ-ական Աշոտ Վարդանյանը։ Գառնիում թեկնածու են առաջադրել նաև իշխող Հանրապետականն ու Դաշնակցությունը։ Անկուսակցական Արուսյակ Այվազյանը պնդում է՝ վերջին տարիների ընթացքում գյուղում խնդիրներն ավելացել են, ղեկավարողներն էլ միայն իրենց մասին են մտածում։ Ինքը պատրաստ է իր վրա ծանր բեռ վերցնել։ Ընտրվելու դեպքում կին թեկնածուն պատրաստվում է տեղի հիվանդանոցը նորոգել, նաև խմելու ջրի խնդիրը լուծել․ - «Բնակիչներն արդեն սկսեցին ինձ հետ հույսեր կապել»:

Մասնագիտությամբ դեղագետ Արուսյակը երբեմն նաև ստեղծագործում է։ Մի գիրք՝ «Մտորումներ կյանքիս ճանապարհին»-ն արդեն հրատարակել է։ Վերջին շրջանում Արուսյակ Այվազյանի բանաստեղծությունները նաև քաղաքական են։

«Քանի տարի է արդեն մեր երկրում,

Ընտրություններ են իբր անցկացվում:

Մարդկանց ձայներն են դրամով գնվում

Ու մի տաքուկ տեղ Խորհրդարանում:

Ես էլ գրում եմ պարապ խոսքերն իմ

Ընտրությունների հենց նախաշեմին,

Քանզի ես չունեմ գումար բավարար,

Որ ձայն հավաքեմ ընտրության համար:

Ձայների համար պայքարէ մղվում

Շատ վճարողն է շատ ձայն հավաքում

Խելքը մնում է հետին պլանում

Այդ մասին խոսքը ծիծաղ է շարժում․․․»

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG