Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանն առայժմ չի մեկնաբանում վարչապետի պաշտոնում իր հնարավոր նշանակման լուրերը: Այսօր «Ազատության» հետ զրույցում նա նշեց, թե խիստ զբաղված է․ - «Ինձ համար հիմա հարմար չէ, կներեք, ես հանդիպման եմ: Մենք հետո կխոսենք»:
Փոխարենըկառավարության մասն կազմող Դաշնակցություն խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը վստահ է՝ 99 տոկոսով վարչապետ կնշանակվի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը, ով աչքի է ընկնում ժամանակակից մտածողությամբ :
«Արդեն 99.9 տոկոսով նշանակվելիք նոր վարչապետին՝ պարոն Կարապետյանին մենք գիտենք իբրև եռանդուն, ժամանակակից մտածողությամբ, բարդ խնդիրներ առաջադրելու, ձևակերպելու և լուծելու ընդունակ և լավ կազմակերպիչ՝ իր նախորդ աշխատանքային փորձառությամբ։ Հուսով ենք, որ նա՝ նոր վարչապետը, կկարողանա է՛լ ավելի համախմբել և կառավարության արդյունավետությանը նոր որակ հաղորդել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Աղվան Վարդանյանը։
Իշխող Հանրապետական պատգամավոր, ԱԺ սոցիալական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը նույնպես պնդում է՝ հասարակությունը դրական է վերաբերում Կարեն Կարապետյանին: Այդ համոզմանը նա եկել է բավական յուրօրինակ վայրում անցկացրած հարցումների միջոցով:
«Ես Կարեն Կարապետյանի անձին իմ գնահատականը չեմ ասի, ես կասեմ հասարակության գնահատականը, որ ինքս եմ ստուգել՝ դրական է»։
Ճշտող հարցին, թե ե՞րբ է ստուգել և ի՞նչ միջոցով, Հակոբյանը պատասխանեց. - «Երեկ ես գտնվում էի պանիխիդայում և մարդկանց ուղղակի շատ պարզ հարցեր ես էի տալիս և իրենք էին ինձ հարցեր տալիս՝ ստուգելու համար, այն, ինչ-որ դուք եք ուզում ստուգել։ Եվ ասեցի՝ դրական էր ու վերջ»։
Դիտարկմանը, թե Կարեն Կարապետյանը Հանրապետական չէ, ՀՀԿ պատգամավորը փորձեց բացատրել․ - «Նման հարցադրում չպետք է լինի, ասեմ՝ ինչու, որովհետև Հանրապետականը նրա համար չէ, որ Հանրապետականը միշտ Հանրապետական լինի, Հանրապետականը որպես իշխող կուսակցություն ունի ավելի կարևոր խնդիրներ, քան Հանրապետականը»:
Ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, մինչդեռ, պնդում է՝ Կարեն Կարապետյանին վարչապետ նշանակելու որոշումը կայացվել է Հայաստանի սահմաններից դուրս:
«Կարծում եմ, որ այդ որոշումը կայացվել է արտասահմանում, օտար պետությունում և այն անձը, ով պետք է նշանակվի, շրջանառության մեջ է նրա անունը, Կարեն Կարապետյանի մասին է խոսքը, դա Ռուսաստանի Դաշնության կողմից նշանակված անձ է, և հավանաբար այնտեղ է կայացվել որոշումը: Նա ռուսական պետության պաշտոնատար անձ է մինչև այս վերջերս հանդիսացել: «Գազպրոմ»-ը դա Ռուսաստանի սեփականությունն է, և նա փաստորեն Ռուսաստանի Դաշնության պետական պաշտոնյա է», - ասաց Զարուհի Փոստանջյանը:
ԱնդրադառնալովՀովիկ Աբրահամյանի հրաժարականի պատճառներին, Դաշնակցություն խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյան ընդգծում է ՝ անհրաժեշտ են նոր մոտեցումներ նոր որակ:
«Իսկապես ժամանակը կարճ է, բայց կլինեն այնպիսի փոփոխություններ, որոնք առնվազն դրական ակնկալիքներ, դրական սպասումներ կառաջացնեն, և, որ շատ կարևոր է, հասարակության մեջ համախմբվելու առիթ կդառնան», - ասաց Վարդանյանը՝ շարունակելով․ - «Բնականաբար, համակարգային փոփոխություններ են տեղի ունենալու։ Համակարգային փոփոխություններն արդեն իսկ դրված են հիմքում, բնականաբար, լինելու են նոր խաղի կանոններ։ Տեսեք՝ ինչն է խնդիրը. նոր խաղի կանոնների հայտարարումը տեղի ունեցել է, բայց դրանք քանի որ հապաղել են և անմիջական քայլեր չեն կատարվել, մենք միշտ մոռանում ենք, թե ինչ է հայտարարվել, կամ ինչ նպատակներ են արձանագրվել, նպատակներն արձանագրված են»։
«Հիմա փոխվել է իրավիճակը, հիմա փոխվել են արտաքին դաշտում մեր խնդիրները, այսինքն ՝շատ ավելի բարդացել են։ Գիտեք, կա ղարաբաղյան խնդիր, ներքին կյանքում մենք հասել ենք մի սահմանի, որ առանց հասարակության աջակցության, հասարակության վստահության, տնտեսական, սոցիալական կյանքում փոփոխությունների, արդարության տարրերի հաստատման ուղղակի հնարավոր չէ շարունակել, և ես կարծում եմ, որ կա այդ գիտակցությունը՝ գնալ որակական փոփոխությունների։ Մեզ անհրաժեշտ է նոր որակի իշխանություն, որի առաջին քայլերը, կարծում եմ, սկսում ենք անել»։
Հանրապետական Հակոբ Հակոբյանը չի թաքցնում՝ ՊՊԾ գնդում զինված գործողություններըարագացրեց կառավարության փոփոխությունը․ - «ՊՊԾ գնդի հետ կապված «Սասնա ծռեր»-ի գործունեությունը արագացրեց այս ամեն ինչը, կարծում եմ, իմ տրամաբանությունն եմ սա ասում, որովհետև եթե չլիներ, եթե չլիներ նման գործողություն, միգուցե մենք սրան գայինք 3-4 տարի հետո։ Սա ուղղակի բաց արտահայտեց այն կարծիքը, որ հասարակության մեջ կուտակվել են երևույթներ, որոնք ազգային համաձայնության խնդիր ունեն»։
Ի պատասխան մեր հարցին, թե որքանո՞վ է հնարավոր է, որ առաջիկայում «ազգային համաձայնության կառավարություն» ձևավորվի, դաշնակցական Աղավն Վարդանյանն ասաց, թե այպիսի կառավարություն իրապես կարող է ձևավորվել հաջորդ խորհրդական ընտրություններից հետո, երբ ամենայն հավանականությամբ չի լինի բացարձակ մեծամասնություն ունեցող որևէ քաղաքական ուժ: Ամեն դեպքում Կարեն Կարապետյանի ղեկավարելիք նոր կառավարությունում դաշնակցականները իրենց պորտֆելները կպահպանեն: