Մատչելիության հղումներ

Աղվան Վարդանյան. Նոր վարչապետը 99 տոկոսով կլինի Կարեն Կարապետյանը


Դաշնակցություն խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի խոսքով, նոր վարչապետը 99 տոկոսով կլինի Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը։

Կարեն Կարապետյան, արխիվ
Կարեն Կարապետյան, արխիվ

«Արդեն 99.9 տոկոսով նշանակվելիք նոր վարչապետին՝ պարոն Կարապետյանին մենք գիտենք իբրև եռանդուն, ժամանակակից մտածողությամբ, բարդ խնդիրներ առաջադրելու, ձևակերպելու և լուծելու ընդունակ և լավ կազմակերպիչ՝ իր նախորդ աշխատանքային փորձառությամբ։ Հուսով ենք, որ նա՝ նոր վարչապետը, կկարողանա է՛լ ավելի համախմբել և կառավարության արդյունավետությանը նոր որակ հաղորդել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Աղվան Վարդանյանը։

Նա նաև նշեց, որ նոր կառավարությունում Դաշնակցությունը կպահպանի իր նախարարական տեղերը այն չափով, ինչ չափով որ ներկայացված էր լիազորությունները վայր դնող կառավարությունում։

Անդրադառնալով Հովիկ Աբրահամյանի հրաժարականի պատճառներին, Դաշնակցություն խմբակցության քարտուղարն ընդգծեց՝ անհրաժեշտ են նոր մոտեցումներ, նոր որակ։

«Ազատություն». - Պարոն Վարդանյան, այդ ի՞նչ փոփոխություն է տեղի ունենալու, այդ ի՞նչ նոր մոտեցումներ են ի հայտ գալու, որոնք Հովիկ Աբրահամյանի ղեկավարած կառավարությունը, նաև դուք [Դաշնակցությունը], ի զորու չեք իրականացրել, և այս կարճաժամկետ հատվածում ինչ-որ բեկում պետք է մտցնել։

Աղվան Վարդանյան. - Իսկապես ժամանակը կարճ է, բայց կլինեն այնպիսի փոփոխություններ, որոնք առնվազն դրական ակնկալիքներ, դրական սպասումներ կառաջացնեն, և, որ շատ կարևոր է, հասարակության մեջ համախմբվելու առիթ կդառնան։

«Ազատություն». - Միայն կադրե՞րն են փոխվելու, թե՞ նաև համակարգային ինչ-որ փոփոխություններ կլինեն։

Աղվան Վարդանյան. - Բնականաբար, համակարգային փոփոխություններ են տեղի ունենալու։ Համակարգային փոփոխություններն արդեն իսկ դրված են հիմքում, բնականաբար, լինելու են նոր խաղի կանոններ։ Տեսեք՝ ինչն է խնդիրը. նոր խաղի կանոնների հայտարարումը տեղի ունեցել է, բայց դրանք քանի որ հապաղել են և անմիջական քայլեր չեն կատարվել, մենք միշտ մոռանում ենք, թե ինչ է հայտարարվել, կամ ինչ նպատակներ են արձանագրվել, նպատակներն արձանագրված են։

«Ազատություն». - Հիմա ի՞նչ է փոխվել, որ նոր խաղի կանոնները պետք է գործեն։

Աղվան Վարդանյան. - Հիմա փոխվել է իրավիճակը, հիմա փոխվել են արտաքին դաշտում մեր խնդիրները, այսինքն ՝շատ ավելի բարդացել են։ Գիտեք, կա ղարաբաղյան խնդիր, ներքին կյանքում մենք հասել ենք մի սահմանի, որ առանց հասարակության աջակցության, հասարակության վստահության, տնտեսական, սոցիալական կյանքում փոփոխությունների, արդարության տարրերի հաստատման ուղղակի հնարավոր չէ շարունակել, և ես կարծում եմ, որ կա այդ գիտակցությունը՝ գնալ որակական փոփոխությունների։ Մեզ անհրաժեշտ է նոր որակի իշխանություն, որի առաջին քայլերը, կարծում եմ, սկսում ենք անել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG