Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) կարծում է, որ տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունները լավ փորձաքար են ընդդիմադիր դաշտի համար գարնանը կայանալիք Ազգային ժողովի ընտրություններից առաջ։
«Այս ընտրությունները՝ հատկապես Գյումրիում և Վանաձորում, մեկնարկ են, ստարտ են, փորձություն են, ռեյտինգ են համապետական ընտրություններից առաջ։ Այդ առումով է, որ կարևորում ենք մասնակցությունը, ուժեր ենք ներդնում՝ բարձր ձայներ հավաքելու։ Սա նախաընտրությունն է խորհրդարանական ընտրությունների», - «Ազատության» հետ զրույցում ասաց ՀԱԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը։
Ընդդիմադիր կուսակցությունը մասնակցում է Վանաձորի, Գյումրիի և մի քանի այլ համայնքների ՏԻՄ ընտրություններին: Ըստ Մանուկյանի, հոկտեմբերի 2-ին կայանալիք ընտրություններում փորձելու են առավելագույն ձայներ հավաքել: Նրա կարծիքով՝ նպաստավոր պայմաններ են ստեղծվել, «քանի որ հասարակության մեջ ընդդիմադիր կեցվածքը գերիշխող է»:
«Նպաստավոր պայմանները հետևյալն են՝ իշխանությունը թույլ է, ամենալուրջ քաղաքական ուժը, որը կարող է հայտ ներկայացնել իշխանափոխության և ներկայացնել այլընտրանքային ծրագրեր, ես համարում եմ, որ Հայ ազգային կոնգրեսն է, գումարած մարդկային ռեսուրսը՝ ոչ մի կուսակցություն չունի այնքան նվիրյալներից [կազմված] մարդկային ռեսուրս, որքան մենք ունենք, ոչ մեկ չունի այնքան փորձառություն այս աշխատանքները կազմակերպելու, նաև ընտրական պրոցեսներ կազմակերպելու, որքան ՀԱԿ-ն ունի», - ասաց Մանուկյանը։
Ըստ ՀԱԿ ներկայացուցչի, թեժ ընտրապայքար է սպասվում, բայց իրենց համար քննադատության միակ թիրախը իշխանությունն է: «Անգամ եթե լինեն քաղաքական ուժեր, որոնք սկսեն մեզ քննադատել, թիրախներ դարձնել, ինչը իշխանական ծրագիր է, որովհետև այլ քաղաքական ուժեր իրավունք չունեն իրար քննադատելու, մենք չենք գնա էդ խայծն ուտելու, և մեր միակ թիրախը կպահենք իշխանությանը, որովհետև մենք այլընտրանք ենք իշխանությանը, ոչ թե այլ քաղաքական ուժերի», - ասաց ընդդիմադիր գործիչը։
Վանաձորի գործող քաղաքապետ, հանրապետական Սամվել Դարբինյանը, ով 17 տարի շարունակ քաղաքապետի պաշտոնում է եղել, խաղաղության կոչ արեց բոլորին և ցանկություն հայտնեց, որ ապագա քաղաքապետը «ժողովրդական» մարդ լինի: «Գիտեք, ընտրությունները մեկ ամիս է, դրանից հետո կյանքը շարունակվում է։ Ես իմ ամբողջ էս ընտրական փորձում որևէ մեկին չեմ վատաբանել և դա ամենաճիշտն եմ համարում։ Ես կուզեմ, որ ով էլ ընտրվի՝ ժողովրդական լինի և ժողովրդի դարդ ու ցավին տեր կանգնի», - ասաց Դարբինյանը։
Քաղաքապետը խորհուրդ տվեց ընդդիմադիր ուժերին իշխանությանը քննադատելու փոխարեն կատարած գործերի մասին խոսել: «Բոլորն իշխանություններին ինչ-որ բան ասում են, իրանք էլ ոչ մի արած չունեն։ Մարդը պետք է արած ունենա և իր արածների մասին խոսի, ոչ թե անընդհատ ինչ-որ մեկին քննադատի», - հայտարարեց Դարբինյանը։
Սեպտեմբերի 9-ից Վանաձորում մեկնարկում է ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը: Վանաձորում ընտրապայքարի մեջ կմտնեն ութ կուսակցություններ: Իշխող Հանրապետական կուսակցության ցուցակը գլխավորում է Մամիկոն Ասլանյանը, ՀԱԿ-ինը՝ Ռուբեն Ոսկանյանը, «Լուսավոր Հայաստան»-ի ցուցակում առաջինը Քրիստ Մարուքյանն է, «Բարգավաճ Հայաստան»-ի առաջին համար՝ը Այծեմնիկ Օհանյանը, «Հայկական վերածնունդ»-ինը՝ Արկադի Փելեշյանը, Դաշնակցությանը՝ Նելսոն Մամուլյանը, իսկ «Համախմբում» կուսակցության առաջին համարը Վահան Ղույումչյանն է: