Մատչելիության հղումներ

Սարի թաղում բախումներից հետո կալանավորված քաղաքացին չի կարողանում հանդիպել փաստաբանին


Բախում ոստիկանների ու Սարի թաղի բնակիչների միջև, 19-ը հուլիսի, 2016
Բախում ոստիկանների ու Սարի թաղի բնակիչների միջև, 19-ը հուլիսի, 2016

Հուլիսի 19-ին Սարի թաղում ոստիկանության հետ բախումներից հետո ձերբակալված Էդուարդ Զեյթունյանի կինը պնդում է՝ ամուսնուն քրեակատարողական հիմնարկում պատշաճ բուժօգնություն ցույց չեն տալիս, արգելում են հանդիպել փաստաբանի հետ, իր ցուցմունքն էլ կեղծել են։

«Իրենք ինձ չեն բացատրում, որ ես ունեմ իրավունք ցուցմունք չտամ իմ ամուսնու դեմ: Իրենք մեղադրականի մեջ կարդում են, թե ես ժամ եմ նշել, թե ես ասել եմ՝ ում հետ է կոնկրետ դուրս եկել, անուններ եմ տվել, թե տեսել եմ, որ մարդիկ ոնց են քարով խփում, բայց ես նման բան չեմ ասել: Իմ հետ եղել են ընթերականեր, որ ես ասել եմ, որ չեմ ճանաչում ոչ մեկին», - «Ազատության» հետ զրույցում ասաց Զեյթունյանի կինը:

Քննչական կոմիտեից պարզաբանում ստանալ դեռևս չի հաջողվել։ Զեյթունյանին ու ևս 5 քաղաքացու առաջադրվել է մեղադրանք՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու համար։ Կնոջ՝ Լալա Բերնեցյանի հավաստմամբ, ամուսինը մեղավոր չէ։ Սկզբում նրա վրա են հարձակվել, ինքը փորձել է պաշտպանվել։

«Փաստորեն էն հատվածն են նայում, որ արդեն ինքը ծեծվել է: Նկարել են էդ հատվածը, որ ինքը ձեռք է ուզում բարձրացնի ոստիկանի վրա: Նախնական շրջանում կանգնած է եղել, չի խփել, չի հայհոյել, ոչ մի բան չի արել: Էդ հենց ապացույց է: Իրենք գործը վերցրել վերջից են քննում, բայց մինչև էդ չեն ասում՝ ինչ է կատարվել․ դու երևի խելագա՞ր էիր, գնացիր հենց ոստիկան էիր ուզում ծեծել», - նշեց կալանավորվածի կինը:

Նա պնդում է, որ Էդուարդը սրտի անբավարարություն ունի, բայց ՔԿՀ-ում այդ փաստն անտեսում են․ - «Սիրտն է վատանում, տանում են ճնշման դեղ են տալիս, ճնշումն է ցածր, տանում են էպիլեպսիկի դեղ են տալիս: Պատշաճ բժշկական հետազոտություն չի էլ անցկացվել»:

Լալա Բերնեցյանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ։ Մասնագետներն այցելել են Էդուարդին։ «Ազատության» հետ զրույցում ՄԻՊ մամուլի քարտուղար Զոհրաբ Եգանյանը պարզաբանեց․ - «Առանձնազրույցում նա այդ տեղեկությունները շարունակել է պնդել, և մենք անմիջապես սկսել ենք գրագրություն վարել համապատասխան մարմինների հետ: Դեպքը մեր ուշադրության կենտրոնում է պահվելու: Ընթացքի մասին լրացուցիչ կտեղեկացնենք»:

Հանրային պաշտպանից հրաժարված Զեյթունյանի հաջորդ փաստաբանն ինքն է հրաժարվել՝ անձնական պատճառներով։ Դրանից հետո պաշտպանությունը ստանձնել է Լիպարիտ Սիմոնյանը՝ անվճար հիմունքով։ Ասում է՝ նախ ինքն էլ է սարիթաղցի, բացի այդ՝ մամուլից տեղեկացել է, որ ընտանիքը միջոցներ չունի։ Սեպտեմբերի 2-ից Զեյթունյանի պաշտպանությունը ստանձնած Սիմոնյանին, սակայն, մինչև հիմա պաշտպանյալի հետ հանդիպել չի հաջողվել։ Դատարանից համապատասխան փաստաթուղթ չեն տրամադրել։

«Նրանք ինձ հայտնեցին, որ քանի դեռ դատարանում չի հայտարարել Էդուարդը, որ ես լինեմ պաշտպանը, հետևապես նրանք էս պայմաններում իրավասու չեն ինձ տրամադրել այդ գրությունը», - ասաց փաստաբանը:

Զեյթունյանը հինգհոգանոց ընտանիքի միակ աշխատողն էր։ Աղջկան՝ Անուշիկին, այս տարի առաջին դասարան են ճանապարհել հարևանների օգնությամբ։ 7-ամյա աղջիկը շարունակ պատմում է դատարանում իրավապահից լսածն ու ազատության մեջ եղած ժամանակ հոր հետ վերջին հանդիպումը։

«Էնտեղ մի հատ տատիկ կար, գնացի, ասեցի՝ կարելի՞ է գնամ պապայի մոտ, ասեց՝ հա: Գնացի պապայի մոտ, հետո սարոչկով տղեն պապային ասեց՝ մեղքս չես գալիս: Եկանք, կերա, խմեցի, գնացի պառկեցի, քնեցի: Հետո առավոտը ասեցի Լուսինեին՝ պապան ո՞ւր ա, ասեց՝ բերդում ա», - պատմեց Էդուրադ Զեյթունյանի դուստրը:

Նախկինում Աբխազիայում ապրող ընտանիքը Հայաստան էր եկել տղայի՝ Էրիկի շիրմաքարը տեղադրելու համար։ Տղան 2013-ին ավտովթարից է մահացել։ Լալան ասում է՝ ամուսնուն արդարացնելու դեպքում կհեռանան Հայաստանից։ Զեյթունյանին առաջադրված մեղադրանքը նախատեսում է պատիժ՝ 5-10 տարի ազատազրկմամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG