Մատչելիության հղումներ

«Թրանսփարենսի ինթերնեյշնըլ»-ը Հայաստանում կոռուպցիայի նվազում չի արձանագրել


Վարուժան Հոկտանյան, արխիվ
Վարուժան Հոկտանյան, արխիվ

«Թրանսփարենսի ինթերնեյշնըլ» հակակոռուպցիոն կենտրոնի տվյալներով, նախորդ մեկուկես տարիների ընթացքում Հայաստանում կոռուպցիայի մակարդակը չի նվազել։ Կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանի պնդմամբ, նույն ժամանակահատվածում վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ ստեղծված կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը խոսքից գործի չի անցել, և վաղուց արդեն ժամանակն է, որ Հայաստանում ձևավորվի կոռուպցիայի դեմ պայքարող անկախ մարմին։

«Թրանսփարենսի ինթերնեյշնըլ» հակակոռուպցիոն միջազգային շարժման տեսանկյունից ուղղակի այս տիպի մոտեցումով՝ կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ, որը ուղղակի խորհրդակցական մարմին է կառավարության համար, նույնիսկ եթե այն ղեկավարվում է վարչապետի կողմից, դա որևէ արդյունավետությամբ աչքի չի ընկել ոչ մի տեղ և չի ընկել նաև Հայաստանում», - ասաց Հոկտանյանը:

Նրա փոխանցմամբ, իրենց ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կոռուպցիոն ռիսկերը շարունակում են առավել ակնհայտորեն դրսևորվել պետգնումների ոլորտում:

«Մանավանդ երբ նախարարությունները հենց իրենք են որպես պատվիրատու հանդես գալիս, և շատ հաճախ խախտում են այնպիսի ընկերություններ, որոնք իրականում ընդհուպ մինչև նախարարին կամ փոխնախարարներին պատկանող ընկերություններ են, ոչ, իհարկե, պաշտոնապես», - նշեց հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավարը:

Պաշտոնատար անձանց ընտանիքին պատկանող կազմակերպության գնումները երբեմն հասնում են միլիոնավոր դոլարների։ Օրինակ, ավելի վաղ պաշտոնական փաստաթղթերից լրատվամիջոցները պարզել էին, որ Ֆինանսների նախարարությունն ավելի քան 9 միլիոն դոլարի պայմանագիր է հենց կնքել Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի հորեղբորորդուն պատկանող ընկերության հետ:

Մեկ այլ ուսումնասիրությամբ էլ հայտնի էր դարձել, որ Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայությունը միլիոնավոր դրամների գնումներ է կատարել նույն այդ ծառայության պետ Հրաչյա Հարությունյանի որդուն պատկանող ընկերություններից:

Փորձագետի խոսքով, այս ոլորտում հաջողությունների հասնելու համար, իշխանությունը պետք է կյանքի կոչի նախկինում հայտարարված օրենսդրական նախաձեռնությունները՝ պարզեցնի գնումների ընթացակարգը և ստեղծի կազմակերպությունների իրական սեփականատերերին հայտնաբերելու ինստիտուտ։

«Պետք է իսկապես դրսևորել քաղաքական կամք, այսինքն, իշխանություններն իրենք ասեն, որ այսպես շարունակել չի կարելի և որոշեն, որ այո, պետք է իսկապես նվազեցվի կոռուպցիան, և այո, պետք է արվեն այնպիս քայլեր, որոնք կվնասեն նաև իրենց շահերին», - ասաց Վարուժան Հոկտանյանը:

«Թրանսփարենսի ինթերնեյշնըլ» հակակոռուպցիոն կենտրոնի ուսումնասիրությունների հետ համակարծիք չէ իշխող Հանրապետականին ներկայացնող Գագիկ Մելիքյանը։

«Իշխանությունների մեջ կոռուպցիայի դեմ պայքարի համար քաղաքական կամք միշտ եղել է, կա և կլինի: Կարծում եմ, որ հասարակությունը պետք է շփվի, տեսնի և իր տեսածը նաև արտահայտի: Եթե ցանկություն լինի տեսնելու, կարծում եմ կտեսնեն», - ասաց Մելիքյանը:

Հանրապետական խմբակցության քարտուղարի պնդմամբ, թե՛ իշխանությունները, թե՛ հատկապես վարչապետ Հովիկ Աբրահամյանի ղեկավարած կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը նախորդ մեկ տարվա ընթացքում հսկայածավալ աշխատանք է կատարել։ Ըստ Մելիքյանի, օրենսդրական փոփոխությունների արդյունքում մի շարք ոլորտներում արդեն իսկ լուրջ հաջողություններ են գրանցվել։

«Քաղաքացիների նպաստների, կենսաթոշակների վճարման, լիցենզիաների տրամադրման բնագավառում, ինչպես նաև մաքսային, հարկային օրենսգրքերում փոփխություններ իրականացնելով՝ բավականին լուրջ աշխատանք է կատարվել և կոռուպցիոն միջավայրը հատկապես այդ բնագավառներում կարծես թե սկսել է նահանջել», - նշեցՀանրապետական խմբակցության քարտուղարը:

Նա վստահեցնում է՝ առաջիկա օրերին մեկնարկող Ազգային ժողովի աշնանային նստաշրջանում հանրապետականները հանդես կգան կոռուպցիան կանխարգելող մի շարք նոր օրենսդրական նախաձեռնություններով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG