Մատչելիության հղումներ

Թոմաս Քենթ. «Ակնկալում ենք հստակ արդյունքներ»


«Ազատություն» ռադիոկայանը կհետևի լրագրողների դեմ բռնությունների գործի ընթացքին», - «Ազատություն TV»-ի լրատվական թողարկման ժամանակ հայտարարեց «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի նախագահ Թոմաս Քենթը, ով այդ պաշտոնում նշանակվելուց հետո առաջին անգամ է այցելել Հայաստան։

Այցի ընթացքում երեկ նա հանդիպել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին: Ավելի քան մեկուկես ժամ տևած հանդիպման ընթացքում քննարկվել են հուլիսի 29-ին Սարի թաղում լրագրողների նկատմամբ իրականացված բռնությունները, որոնց ժամանակ տուժել էին նաև «Ազատություն» ռադիոկայանի երկու լրագրող և մեկ օպերատոր:

«Ես նախագահին ասացի, որ մենք շնորհակալ ենք այն ազատության համար, որի պայմաններում գործում է «Ազատություն» ռադիոկայանը: Մենք հնարավորություն ունենք հարցազրույցներ վարել ում հետ կամենանք, մենք կարողանում ենք հեռարձակել մեր ուզած ծրագրերը, այնպես որ մենք իրականում շատ գոհ ենք Հայաստանում տիրող մեդիա-միջավայրից: Այս առումով, զինված դիմակայության ժամանակ տեղի ունեցածը է՛լ ավելի տարօրինակ էր, երբ մեր լրագրողների դեմ, առանց որևէ հիմքի, կատաղի հարձակում տեղի ունեցավ, նրանցից մեկը անգամ հայտնվեց հիվանդանոցում: Եվ ես նախագահին ասացի, ինչպես նաև ավելի վաղ հայտարարել էի, որ «Ազատություն» ռադիոկայանը ակնկալում է լիարժեք հետաքննություն այս գործով: Նա ինձ պատասխանեց, որ որոշ անձինք արդեն կալանավորվել են: Եվ ես նշեցի, որ հետևելու ենք գործի ընթացքին, հույս հայտնեցինք, որ այն կանցկացվի թափանցիկ ու կպարզվի, թե ովքեր են մեղավորները, ինչ նպատակներ էին հետապնդում», - Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետ մանրամասնեց Թոմաս Քենթը:

Մեր հարցին, թե դեպքից երկու ամիս անց 4 մարդ է կալանավորվել այդ գործով, ովքեր ոստիկաններ չեն, կարո՞ղ է ասել, որ առաջընթաց կա, «Ազատություն» ռադիոկայանի նախագահը պատասխանեց, թե անշուշտ ակնկալում են հստակ արդյունքներ: «Բնական է, որ գործը պետք է անցնի դատական ատյաններով: Մենք գործի մասին եզրակացություններ անելու ենք դրա արդյունքներով՝ որքանով են դրանք տրամաբանական և խելամիտ», - ասաց Քենթը:

Հիշեցնենք, լրագրողների ծեծի ենթարկվելուց և «Սասնա ծռեր» զինված խմբի անդամների հանձնվելուց հետո, Սերժ Սարգսյանը ելույթ ունեցավ նախագահական նստավայրում՝ կոչ անելով լրագրողներին մոռանալ իրենց հետ կատարվածը:

Մեր հարցին, թե ինչպե՞ս կգնահատի Սերժ Սարգսյանի այս հայտարարությունը, արդյոք հնարավո՞ր է բռնությունները մոռանալ, Թոմաս Քենթը պատասխանեց. - «Չեմ կարծում, որ մենք կմոռանանք մեր լրագրողների հետ տեղի ունեցածը: Ոչ, կարծում եմ՝ մենք մեծ հետաքրքրությամբ կհետևենք գործի ընթացքին, և նախագահը հավաստիացրեց, որ գործը ընթացք է ստանում: Մենք բարձր ենք գնահատում դա»:

Ապա «Ազատություն» ռադիոկայանի նախագահը շարունակեց. - «Պետք է ասեմ, որ նախագահը նաև որոշակի քննադատություն հնչեցրեց «Ազատություն» ռադիոկայանի հասցեին: Նա «Ազատության»-ը մեղադրեց զինված դիմակայության ընթացքում ամբողջովին չեզոք չլինելու և լիակատար օբյեկտիվություն չպահպանելու մեջ։ Ես պատասխանեցի, որ «Ազատություն» ռադիոկայանը միշտ փորձում է արդարացի և օբյեկտիվորեն լուսաբանել զարգացումները: Մենք միշտ ուշադրությամբ լսում ենք մեր հասցեին ուղղված քննադատությունը, և եթե մեր լուսաբանումը բարելավվելու կարիք լինի, դա անպայման կարվի»:

Նկատենք, հնչեցված քննադատությանը զուգահեռ, «Ազատություն» ռադիոկայանի նախագահի հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը միևնույն ժամանակ ընդգծել է, որ «Ազատություն»-ը իր դերակատարությունն է ունեցել Հայաստանում ազատ խոսքի կայացման, ինչպես նաև կայունության հաստատման գործում:

Սերժ Սարգսյանն ասել է, թե Հայաստանը մեծ նշանակություն է տվել բազմակարծությանը և ազատ մամուլին՝ անցած 25 տարիների ընթացքում որոշակի հաջողությունների հասնելով Սևծովյան տարածաշրջանում: Հայաստանի նախագահը ընդգծել է, որ համացանցում որևէ սահմանափակում չկա, ցանկացած քաղաքական գործիչ ազատ է խոսել, քննադատել:

Անդրադառնալով Հայաստանում քաղաքացիական հասարակության գործունեությանը՝ Սերժ Սարգսյանն ասել է, թե նրանք ազատորեն օգտվում են արտասահմանյան ֆինանսական միջոցներից: «Այն դեպքում, երբ այլ երկրներում այդպիսի հասարակական կազմակերպությունների գործունեությունն արգելված է, մեր մոտ որևէ արգելք չկա», - ասել է Հայաստանի նախագահը։ Նա նաև ընդգծել է, թե Հայաստանում մամուլի ազատության մյուս ցուցիչը «Ազատություն» ռադիոկայանի գործունեությունն է:

Լրագրողների դեմ կատարված բռնություններից և Հայաստանում մամուլի ազատության խնդրից բացի, «Ազատություն» ռադիոկայանի նախագահը Հայաստանի նախագահի հետ քննարկել է նաև Եվրամիության հետ նոր համաձայնագրի հարցը, Ռուսաստան-Հայաստան հարաբերությունները, Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո Հայաստանի տնտեսական վիճակը, անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղի խնդրին, ինչպես նաև Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքին: Քննարկվել են նաև սպասվող խորհրդարանական ընտրությունները:

Նշենք, որ Հայաստան կատարած այցի ընթացքում «Ազատություն» ռադիոկայանի նախագահը հանդիպումներ է ունեցել նաև լրագրողական և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետո։ Ի պատասխան մեր հարցի, թե ի՞նչ տպավորություն է ստացել, ի՞նչ մարտահրավերների են նրանք այսօր բախվում Հայաստանում, Քենթը ընդգծեց, թե, նախ և առաջ, ուրախ էր տեսնել, որ Հայաստանում կենսունակ քաղաքացիական հասարակություն և մեդիա համայնք կա:

«Դա շահեկանորեն տարբերվում է այն երկրներից, որտեղ հասարակական գործունեություն վարելը կապված է վտանգների հետ և որտեղ նրանք հնարավորություն չունեն օտարերկրյա աղբյուրներից ֆինանսավորվելու: Այնպես որ, լոկ այն եռանդը, որ դրսևորում էին այդ կազմակերպությունները, և մեզ հետ հանդիպման եկած և իրենց մտահոգություններով կիսվող կազմակերպությունների քանակը խիստ հուսադրող էր», - ասաց «Ազատություն» ռադիոկայանի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG