Մատչելիության հղումներ

Թոմաս Քենթ․ «Ազատությունը» կհետևի լրագրողների դեմ բռնությունների գործի ընթացքին


«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի նախագահ Թոմաս Քենթը
«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի նախագահ Թոմաս Քենթը

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի նախագահ Թոմաս Քենթը այսօր հանդիպել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ։ Հանդիպումից հետո Քենթը հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանին:

«Ազատություն»․ - Պարոն նախագահ, բարի գալուստ «Ազատություն» ռադիոկայանի երևանյան գրասենյակ, մեզ համար պատիվ է հյուրընկալել Ձեզ մեր լրատվական կենտրոնում, շնորհակալություն այս հնարավորություն համար:

Պարոն Քենթ, սա ձեր առաջին այցն է Հայաստան և այս երկու օրերի ընթացքում դուք հանդիպումներ եք ունեցել լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, այսօր էլ հանդիպել եք Հայաստանի նախագահին, ում հետ քննարկել եք «Ազատության» երեք լրագրողների ծեծի ենթարկվելու փաստը: Ես ուզում եմ հիշեցնել, որ Կարլեն Ասլանյանը, Հովհաննես Մովսիսյանը և Գարիկ Հարությունյանը հարձակման և ծեծի էին ենթարկվել հուլիսի 29-ին, երբ Սարի թաղում լուսաբանում էին ոստիկանության և ցուցարարների բախումները:

Կուզենայի իմանալ, թե որն էր ձեր ուղերձը և ինչ արձագանք ստացաք նախագահ Սերժ Սարգսյանից:

Քենթ․ - Իրականում սա իմ երկրորդ այցն է Հայաստան: Առաջին անգամ այցելել եմ 1980 թվականին, բայց, իհարկե, այդ ժամանակներից ի վեր Հայաստանում շատ բան է փոխվել դեպի լավը:

Ես նախագահին ասացի, որ մենք շնորհակալ ենք այն ազատության համար, որի պայմաններում գործում է «Ազատություն» ռադիոկայանը: Մենք հնարավորություն ունենք հարցազրույցներ վարել ում հետ կամենանք, մենք կարողանում ենք հեռարձակել մեր ուզած ծրագրերը, այնպես որ մենք իրականում շատ գոհ ենք Հայաստանում տիրող մեդիա-միջավայրից: Այս առումով զինված դիմակայության ժամանակ տեղի ունեցածը էլ ավելի տարօրինակ էր, երբ մեր լրագրողների դեմ, առանց որևէ հիմքի, կատաղի հարձակում տեղի ունեցավ, նրանցից մեկը անգամ հայտնվեց հիվանդանոցում: Եվ ես նախագահին ասացի, ինչպես նաև ավելի վաղ հայտարարել էի, որ «Ազատություն» ռադիոկայանը ակնկալում է լիարժեք հետաքննություն այս գործով: Նա ինձ պատասխանեց, որ որոշ անձինք արդեն կալանավորվել են: Եվ ես նշեցի, որ հետևելու ենք գործի ընթացքին, հույս հայտնեցինք, որ այն կանցկացվի թափանցիկ ու կպարզվի, թե ովքեր են մեղավորները, ինչ նպատակներ էին հետապնդում:

«Ազատություն»․ - Դեպքից երկու ամիս անց 4 մարդ է կալանավորվել այդ գործով: Կարո՞ղ ենք ասել, որ առաջընթաց կա: Ի դեպ՝ կալանավորվածները ոստիկաններ չեն:

Քենթ․ - Բնական է, որ գործը պետք է անցնի դատական ատյաններով: Մենք գործի մասին եզրակացություններ անելու ենք դրա արդյունքներով՝ որքանով են դրանք տրամաբանական և խելամիտ:

«Ազատություն»․ - Հույս ունեք, որ արդյունքներ կլինե՞ն:

Քենթ․ - Մենք, անշուշտ, ակնկալում ենք հստակ արդյունքներ:

«Ազատություն»․ - Ի դեպ, ինչպես գիտեք, Սերժ Սարգսյանը իր ելույթում կոչ արեց լրագրողներին մոռանալ իրենց հետ տեղի ունեցածի մասին: Ինչպե՞ս կգնահատեիք նրա այս հայտարարությունը, հնարավո՞ր է դա մոռանալ:

Քենթ․ - Չեմ կարծում, որ մենք կմոռանանք մեր լրագրողների հետ տեղի ունեցածը: Ոչ, կարծում եմ մենք մեծ հետաքրքրությամբ կհետևենք գործի ընթացքին, և նախագահը հավաստիացրեց, որ գործը ընթացք է ստանում: Մենք բարձր ենք գնահատում դա:

Պետք է ասեմ, որ նախագահը նաև որոշակի քննադատություն հնչեցրեց «Ազատություն» ռադիոկայանի հասցեին: Նա «Ազատությանը» մեղադրեց զինված դիմակայության ընթացքում ամբողջովին չեզոք չլինելու և լիակատար օբյեկտիվություն չպահպանելու մեջ:

Ես պատասխանեցի, որ «Ազատություն» ռադիոկայանը միշտ փորձում է արդարացի և օբյեկտիվորեն լուսաբանել զարգացումները: Մենք միշտ ուշադրությամբ լսում ենք մեր հասցեին ուղղված քննադատությունը, և եթե մեր լուսաբանումը բարելավելու կարիք լինի, դա անպայման կարվի:

«Ազատություն»․ - Բացի լրագրողների դեմ բռնությունների խնդրից, ի՞նչ հարցեր եք քննարկել նախագահի հետ հանդիպման ընթացքում:

Քենթ․ - Մենք քննարկել ենք Հայաստանի՝ որպես անցումային շրջանում գտնվող երկրի հեռանկարները: Մենք հասկանում ենք, որ Հայաստանում շատ բարդ և փխրուն անցում է կատարվում Սովետական շրջանի դիկտատուրայից դեպի ժողովրդավարություն: Դա հեշտ գործընթաց չէ, այն չի կարող կատարյալ լինել և մենք դա հասկանում ենք: Նախագահը հավաստիացրեց, որ անկեղծորեն ձգտում է առաջ մղել այս գործընթացը: Հույս ունենք, որ դա նրան կհաջողվի:

«Ազատություն»․ - Երեկ դուք հանդիպեցիք քաղհասարակության և լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Ի՞նչ տպավորություն ուենք, ի՞նչ մարտահրավերների են նրանք բախվում Հայաստանում:

Քենթ․ - Նախևառաջ, ուրախ էի տեսնել, որ Հայաստանում կենսունակ քաղաքացիական հասարակություն և մեդիա համայնք կա: Դա շահեկանորեն տարբերվում է այն երկրներից, որտեղ հասարակական գործունեություն վարելը կապված է վտանգների հետ և որտեղ նրանք հնարավորություն չունեն օտարերկրյա աղբյուրներից ֆինանսավորվելու: Այնպես որ՝ լոկ այն եռանդը, որ դրսևորում էին այդ կազմակերպությունները և մեզ հետ հանդիպման եկած և իրենց մտահոգություններով կիսվող կազմակերպությունների քանակը խիստ հուսադրող էր:

Նրանք նույնպես կենտրոնացած են դեպի ժողովրդավարություն Հայաստանի անցման վրա: Բոլորս էլ հասկանում ենք, որ դա մեկ օրում չի արվում, նույնիսկ Միացյալ Նահանգների նման ժողովրդավարական երկրները դեռևս շարունակում են զարգացնել իրենց ժողովրդավարությունը: Այդ կազմակերպությունների եռանդը և նվիրվածությունը շատ տպավորիչ էր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG