Մատչելիության հղումներ

Վանաձորին 160 միլիոն դրամի հատկացումը նախընտրական խնդիր է լուծում․ Մարուքյան


Էդմոն Մարուքյան, արխիվ
Էդմոն Մարուքյան, արխիվ

Նախորդ շաբաթվա վերջին Կառավարության պահուստային ֆոնդից Վանաձոր քաղաքին հատկացված 160 միլիոն դրամը նախընտրական խնդիր է լուծելու, պնդում է Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը, ում գլխավորած «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը Վանաձորի առաջիկա ընտրություններում թեկնածու է առաջադրել՝ Քրիստ Մարուքյանին։

Ըստ Կառավարության հիմնավորման, Լոռու մարզին օրերս հատկացված լրացուցիչ ավելի քան 335 հազար դոլարը Վանաձոր համայնքի ֆինանսական վիճակի բարելավման համար է: Այլ մանրամասները կամ բացատրություն տարածքային կառավարման նախարարությունը 2 էջանոց թերթիկում չի տալիս, մինչդեռ Վանաձորից ընտրված պատգամավոր Մարուքյանը պնդում է, որ գումարը համայնքային աշխատակիցների աշխատավարձի պարտքը մարելու համար է, ինչի մասին կառավարությունը լռել է։

«Երկար ժամանակ է, որ կա, էդ պարտքը նոր չի կուտակվել և էդ լոբբինգը եղել է, բայց հիմա է էս խնդիրը լուծվում, և մասնակիորեն բնականաբար, և հիմա լուծվում է, որովհետև հիմա ընտրություններ են, ու իրենց վիճակը շատ վատ է: Ինչո՞ւ Իջևանում չի տրվում, կամ չգիտեմ որտեղ, որովհետև էնտեղ իրենք չեն կրվում, պարտվելու գործ չկա էնտեղ: Էստեղ վիճակը շատ ծանր է», - «Ազատության» հետ զրույցում ասաց Էդմոն Մարուքյանը:

Վանաձորի գործող քաղաքապետը 2002-ից անընդմեջ ընտրված Սամվել Դարբինյանն է, ում այս անգամ իշխող կուսակցությունը չի առաջադրել, Հանրապետականի թեկնածուն Վանաձորի նոտար Մամիկոն Ասլանյան է։

Ըստ Վանաձորը ներկայացնող պատգամավորի՝ այս քաղաքում Հանրապետական կուսակցությունը հաղթանակի շանսեր չունի. նախ որովհետև տարիների շարունակ վատ կառավարման պատճառով Հայաստանի 3-րդ քաղաքը վերածվել է ավերակների՝ քայքայված փողոցներով, հետզհետե պակասած կանաչ տարածքով, բացի այդ, ըստ Մարուքյանի, լուսավոր հայաստանը 8 կուսակցությունների շարքում հատկապես ուժեղ թեկնածուի է առաջադրել, ինչն էլ անհանգստացրել է իշխող կուսակցությանը։

«Նախընտրական պայքարը դեռևս չի սկսվել, բայց արդեն բոլոր հնարավոր վախի մթնոլորտը մեծացնելու, մարդկանց վախեցնելու, տարբեր թաղամասերում մարդկանց վրա ազդելու պրոցեսները վաղուց սկսված են: Տարբեր պետական մարմինների ներկայացուցիչներ այցելում են մեր թեկնածուներին: Եթե ինչ-որ մեկը ինչ-որ ժամանակի բիզնեսով է զբաղվել, ասում են՝ դու պարտքեր ունես կուտակված քաղաքապետարանին: Էն մեկին այցելում են, ասում են՝ քո նկատմամբ ոստիկանությունում նյութեր կան պատրաստված, շուտվանից կար, հիմա հայտնաբերեցինք», - նշեց Էդմոն Մարուքյանը:

Ընդդիմադիր կուսակցության ղեկավարը նաև պնդում է, որ իշխող կուսակցությանը նախընտրական գրեթե ողջ շրջանում ամրագրել է Վանաձորի՝ հանրահավաքների համար հարմար հրապարակներն ու պուրակները, բացի այդ, ըստ Մարուքյանի, նախընտրական շտաբների համար տարածք չեն կարողանում վարձակալել։

«Շտաբների նախընտրական պայմանավորվածությունները մենք մեկ-երկու ամիս առաջ ձեռք ենք բերել: Այս օրերին այդ մարդիկ զանգում են, հրաժարվում են: Եվ այս ամեն ինչը, ես ձեզ ասում եմ, դեռ նախընտրական քարոզարշավը չսկսված տեղի է ունենում: Բա որ սկսվի քարոզարշավը, նախընտրական պայքարը մի քիչ սրվի, բա էդ ժամանակ ի՞նչ է լինելու», - ասաց Մարուքյանը:

Լոռու փոխմարզպետ Տիգրան Բադոյանը «Ազատության» հետ չցանկացավ զրուցել, վերջինս, սակայն, օրերս արձագանքել էր Մարուքյանի հնչեցրած մեղադրանքներին, tert.am-ի հետ զրույցում նշելով՝ «Էդմոն Մարուքյանը քաղաքական պայքարի անվան տակ Վանաձորում հարազատ եղբորը քաղաքապետ դարձնելու սին փորձեր է կատարում։ Հիմա ի՞նչ է ստացվում, պարոն Մարուքյանը կառավարության ներսում հաջողված լոբբինգ անո՞ղ է, թե՞ լուսավոր ընդդիմադիր։ Վանաձորցին շատ լավ գիտի թե ով՝ ով է և ինչով է զբաղված»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG