Քանի դեռ Սարի թաղում լրագրողների ու քաղաքացիների դեմ բռնությունների գործով չեն հարցաքննվում բարձրաստիճան ոստիկաններ, իսկ մեղադրանքներ էլ առաջադրվում են միայն քաղաքացիական անձանց, անկողմնակալ քննության մասին խոսել չի կարելի, այսօր «Ազատության» հետ զրույցում կարծիք հայտնեց իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
«Հատուկ քննչական ծառայության կողմից տարածած հաղորդագրության մեջ խոսքը գնում է միայն քաղաքացիական անձանց նկատմամբ քրեական գործի հարուցման, խափանման միջոց կալանքի կիրառման մասին: Իսկ դա համաչափ չէ: Բավարար հիմքեր կային, որպեսզի լրագրողների և քաղաքացիների նկատմամբ բռնությունների կատարման գործով նաև քրեական հետապնդում իրականցվեր առաջին հերթին Աշոտ Կարապետյանի՝ Երևանի նախկին ոստիկանապետի և ներքին զորքերի հրամանատար Լյովա Երանոսյանի նկատմամբ, որովհետև անմիջականորեն նրանք են հրամանը տվել», - նշեց Արթուր Սաքունցը:
Հատուկ քննչական ծառայության փոխանցմամբ՝ հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երևանի Սարի թաղում «Սասնա ծռեր» զինված խմբի աջակիցների երթի ընթացքում ենթադրաբար տուժել են 99 քաղաքացիներ, որոնցից 23-ը՝ լրագրողներ: 36 անձ ենթարկվել էր ֆիզիկական բռնության, ավելի մեծ թվով՝ 47 քաղաքացի էլ ոստիկանության կիրառած հատուկ միջոցների հետևանքով ստացել էին բեկորային վնասվածքներ, 5-ի մոտ հայտնաբերվել են այրվածքներ: Քննչական մարմինը տեղեկացնում է, որ 63 քաղաքացի ճանաչվել է տուժող, հարցաքննվել են 21 լրագրողներ, նրանցից էլ տուժող է ճանաչվել 19-ը:
Մինչ օրս որևէ ոստիկանի մեղադրանք չի առաջադրվել, ՀՔԾ-ն նշում է միայն, որ առերևույթ հանցագործություններ կատարելու, այդ թվում՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար նախաքննության այս փուլում քրեական հետապնդում է իրականացվում 6 քաղաքացիական անձանց նկատմամբ: Նրանցից 4-ին մեղադրանք է առաջադրվել խմբով խուլիգանություն կատարելու և լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար, նրանք կալանավորվել են: Իսկ 2 անձանց մեղադրանք է առաջադրվել լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար, նրանք շարունակում են գտնվել ազատության մեջ:
Սարի թաղում ծեծի ենթարկված լրագրողներից Մարութ Վանյանը պատմում է, որ իր դեմ բռնություն կիրառած անձինք եկել են ոստիկանների թիկունքից: «Ազատության» տեսախցիկն էլ ֆիքսել էր, թե ինչպես են մի քանի տասնյակ անձինք Խորենացի փողոցից իրավապահների թույլտվությամբ անցնում ոստիկանական պատնեշն ու շարժվում Սարի թաղի ուղղությամբ: Իրավապաշտպան Արթուր Սաքունցի խոսքով՝ իրենք կասկածներ ունեն, որ այդ անձինք եղել են խթանիչների ազդեցության տակ:
«Մենք արդեն միջնորդությունը ներկայացրել ենք, ուղարկել ենք փոստով դատադեղաբանական փորձաքննություն, կենսաբանական փորձաքննության ենթարկելու այն քաղաքացիական անձանց, և ընդհանրապես բոլոր ոստիկաններին որոնք ծառայություն են մատուցել այդ օրը և նկարում ակնհայտ երևում է, որ նրանք ինչ-որ հաբեր են ընդունում․ ի՞նչ հաբեր են դրանք: ՀՔԾ-ն մինչև այսօր այդ փորձաքննությունը չի նշանակել», - նշեց Արթուր Սաքունցը:
Սարի թաղի դեպքերից շուրջ մեկ շաբաթ անց ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով մի շարք բարձրաստիճան ոստիկանների խիստ նկատողություն հայտարարվեց, օրեր անց էլ աշխատանքից ազատվեց Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը: