Մատչելիության հղումներ

Ամանորի գիշերվանից ազատազրկված Գևորգ Սաֆարյանը կշարունակի մնալ կալանավորված


Վճռաբեկ դատարանն այսօր անփոփոխ է թողել առաջին ատյանի ու Վերաքննիչ դատարանների կողմից սահմանված խափանման միջոցը։ Ակտիվիստ Գևորգ Սաֆարյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանի պնդմամբ, Վճռաբեկ դատարանը առանց հիմնավորման հրաժարվել է վարույթ ընդունել իրեն հասցեագրված բոլոր դիմումները։

«Անսպասելիորեն Վճռաբեկ դատարանից բոլոր մեր դիմումները նույն օրը վերադարձվեցին, նույն օրը նույնակերպ որոշումներով 5 բողոք միանգամից վերադարձվեց, և որևէ բողոք չէր ընդունվել վարույթ: Այսինքն՝ կալանքի հետ կապված մեր բոլոր դիմումները Վճռաբեկ դատարանը 5-6 ամիս պահելուց հետո վերադարձրեց: Արդեն սպառված են ներպետական դատական ատյանները կալանքի հետ կապված պետք է բողոքարկվի Եվրոպական դատարան, թե՛ նախաքննության ընթացքում կալանքները, թե՛ դատաքննության ընթացքում երկու անգամ մեր միջնորդությունների մերժումները», - «Ազատության» հետ զրույցում նշեց փաստաբանը:

Ոստիկանին հարվածելու մեղադրանքով մոտ 9 ամիս կալանավորված ընդդիմադիր ակտիվիստի դատավարությունը «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից ՊՊԾ գունդը գրավելուց հետո ընդհատվել է։ Վերջին դատական նիստը դատավորը հետաձգեց պատճառաբանելով, որ Սաֆարյանը դատարան չի ներկայացվել։ Փաստաբանը մի քանի օր առաջ է տեսակցել ակտիվիստին, պնդում է, որ դատարանն արհեստականորեն է ձգձգում նիստերը՝ Սաֆարյանին հնարավորինս երկար ճաղերի հետևում պահելու համար։

«Գևորգն ասում է, որ ամեն անգամ, երբ պիտի դատական նիստ լինի, իրեն իջեցնում են ընդհանուր առաջին հարկ, որպեսզի բոլորի հետ միասին տանեն դատական նիստի, սակայն երբ որ պետք է տանեն, իրեն չեն տանում, ասում են չի պահանջվել: Այս անգամ մամուլից տեղեկացանք, որ դատարանը չէր պահանջել, որպեսզի Գևորգին ներկայացնեն դատարան», - ասաց Տիգրան Հայրապետյանը:

Երկու օր առաջ Սաֆարյանին է տեսակցել նաև եղբայրը։ Արմո Սաֆարյանի խոսքով Գևորգը առողջական լուրջ խնդիրներ ունի, իսկ կալանավայրում պատշաճ բուժօգնություն հնարավոր չէ․ - «Կարծում եմ, որ ավելի մասնագիտական օգնություն է պետք, ինչը էնտեղ չի իրականացվում, և ենթադրում եմ, որ ավելի պրոֆեսիոնալ բժշկի այցելությունը կարևոր է այս դեպքում»:

Սաֆարյանի փոխանցմամբ կալանավայրում եղբայրն այլ խնդիրներ չունի։ Ընտանիքի անդամների համոզմամբ Գևորգը ճաղերի հետևում է հայտնվել քաղաքական ակտիվության պատճառով:

«Մինչ այս տեղի ունեցած գործողություններից կարելի է ենթադրել, որ արդար դատավճռի ոչ մի հույս էս պահին չունենք: Երբ իրեն հարցրի, թե ինչպես է պատկերացնում էս գործընթացը, իր պատկերացմամբ, ցանկացած ելք կարա լինի, ընդհուպ մինչև ազատազրկում», - ասաց Արմո Սաֆարյանը:

Գևորգ Սաֆարյանին պատշաճ բուժօգնություն տրամադրելու համար փաստաբանը մոտ տասն օր առաջ դիմել էր իրավապահներին։ Հայրապետյանի պնդմամբ, սակայն, քրեակատարողական հիմնարկից ստացել է զավեշտալի մի պատասխան, որում նշվել է, թե Սաֆարյանը 4 ամիս առաջ հետազոտվել է, առողջական լուրջ խնդիրներ ի հայտ չեն եկել։

«Մայիս ամսին ինչ-որ բժիշկ է այցելել, ախտորոշվել է, գտնվում է բժիշկների դինամիկ հսկողության տակ, օգտագործում է հակաբորբոքային քսուկ: Հետո երբ որ հանդիպեցի Գևորգին, պարզվեց, որ որևէ բուժզննություն չի անցել վերջին ժամանակներում, հակաբորբոքային քսուկը իր հարազատներն են բերել, խորհուրդ են տվել, որպեսզի քսի և ոչ մի դինամիկ հսկողության տակ էլ չի անցնում», - ասաց Տիգրան Հայրապետյանը:

Ի դեպ, փաստաբանը երկու օր առաջ տեղեկացվել է նաև, որ դատախազության որոշմամբ Սաֆարյանը նույնպես ներգրավվել է «Սասնա Ծռեր»-ի գործում, քանի որ նա ևս մեղադրվում է ցեղասպանության 100-ամյակին զանգվածային անկարգություններ նախապատրաստելու մեջ։ իսկ այս երկու քրեական գործերը շաբաթներ առաջ ՀՔԾ-ի որոշմամբ միացվել էին իրար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG