Թեև 2017-ի խորհրդարանական ընտրություններին հաշվված ամիսներ են մնացել, իշխանությունները հայտարարում են, որ դրանց ընթացակարգը սահմանող Ընտրական օրենսգիրքը դեռ վերջնական տեսքի բերված չէ։
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, ով ընտրական օրենսգրքի փոփոխությունների քննարկմամբ զբաղվող 4+4+4 ձևաչափում կառավարության ներկայացուցիչներից է, այսօր «Ազատությանը» տված հարցազրույցում ասաց, որ ընդդիմության հետ առայժմ կոնսենսուս գոյություն չունի, քվեարկած անձանց ցուցակները հրապարակելու հարցը շարունակում է մնալ բանակցությունների օրակարգում։
«Ես չեմ ուզում շատ փակագծերը բացել, քանի որ քննարկումները շարունակվում են, և, եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, ընդամենը ոչ հեռավոր անցյալում դա ընդդիմության ներկայացուցիչների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների պահանջն էր ընտրական ցուցակների հրապարակումը», - ասաց նախարարը՝ շարունակելով․ - «Սակայն այդ ընտրական ցուցակների հրապարակումը, երբ սկսում ես նմանատիպ քննարկումների փուլ թևակոխել և քննարկել այդ տարբերակը, բնականաբար դա նշանակում է հավելյալ քննարկումներ՝ դրա հետ կապված փոխկապակցված հարցերի կապակցությամբ: Ուստիև մենք հիմա այդ քննարկումների փուլում ենք»:
Արդարադատության նախարարի խոսքով՝ միայն ցուցակների հրապարակման դրույթը բավարար չէ, ընտըական օրենսգիրքը նաև դրանից բխող ընտրակեղծարարության պատասխանատվություն պետք է սահմանի՝ «եթե, ասենք, կեղծ տեղեկություններ հաղորդվեն և այլն»:
Ավելի քան 13 տարի իշխանությունները հրաժարվում էին անգամ քննարկել ընտրություններին մասնակցած անձանց ցուցակները հրապարակելու տարբերակը։ Հարցը, սակայն, իշխանության ու ընդդիմության միջև քննարկման առարկա դարձավ, երբ նախօրեին հայտարարվեց, որ ընտրական օրենսգրքում հունիսին ամրագրված վերահսկողական մեխանիզմները կյանքի չեն կոչվելու։ Որպես դրանց այլընտրանք՝ 4+4+4 ձևաչափը նախաձեռնած Հայ ազգային կոնգրեսը իշխանությունից պահանջեց կատարել այս պահանջը։
Դրան զուգահեռ ընդդիմադիր կուսակցությունը հայտարարում է, որ ընտրացուցակները պետք է սքանավորվեն և պաշտոնապես հրապարակվեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքէջում, ինչպես նաև երկարաձգվեն ընտրությունների արդյունքների բողոքարկման ժամկետները, խստացվի ընտրակեղծարարության համար պատասխանատվությունը։ Թե ինչ ճակատագիր կունենան այս պահանջները՝ Արդարադատության նախարարն այսօր չմանրամասնեց, նշելով միայն, որ ստորագրված մատյաններից բացի քննարկվում են մի շարք այլ հարցեր։
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, մինչդեռ, ավելի վաղ «Ազատության» հետ զրույցում հայտարարել էր, որ եթե մերժվեն իրենց այս պահանջները, ապա հետևանքը կործանարար է լինելու իշխանության համար։
«Եթե իշխանությունները հասկանում են, որ ընտրություններով հարց լուծելու ճանապարհը փակելով բերում են նրան, որ երկրում ավելի շատ տարածվում են տրամադրություններ խնդիրը լուծել ապստամբությունների, բախումների միջոցով, ուրեմն նրանք պետք է քայլ կատարեն: Իշխանության կողմից դա չանելը ստեղծված իրավիճակում կլինի ամենաանհեռատես, ամենաապաշնորհ, ամենակործանարար սխալը», - հայտարարեց Զուրաբյանը: