Մատչելիության հղումներ

Լոռիի կարտոֆիլագործները բերքի իրացման խնդիր ունեն


Մարզպետարանից նրանց խորհուրդ են տալիս՝ համբերատար լինել:

Լոռիում կարտոֆիլի մշակմամբ զբաղվող ֆերմերները հայտնվել են բերքի իրացման խնդրի առջև, ասում են՝ պայմանները ձեռնտու չեն: Գյուղացիների խոսքով՝ ապրանքն ինքնարժեքից ցածր գնով են վաճառում: «Մեր եկամուտը զրոյանում ա, ապրելու հնարավորությունը կորցնում ենք», «Ասենք՝ էս տարի վաճառեցինք, մյուս տարի քանի՞ հոգի կդիմանա ու կցանի, չեն ցանի, կգնան․․․»,- դժգոհում են կարտոֆիլագործները:

Ֆերմեր Վռամ Գյուլզադյանը թվարկում է այն աշխատանքները, որոնք կատարում են լավ բերք ստանալու համար, բայց արդյունք այդպես էլ չեն տեսնում՝ «2 միլիոնը տնկանյութի արժեքն է, որ Հոլադիայից առնում ենք, 1 միլիոն դրամն էլ ընթացիկ ծախսերն են՝ վար, ցան, բանվորի աշխատավարձ, պարարտանյութ, ջուր և այլն, ամեն ինչով հանդերձ՝ մոտ 3 միլիոն: Եթե հեկտարից 30 տոննա բերք ենք ստանում, ինքնարժեքը կազմում է 100 դրամ: Էսօր մենք վաճառում ենք, կամ վաճառում էիք 80 դրամով․․․»:

Գյուլզադյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, թե իրենք պայմանավորվել են այլ ֆերմերային տնտեսությունների հետ՝ կարտոֆիլն առայժմ չվաճառել ու բերքը որոշ ժամանակով պահեստավորել, հույսով, որ ավելի ուշ գոնե ինքնարժեքից բարձր գնով կվաճառեն: Առաջարկի ու պահանջարկի խնդիր շուկայում չկա, ֆերմերներին գնային քաղաքականությունն է մտահոգում: Ասում են՝ վերավաճառողներն ավելի շատ օգուտ են ստանում, քան իրենք՝ արտադրողները:

Գյուլզադյանի խոսքով, խնդրին լուծում տալու համար պետական մոտեցում է պետք. - «Ինչ ձև ուզում ա, թող գտնեն, բայց պետք է նպաստեն, որ ամռանը Արարատյան դաշտի արտադրած վաղահաս կարտոֆիլից 2-ից 3 հազար տոննա պարտադիր արտահանվի: Էս վիճակն էկել է Լարսի փակվելուց, կառավարությունն էս ուղղությամբ պետք է աշխատի հիմիկվանից, որ եկող տարի նույն բանը չկրկնվի․․․»:

Համայնքային զարգացման մասնագետ Արամ Փանոսյանը ևս կարծում է, որ խնդիրները կարգավորելու համար պետությունը պետք է միջոցներ ձեռնարկի, հակառակ դեպքում հաջորդ տարիներին ֆերմերները պարզապես կհրաժարվեն զբաղվել կարտոֆիլի մշակմամբ:

Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահապանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, թե իրենք տեղյակ են ֆերմերների մտահոգությունների մասին, բայց, ի տարբերություն նրանց, որևէ խնդիր չեն տեսնում: Նա խորհուրդ տվեց՝ համբերատար լինել: «Թող մի քիչ համբերություն ունենան, մի շաբաթ, երկու շաբաթ որ անցնի, անպայման գները կկարգավորվեն»,- ասաց մարզպետարանի պաշտոնյան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG