Մատչելիության հղումներ

Խաչիկցիները դատի են տվել վարկատուներին


Գյուղացիները դատի են տվել «Ֆինկա» և «Արեգակ» վարկային կազմակերպություններին ու գործով տուժող ճանաչվել:

Խաչիկցիներն, այսպես կոչված, խմբակային վարկեր են վերցրել և մոտ 80 միլիոն դրամ փոխանցել վարկառու խմբերի ղեկավարներին։ Վերջիններս չեն կարողացել մարել վարկերը, ինչի արդյունքում, ինչպես գյուղապետն է ասում, ողջ գյուղը հայտնվել է անելանելի վիճակում․ տուն չկա, որ վարկ չունենա, աշխատող չկա, ում աշխատավարձը կալանքի տակ չլինի։

«Էսօր ամբողջ գյուղը շղթայված հայտնվել է դատարաններում, ամեն ընտանիքի վրա միլիոն ու կեսից մինչև երեք միլիոն վարկ կա, որն իրենք չեն վերցրել։ Շատ ցավալի փաստ է, որը գյուղի անկմանն է նպաստում։ Ես գյուղի քայքայման պրոցեսի մտավախություն ունեմ։ Ամեն քայլերի դիմում ենք, բայց ոչ մի հույս չկա»,- ասում է գյուղապետ Վարդան Ներսիսյանը:

Նրա խոսքով, ստեղծված իրավիճակի պատճառով պայմանագրային զինծառայողները հեռանում են գյուղից․ - «Աշխատում են, բայց աշխատավարձերը փոխանցվում է բանկերին։ Հրաժարվում են ծառայությունից ու գյուղից դուրս են գալիս, և սա դեռ սկիզբն է»:

Բացի այն, որ գյուղացիներից շատերը երաշխավորել են վարկառուներին կամ խմբի ղեկավարի համար իրենց անունից են վարկ վերցրել, նրանցից շատերը սեփական վարկեր էլ ունեն։ Քանի որ խմբի ղեկավարները չեն մարել ընդհանուր վարկերը, նաև այդ պարտավորությունն է անցել գյուղացիներին: Արդյունքում՝ վերջիններիս ֆինանսական միջոցների վրա կալանք է դրվել, և այժմ գյուղացիները չեն կարողանում իրենց սեփական պարտքերը մարել։

«Վերցրեցինք վարկերը, տվեցինք, գործ արեցին, չարեցին, ինչ արեցին, փակեցին վարկերը։ Բայց էս վերջին տարին ժողովրդին լրիվ կործանեցին, կործանման եզրին կանգնացրեցին ու փախան Ռուսաստանի Դաշնություն..․», - ասում է տուժած գյուղացիներից մեկը: Գյուղացիներին այսօր այլևս վարկեր չեն տրամադրվում։ Խաչիկցիներն ասում են՝ վարկառու խմբերից մեկի ղեկավարներ Անաստաս Վիրաբյանն ու Հասմիկ Թադևոսյանը հեռացել են երկրից․ - «Հանցագործներին թողել են, գյուղացիներին էլ մտցրել վարկերի տակ, որոնց մասին շատերը խաբար էլ չէին»:

Գյուղի խանութի սեփականատեր, գյուղացիներին վարկային խառնաշփոթի մեջ ներքաշած ամուսիններ Արսեն և Ալվարդ Մնացականյանները ևս ֆինանսական ճգնաժամի մեջ են հայտնվել։ Հրաժարվելով խոսել տեսախցիկի առջև, ամուսիններն ասացին՝ 17 տարի աշխատել են, գյուղացիներին իրենց խանութից պարտքով ապրանք են տվել, բայց այսօր խայտառակվել են բոլորի առաջ։ Խանութից պարտք էինք վերցնում, հետո Ալվարդը խնդրեց վարկ վերցնեմ, ասեցի՝ ինձ չեն տա վարկ, բայց տվեցին․․․ իմ երեխեն սահմանին կանգնի, ես բերեմ Ալվարդի համար վարկ մուծե՞մ»,- ասում է Ալվարդի համար վարկ վերցրած գյուղացիներից մեկը:

«Ազատության» հետ զրույցում Արսեն Մնացականյանը հայտարարեց՝ իրենք պատրաստ են աշխատել և աստիճանաբար մարել իրենց մասնաբաժին 70 միլիոն դրամի վարկը, «միայն թե խնդրում են վարկային կազմակերպություններին՝ ժողովրդին հանգիստ թողնել, նրանցից գանձումներ չանել»։ «Ժողովուրդը մեղավոր չի, մենք ընդամենը ժամանակ ենք ուզում վարկային կազմակերպություններից։ Եթե ժողովուրդը մեզնից ազատվի, մենք էլ իրենցից, մենք էլի կաշխատենք»,- ասաց Արսեն Մնացականյանը: Նրա տիկինն էլ հուզված հավելեց․ - «Ամողջ ունեցվածքը կալանքի տակ է։ Խնդրում ենք՝ մեզ էս վիճակից հանեն, մենք աշխատենք, ուրիշ ոչ մի բան»:

Գյուղացիներից շատերը փաստում են՝ իրենք որևէ սեփականություն չունեն, եկամուտ չունեն, բայց վարկեր ստացել են։ «Վարկերը տրամադրելիս մոնիթորինգ չի արվել։ Եթե արվեր, այսօր նման փաստի առաջ չէին կանգնի»,- ասում է գյուղապետը: Մինչդեռ, «Ֆինկա» ունիվերսալ վարկային կազմակերպությունից «Ազատությանը» փոխանցեցին, թե համաձայն ներքին իրավակարգի, պետք է որ այդ մոնիթորինգն արված լինի։

Ընկերությունից չբացառեցին, որ իրենց գործակալները կարող էին ներքին հանցավոր համաձայնության գալ գումարները յուրացրած խմբերի ղեկավարների հետ։ «Բնականաբար, եթե հավանականություն կա, քրեական գործի արդյունքում պարզ կլինի: Ամեն դեպքում մեզ նման բան հայտնի չէ»,- ասաց «Ֆինկա»-ի իրավաբանական բաժնի ղեկավար Վարդուհի Դանիելյանը:

«Արեգակ» վարկային կազմակերպությունից էլ միայն ասացին, թե չեն կարող որևէ հարցի պատասխանել, քանի որ կազմակերպության տնօրենը բացակայում է երկրից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG