Մատչելիության հղումներ

«Ժառանգություն»-ը չի մասնակցի ԸՕ շուրջ նոր բանակցությունների


«Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հարցազրույց է տալիս «Ազատությանը», արխիվ
«Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հարցազրույց է տալիս «Ազատությանը», արխիվ

Ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցությունը Ընտրական օրենսգրքի շուրջ որևէ նոր բանակցության չի մասնակցի: Այդ մասին «Ազատության» հետ զրույցում հայտարարեց կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ իշխանությունը և ընդդիմությունը նոր բանակցություններ են սկսելու Ընտրական օրենսգրքի շուրջ: Մատնահետքերով ընտրությունները անցկացնելու՝ երկու կողմի 4+4+4 ձևաչափով ձեռք բերված պայմանավորվածությունը չիրականացվեց, քանի որ ժամկետների խնդիր կար: Այժմ էլ իշխանությունները պատրաստակամություն են հայտնում հրապարակել ընտրություններին մասնակցած մարդկանց ցուցակները:

Այդուհանդերձ, Զարուհի Փոստանջյանը «կարիքը չի տեսնում բանակցային կողմ դառնալու»: «Եթե նրանք ցանկություն ունեն հրապարակելու ցուցակները, ապա թող հրապարակեն, բայց ես չեմ կարծում, որ նույնիսկ այդ հրապարակման միջոցով մենք ունենալու ենք արդյունավետ վերահսկման մեխանիզմ», - «Ազատության» հետ զրույցում ասաց ընդդիմադիր պատգամավորը՝ շարունակելով․ - «Որովհետև այն, ինչ որ մենք առաջարկել էինք, դա համապարփակ առաջարկ էր, որը պետք է ընդհանուր առմամբ բարեփոխեր ընտրական համակարգը և ներդներ իրական ընտրական համակարգ: Մինչդեռ նրանք փաստորեն անընդհատ ինչ-որ տարբերակներ են մշակում, որպեսզի համապարփակ առաջարկը իրագործելու համար հնարավորություններ չընձեռվեն: Եթե մենք հետ ենք վերադառնում դեպի մի քանի ամիս առաջ, կարծես թե համաձայնել էին մեկ այլ առաջարկի, մինչդեռ այդ առաջարկը փաստացի մերժեցին մի քանի օր առաջ: Հիմա փորձում են այսպիսի առաջարկին հավանություն տալ, բայց միևնույն է՝ ընդհանուր առմամբ, հիմնական հարցին՝ իրական, հավասար պայմաններում ընտրություններ անցկացնելու գաղափարին, իրենք կողմ չեն»:

«Մասնավորապես, «Ժառանգության» ո՞ր դրույթը, ո՞ր պահանջը պետք է տեղ գտնի: Ի վերջո, ցուցակների հրապարակումն էլ տասը տարուց ավելի «Ժառանգություն»-ը պահանջում էր», - այս հարցին Փոստանջյանը պատասխանեց․ - «Դուք գիտեք, որ ընդդիմությունը՝ ոչ միայն «Ժառանգություն»-ը, բոլոր առաջարկները ձևակերպել էր և ներկայացրել էր: Մի քանիսն էին, մեկը չէր, փաստորեն, այդ մի քանիսից հիմնականներից մեկը մի քանի օր առաջ նրանք մերժեցին»:

«Մենք ասում ենք, որ պետք է լինի մեկ ընտրատարածք ամբողջ հանրապետությունում, մինչդեռ այս պահի դրությամբ իրենք գնացել են նորից այն տարբերակին, որ պետք է լինեն մի քանի ընտրատարածքներ, նրանց թիվը 13-ն է, և պետք է լինեն տարբեր ընտրատարածքային ցուցակներ: Եվ նաև այդ կայուն մեծամասնություն հասկացությունն է ամրագրված, որը ընդհանրապես կապ չունի ո՛չ ընտրությունների, ո՛չ ընտրությունների միջոցով ձևավորվող օրենսդիր իշխանության հետ», - նշեց «Ժառանգության» պատգամավորը:

«Այսինքն, նույնիսկ ցուցակների հրապարակումը դեռ վստահությունը չի ավելացնելու ազատ, արդար ընտրություններ անցկացնելու», - այս դիտարկմանը Զարուհի Փոստանջյանը արձագանքեց․ - «Չի ձևավորելու այնպիսի խորհրդարան, որը ներկայացնի մեր հանրության բոլոր խավերին: Այս, ինչ որ իրենք առաջարկում են, դրանով հնարավոր չէ ձևավորել այդպիսի խորհրդարան: 13 ընտրատարածքներում տեղի են ունենալու կլանաօլիգարխիկ ընտրություններ․ մենք տեսել ենք այդպիսի ընտրություններ՝ առաջ նրանք 41 ընտրատարածքում էին, հիմա 13 ընտրատարածքի է բաժանվել, բայց բնույթը բացարձակ նույնն է մնացել: Նաև վտանգ է ներկայացնում ավելի, քանի որ իրենք, ըստ էության, արդեն 50 տոկոս ունենալու են ըստ էության մեծամասնական ընտրված պատգամավորներ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG