Մատչելիության հղումներ

Վրաստանի և Ադրբեջանի ղեկավարները քննարկել են համատեղ էներգետիկ և տրանսպորտային ծրագրերը


Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլի, արխիվ
Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլի, արխիվ

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի մեկօրյա պաշտոնական այցը Բաքու ավարտվեց երեկ ուշ երեկոյան: Վրացական կառավարության ղեկավարի այցի առանցքային կետը բանակցություններն էին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որոնք անցնում էին Կասպից ծովի ափին գտնվող «Զագուլբա» պալատում:

Վրացական աղբյուրների փոխանցմամբ՝ բանակցությունների ընթացքում Ադրբեջանի նախագահն ու Վրաստանի վարչապետը հարցերի բավական լայն շրջանակ են քննարկել: Հիմնական շեշտը, սակայն, դրվել է Բաքվի և Թբիլիսիի կողմից իրականացվող համատեղ տրանսպորտային և էներգետիկ ծրագրերի վրա:

«Վստահ եմ, որ այս այցը կնպաստի մեր հարաբերությունների զարգացմանը, որոնք հիմնված են պատմության, եղբայրության և բարիդրացիության վրա: Մենք ակտիվ երկխոսություն ենք ծավալել բոլոր ոլորտներում` քաղաքականությունից մինչև տնտեսություն: Մեր երկու պետությունների կողմից իրականացվող ծրագրերի շնորհիվ նաև հնարավոր կդառնա կայունություն ապահովել ողջ տարածաշրջանում: Մեզ միավորողը պատմությունն է, աշխարհագրությունը և շահերի համընկնումը», - դիմելով Կվիրիկաշվիլիին՝ ասում էր Ադրբեջանի նախագահը:

Վրացական աղբյուրների տեղեկություններով՝ Իլհամ Ալիևն ու Գիորգի Կվիրիկաշվիլին երեկ բավական մանրամասնորեն քննարկել են հատկապես «Հարավային գազային միջանցք» նախագծի իրականացման հեռանկարները, որի միջոցով ակնկալվում է Կասպիական ավազանում արդյունահանված գազը Վրաստանի և Թուրքիայի տարածքով արտահանել եվրոպական շուկաներ:

Կողմերը երեկ չեն շրջանցել նաև Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարության հարցը: Հիշեցնենք, որ Գիորգի Կվիրիկաշվիլիի` Բաքու կատարած այցից երկու օր առաջ Վրաստանում էր Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը: Վրաց պաշտոնակցի հետ բանակցությունների ավարտին Մամեդյարովը երկուշաբթի օրը հայտարարեց, թե Հայաստանը շրջանցող այդ երկաթուղու վերջին՝ թուրքական հատվածը շահագործման է հանձնվելու արդեն առաջիկա ամիսներին:

Ընդհանուր առմամբ պետք է նկատել, որ Թբիլիսիում բավական մեծ հույսեր են կապում Վրաստանի տարանցիկ կարգավիճակն ամրապնդող ցանկացած համատեղ ծրագրի իրականացման հետ:

«Մեզ միավորում են ռազմավարական, տարածաշրջանային բնույթի այնպիսի նախագծեր, որոնք հնարավորություն կտան, մի կողմից, նպաստել մեր քաղաքացիների բարեկեցության աճին, մյուս կողմից էլ՝ ավելի կամրապնդեն մեր հարաբերությունները», - Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ընթացքում հայտարարում էր Վրաստանի վարչապետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG