Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ կառավարությանը պատկանող Երևանի ՋԷԿ-ը այսօրվա դրությամբ «Գազպրոմ Արմենիա»-ին պարտք է 33.8 միլիոն դոլար:
Նախարարը մանրամասնեց, որ պարտքը մարելու համար Հայաստանի կառավարությունը Համաշխարհային բանկից 20 միլիոն դոլար վարկ է վերցրել: Նախատեսված է «Գազպրոմ Արմենիա»-ի պարտքն ամբողջովին մարել մինչև 2017 թվականի օգոստոսի 1-ը, որից հետո կմնա Համաշխարհային բանկի վարկը․ - «Միանշանակ խնդիրը կա: Երբ ես նշանակվում էի նախարար, երկրի նախագահը, կարևորագույն խնդիրներից մեկը, որ դրվում էր իմ առջև, համարեց Երևանի ՋԷԿ-ի ֆինանսական առողջացման ծրագիրը: Ես ստեղծել եմ բավականին մեծ խումբ մասնագետների, որոնք տեղում կատարել են ուսումնասիրություններ: Մայիսի 25-ին երկրի նախագահին ներկայացրել եմ ըստ ամիսների, ըստ ծախսերի մանրամասն ծրագիր: Եվ ըստ այդ ծրագրի, 2017 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ մենք կունենանք բավականին առողջ ֆինանսապես և գործունեությունը կազմակերպող կազմակերպություն, որը կլինի Երևանի ջերմաէլեկտրակայանը»:
Հարցին, թե երբ կկարողանա Երևանի ՋԷԿ-ն ամբողջովին մարել այդ պարտքը, Յոլյանը արձագանքեց․ - «Ես կարող եմ ասել հետևյալը․ վարկային միջոցները, որոնք տրամադրվում են, դա շուրջ 21 միլիոն ամերիկյան դոլար է, տրամադրվում են 40 տարի ժամկետով: Ըստ իմ հաշվարկների․․․ մենք կունենանք մյուս տարի օգոստոսի 1-ի դրությամբ մի բեռ ընդամենը՝ դա կլինի Համաշխարհային բանկի ներկայացրած վարկային միջոցները, որոնք չեն խանգարի, որ ինքը զարգանա: Եվ նման մոտեցման դեպքում մենք կարող ենք այդ վարկը շատ ավելի շուտ մարել»:
Նախարարը հայտարարեց, որ պարտքի արդեն վճարված 20 միլիոն դոլարը մարվել է ոչ թե գույք փոխանցելով կամ որևէ այլ ձևով, այլ «միայն գումարով»:
Նախարարը չմանրամասնեց, թե ինչպես և երբ է առաջացել այդ հսկայածավալ պարտքը, որը մարելու համար Հայաստանի իշխանությունները ստիպված են եղել վարկ վերցնել, որը, անշուշտ, մարելու են հայաստանյան հարկատուները: Յոլյանը միայն նշեց, որ նման իրավիճակ է ստեղծվել Երևանի ՋԷԿ-ի գործունեության հետևանքով, ստեղծվել է մինչև իր պաշտոնավարումը:
Երեկ «Ազատության» հետ զրույցում «Գազպրոմ Արմենիա»-ի լրատվական ծառայության ղեկավար Շուշան Սարդարյանը նշեց, որ Երևանի ՋԷԿ-ի պարտքն առաջացել է մատակարարված գազի դիմաց:
Երևանի ՋԷԿ-ում այդ գազով էլեկտրաէներգիա են արտադրել: Ու՞ր է հոսել գումարը, որ առաջացել է այդ էլեկտրաէներգիայի վաճառքից, փաստորեն հայտնի չէ: Այս առնչությամբ Յոլյանն ասաց․ - «Ես ընդամենը Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարն եմ: Նման հարցերի համար կան համապատասխան մարմիններ, որոնց կարող եք դիմել։ Եթե ես սկսեմ զբաղվել նման հարցերով, ես էներգետիկայի զարգացման գործերով չեմ կարող զբաղվել»:
Նախարարը ընդգծեց՝ պարտքը մարելու համար Երևանի ՋԷԿ-ը ամբողջովին կամ մասնակի չի փոխանցվի «Գազպրոմ Արմենիա»-ին: