Մատչելիության հղումներ

Հայաստանցի քաղաքագետները մեկնաբանում են Ադրբեջանի արտգործնախարարի թբիլիսյան հայտարարությունը


Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները պետերբուրգյան հանդիպումից առաջ: 20-ը հունիսի, 2016 թ․
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները պետերբուրգյան հանդիպումից առաջ: 20-ը հունիսի, 2016 թ․

Էլմար Մամեդյարովը, հիշեցնենք, երկուշաբթի օրը Թբիլիսիում հայտարարել է, թե «Պետերբուրգում Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ կայացած հանդիպումից հետո ղարաբաղյան կարգավորման բանակցությունները կարծես ճիշտ ուղու վրա են»:

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախագահ Ստեփան Սաֆարյանը կարծում է, որ պաշտոնական Բաքուն ակնարկում է, թե պատրաստ է ռուսական պլանով ղարաբաղյան հարցի կարգավորմանը՝ փորձելով այս կերպ դրդել Ռուսաստանին ուժեղացնել ճնշումները Հայաստանի նկատմամբ:

«Եթե մենք ուշադրություն դարձնենք Մամեդյարովի խոսքերին, այն գրեթե անուղղակիորեն վերարտադրում է Լավրովի պլանը տնտեսական կապերի վերականգնման, տնտեսական օգուտների և այլնի կապակցությամբ: Բաքուն կարծեք թե հասկացնում է, որ ինքը պատրաստ է ռուսական պլանով կարգավորմանը և ակնկալում է, որ Մոսկվան կշարունակի ճնշումները Երևանի վրա՝ այդ լուծմանը հասնելու առումով: Այսինքն Բաքուն բավականին նուրբ թակարդ է լարում, և այս առումով, այո՛, մտահոգվելու խնդիր կա, որովհետև փաստացի փորձում է ճնշումների դաշտ բացել Երևանի վրա՝ հասկացնելով, որ ինքը կողմ է ռուսական պլանին, և Մոսկվան խնդիր ունի Երևանի հետ», - «Ազատության» հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Իրականում, սակայն, ըստ Սաֆարյանի, Ադրբեջանը ոչ թե կողմ է ռուսական ծրագրին, այլ իմիտացիայի է գնում՝ լարելու Հայաստան - Ռուսաստանի հարաբերությունները:

Հարցին, թե ի՞նչ քայլերի պետք է դիմի Երևանը, քաղաքագետը պատասխանեց․ - «Երևանն էլ փորձում է ցույց տալ փոխզիջումներին իր հավատարմությունը՝ թեպետ հրաշալի հասկանալով, որ ո՛չ սեփական հասարակությունը, ո՛չ էլ ինքը այլևս չեն կարող համաձայն լինել կարգավորման նախկին տարբերակներին, ինչի մասին մի քանի անգամ անուղղակի ակնարկել է Սերժ Սարգսյանը, երբ խոսում է անցյալ ժամանակային ձևով, որ՝ Երևանը այն ժամանակ համաձայն էր, բայց կարծեք թե այժմ համաձայն չէ: Երկու կողմն էլ պարզապես փորձում են ցույց տալ, թե իրենք կողմնակից են կարգավորման այդ տարբերակին, մինչդեռ իրականում երկուսի համար էլ հավասարապես այն անընդունելի է և չեն կարող ուղղակի համաձայնել դրան: Պարզապես յուրաքանչյուրը փորձում է այնպես անել, որ մերժողը այս ամենի լինի մյուս կողմը: Հընթացս նաև Բաքվի նպատակն է, եկեք ճիշտ հասկանանք, ոչ թե այս պահին խնդրի կարգավորումը, այլ ավելի թուլացնելը Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշինքը: Ըստ էության նաև ակնհայտ է, նաև Ադրբեջանի նախագահականին մոտ կանգնած լրատվամիջոցների պահվածքից, որ նրանք ակնկալում են, որ մինչև տարվա վերջ կա՛մ Ռուսաստանը կկարողանա կատարել իր խոստումը՝ վերադարձնելով մի քանի շրջաններ, կա՛մ այդ ընթացքում իրենք այնքան վատացրած կլինեն Հայաստան - Ռուսաստան հարաբերությունները, որ կկարողանան միգուցե հաջորդ տարվա ընթացքում դիմել հերթական արկածախնդրությանը»:

Կարևորելով Սանկտ Պետերբուրգի հանդիպումը՝ Էլմար Մամեդյարովը, ըստ վերլուծաբանի, փորձում է արժեզրկել Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները․ - «Երբ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը կողմ է արտահայտվում սանկտպետերբուրգյան օրակարգին, կարծես թե հասկացնում է, որ Վիեննայի պայմանավորվածությունները կյանքի կոչելու կարիքը չկա, որովհետև ինքը պատերազմ չի պատրաստվում անել, ինքը մեծ սպասումներ ունի բանակցային գործընթացից, բանակցությունները, ինչպես ինքն է նշում՝ կարծես թե ընթանում են ճիշտ տրամաբանությամբ, հետևաբար սրանով փորձում է արժեզրկել և մոռացության մատնել Վիեննայի պայմանավորվածությունները, որոնք իր համար մահացու են, քանի որ դրանք իրավիճակի կառավարման լուրջ գործիքներ են ստեղծում, ինչպես հետաքննության մեխանիզմի ներդրումն է կամ մոնիտորինգի կարողությունների ընդլայնումը»:

Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանի կարծիքով, Էլմար Մամեդյարովի հայտարարությունը, թե «ղարաբաղյան կարգավորման գործընթացում բեկման հնարավորություն կա» դիվանագիտական բնույթի է, և չի արտացոլում իրական վիճակը, որը նրա կարծիքով մոտ է փակուղուն․ - «Այ, եթե ադրբեջանական կողմը հույս ունի, որ ճիշտ ուղու վրա գտնվելը նշանակում է ինչ-որ միակողմանի զիջումներ, այլ ոչ թե փոխզիջումներ, երբ համարժեք զիջումներ պետք է լինեն նաև ադրբեջանական կողմից, դա այլ բան է: Բայց ես չեմ կարծում, որ այս պահին մենք ունենք այդ իրավիճակը, որը ուշ թե շուտ բերելու է այն իրավիճակին, երբ որ Ադրբեջանը կա՛մ պիտի ընդունի, որ այդ բանակցությունները գրեթե նույն տրամաբանությամբ շարունակվելու են, ոնց որ դա եղել է մինչև ապրիլյան իրադարձությունները, այն է՝ հանդիպումներ կլինեն, բայց կողմերը կմնան հին մոտեցումների վրա, կա՛մ Ադրբեջանը միգուցե փորձ կանի վերադառնալ այն գործողություններին, որ փորձեց իրագործել այս տարվա ապրիլին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG