Մատչելիության հղումներ

Լրացավ Անդրիաս Ղուկասյանի հացադուլի 30 օրը


Անդրիաս Ղուկասյանը, Արմեն Մարտիրոսյանը և Դավիթ Սանասարյանը հուլիսի 29-ի երթի ժամանակ
Անդրիաս Ղուկասյանը, Արմեն Մարտիրոսյանը և Դավիթ Սանասարյանը հուլիսի 29-ի երթի ժամանակ

Անդրիաս Ղուկասյանը արդեն մեկ ամիս է շարունակում է հացադուլը: «Ոտքի՛ Հայաստան» շարժման անդամը կալանավորվել է ի աջակցություն «Սասնա ծռեր» զինված խմբի Սարի թաղում տեղի ունեցած երթից հետո:

Երթը հատուկ միջոցներ կիրառելով ցրեցին իրավապահները, ինչից հետո դրա առաջնորդներին, այդ թվում՝ Ղուկասյանին մեղադրեցին զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ: Նույն մեղադրանքով գործով անցնող «Ժառանգություն» կուսակցության ղեկավար անդամները գրավի դիմաց ազատ արձակվեցին կալանքից:

«Ազատության» հետ զրույցում Ղուկասյանի փաստաբան Կարեն Մեժլումյանը իր պաշտպանյալի առողջական վիճակի մասին հարցին պատասխանեց․ - «Մենք, ամեն դեպքում, նրան հորդորում ենք, որ դուրս գա հացադուլից, բայց նա, գոնե այսօրվա դրությամբ, դուրս չի եկել: Ինքը ասում է՝ էդ վիճակի համար իրեն լավ է զգում»:

Փաստաբանի փոխանցմամբ՝ Ղուկասյանին բժիշկներ այցելում են պարբերաբար, ամեն օր․ - «Էդ առումով Անդրիասը որևէ խնդիր չունի, այսինքն՝ իրեն հետևում են, անալիզներ էլ են նոր վերցվել, որ ստուգեն, այսինքն՝ նաև մեր տարած բժիշկների միջոցով»:

Վերաքննիչ դատարանը օրեր առաջ մերժեց Ղուկասյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու դիմումը: Հարցին, թե ի՞նչ քայլեր են այս պահին ձեռնարկում, Մեժլումյանը արձագանքեց․ - «Դիմել ենք, որպեսզի ստանանք էդ որոշումը, որպեսզի վճռաբեկ բողոք բերենք, նաև ձայնագրությունը: Բայց նաև մենք արդեն դիմել ենք առաջին ատյանի դատարան, որպեսզի գրավ կիրառեն և գրավի վճարելու պայմանով Անդրիաս Ղուկասյանին բաց թողնեն: Այդ հարցը լսվելու է սեպտեմբերի 8-ին: Այլ քայլեր էլ կան, որ առաջիկա օրերին հանրությանը կներկայացնենք»:

Ի պատասխան դիտարկման, որ նույն գործի շրջանակում նաև «Ժառանգության» անդամներն են անցնում, այդ թվում՝ կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, և նրանց դեպքում Վերաքննիչ դատարանը փոխեց խափանման միջոցը, փաստաբանը շեշտեց․ - «Ավելին ասեմ՝ հենց քրեական գործի բոլորի մասով գնում է՝ Անդրիաս Ղուկասյանը, Արմեն Մարտիրոսյանը և Դավիթ Սանասարյանը այս են արել, այն են արել, այն են արել, ամբողջը տենց է գնում, և Դավիթի ու Արմեն Մարտիրոսյանի մասով Վերաքննիչը փաստորեն կալանքի փոխարեն գրավ կիրառեց և ազատ թողեց, Անդրիաս Ղուկասյանի մասով՝ ոչ: Ես էս պահին հակված եմ մտածել, որ դա զուտ դատավորի պահով բախտը չբերեց: Նաև դա հաշվի առնելով՝ մենք կրկին անգամ գրավի միջնորդությամբ առանձին դիմել ենք՝ հույս ունենալով, որ նոր նորմալ դատավորների մոտ գործը կգնա»:

Մեժլումյանը նաև հաստատեց, որ իր պաշտպանյալին ևս, ինչպես և «Ժառանգության» անդամներին, մեղադրանք է առաջադրվել միայն ոստիկանների ցուցմունքներով՝ «որպես հիմնավոր կասկած դրանք են ներկայացրել»:

«Երեքի անունն է գրած, երկուսին բաց են թողել, եթե պետք է էլի մերժեն, ուրեմն՝ մեկ անգամ էլ կհաստատեն, որ քաղաքական հետապնդում է հատկապես Անդրիասի մասով», - ամփոփեց Կարեն Մեժլումյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG