Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախագահ Ստյոպա Սաֆարյանը քաղաքական է համարում հայաստանյան դատարանի երեկվա որոշումը, որով մերժվեց դատախազության միջնորդությունը Ռուսաստանի քաղաքացի Սերգեյ Միրոնովին 40 օրով կալանավորելու վերաբերյալ, նա ստորագրությամբ ազատ արձակվեց դատարանի դահլիճից:
Միրոնովը, հիշեցնենք, առայժմ չի կարող լքել Հայաստանի տարածքը՝ մինչև ԱՄՆ նրա արտահանձնման հարցով որոշման ընդունումը: Ըստ Հայաստանի ոստիկանության հաղորդագրության՝ 30-ամյա Միրոնովը միջազգային մակարդակով հետախուզվում է Միացյալ Նահանգների իրավապահ մարմինների կողմից` փողերի լվացման և զենքի ապօրինի առևտրի մեղադրանքներով: Արտահանձնման հարցը դատարանը պետք է քննի առաջիկա 40 աշխատանքային օրվա ընթացքում:
«Ազատության» հարցին՝ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը զուտ իրավակա՞ն, թե՞ քաղաքական է, Ստյոպա Սաֆարյանը պատասխանեց․ - «Այստեղ իրավական որևէ բան չկա, քաղաքական է: Եվ հիշում ես շաբաթներ առաջ մեր հայ քաղբանտարկյալների հետ կապված մեր դատարանների պահվածքը, երբ ամենատարբեր ապացույցներն էին ներկայացվում, որ կասկածյալները չեն խուսափի որևէ քննությունից, բայց նրանց որևէ մեկի նկատմամբ դատարանը այնքան խիզախություն չէր ունենում՝ դեմ գնար դատախազի կամ քննիչի միջնորդությանը և նրանց ազատ արձակեր դատարանի դահլիճից, ինչպես որ Միրոնովի պարագայում արվեց»: Նա ընդգծեց՝ «կատարված արարքը կամ արարքը, որի մեջ նա մեղադրվում է, հաստատապես ավելի լուրջ է, քան քար նետելն է ոստիկանի ուղղությամբ կամ անգամ այսպես ասած Սարի թաղի զանգվածային անկարգության գործն է»:
«Ինչևիցե, սա ուղղակի դատարանի պահվածքի հետ կապված լրացուցիչ ինդիկատոր է այն բանի մասին, որ դատարանը բառացիորեն քաղաքական որոշում է կայացրել», - հայտարարեց Սաֆարյանը:
Հարցին՝ ո՞ւմ կողմից է եղել թելադրանքը, վերլուծաբանը պատասխանեց․ - «Թելադրանքը, ես կարծում եմ, ոչ միայն Հայաստանի իշխանությունների կողմից է, այլ նաև Ռուսաստանի իշխանությունների կողմից: Խնդիրը այն է, որ տվյալ պարագայում երիտասարդը՝ Միրոնովը, մեղադրվում է բավականին լուրջ հանցագործությունների մեջ․ մի կողմ թողնելով այն, ինչ որ հնչեցվում է դատարանում, խոսքը վերաբերում է ռազմական ոլորտում նոր տեխնոլոգիաների փոխանցմանը՝ դա նույնպես այդ կարգավորումների տակ է ընկնում, և այս կտրվածքով, իհարկե, Հայաստանի Հանրապետությունը հայտնվել էր աննախանձելի իրավիճակում, և Հայաստանի իշխանությունները բավականին բարդ որոշում պետք է ընդունեին»:
«Ինչո՞ւ ձերբակալել, եթե գիտեին, որ խնդիրներ են ունենալու, լինելու է քաղաքական որոշումը, թելադրանքը Ռուսաստանից»․ այս կապակցությամբ Ստյոպա Սաֆարյանը կարծիք հայտնեց, որ չձերբակալելն անհնար էր: «Ի վերջո, չմոռանանք, որ որքան էլ «Զվարթնոց» օդանավակայանում սահմանային անցակետը հսկում են համատեղ՝ ռուս և հայ [սահմանապահները], բայց, այնուամենայնիվ, սա մի համակարգ է, որը միացած է միջազգային համակարգին, և վաղ թե ուշ Ինտերպոլը հնարավորություն ուներ պարզելու, որ հետախուզման մեջ գտնվող անձը հատել է Հայաստանի սահմանը», - շեշտեց նա:
«Ի՞նչ եք կարծում, ինչպիսի՞ որոշում կկայացնի Հայաստանը: Ի վերջո, հասկանալի է, որ եթե արտահանձնի՝ խնդիրներ է ունենալու Ռուսաստանի հետ, եթե չարտահանձնի, ապա խնդիրներ կարող է հարուցել Միացյալ Նահանգները», - սրան էլ վերլուծաբանը արձագանքեց․ - «Հայաստանին շատ բան չի մնացել, և Հայաստանի իշխանությունները կարծեք թե ընդունել են հետևյալ որոշումը՝ ազատ ենք արձակում, ինչպես ռուսական կողմն է պահանջում, բայց նաև, ըստ էության, կարծում եմ, Հայաստանի իշխանությունները սպասում են առավելապես, որ այս թնջուկը կլուծվի Վաշինգտոն-Մոսկվա առանցքով, և կխուսափեն իրենք հավելյալ կողմնորոշվելու հանգամանքներից»:
Հարցազրույցն ամբողջությամն կարող եք դիտել այստեղ․