Հոկտեմբերի 2-ին կայանալիք ընտրություններին մասնակցության հայտ են ներկայացրել 8 քաղաքական ուժեր՝ «Բարգավաճ Հայաստան»-ը, «Համախմբում»-ը, «Լուսավոր Հայաստան»-ը, Հայ ազգային կոնգրեսը, Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, «Հայկական վերածնունդ»-ը, «Քաղաքացիական պայմանագիր»-ը և Հայաստանի Հանրապետական կուսակցությունը:
«Բարգավաճ Հայաստան»-ի ցուցակը գլխավորում է Վանաձորի բժշկական կենտրոնի աշխատակից, ԲՀԿ անդամ Այծեմնիկ Օհանյանը: Նա տարիներ առաջ ավագանու կազմում է եղել:
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորում է Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանի եղբայրը՝ Քրիստ Մարուքյանը:
Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի «Համախմբում» կուսակցության ցուցակում առաջինը Վանաձորի մանկավարժական համալսարանի դասախոս Վահան Ղույումչյանն է: «Ազատության» հետ զրույցում նա հայտարարեց, թե ընտրվելու դեպքում ծառայելու են «ժողովրդին ու քաղաքին»․ - «Մենք ներկայացնելու ենք մեր ծրագրերը և ազնիվ մրցակցային պայքար ենք մղելու: Մենք շեշտում ենք, որ մենք ծառայելու ենք գալիս, ոչ թե տեր դառնալու ենք գալիս»:
Իշխանությանը մաս կազմած Դաշնակցության ցուցակում առաջինը կուսակցության Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի աշխատակից Նելսոն Մամուլյանն է: «Ազատության» հետ զրույցում նա ասաց, որ ցանկանում է, որ «թեժ գաղափարական պայքար լինի»․ - «Բացարձակապես գաղափարական դաշտում, Վանաձորի զարգացման ծրագրային դաշտում, որի արդյունքում նաև ծնվեն նոր մտքեր, նոր գաղափարներ և իրականացնող թիմ: Միայն այդ հարթակում կցանկանամ, որ թեժություն լինի»:
«Հայկական վերածնունդ» կուսակցության ցուցակը գլխավորում է Վանաձորի ավագանու անդամ Արկադի Փելեշյանը:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակում առաջին համարը նույնպես գործող ավագանու անդամ, ամիսներ առաջ կուսակցության շարքերը համալրած Արամ Խաչատրյանն է:
Հայ ազգային կոնգրեսի ցուցակը գլխավորում է ընդդիմադիր քաղաքական ուժի տարածքային կառույցի ղեկավար Ռուբեն Ոսկանյանը: Երկրորդ համարն այս ցուցակում Լոռու նախկին մարզպետ, անկուսակցական Ստեփան Այվազյանն է:
Ռուբեն Ոսկանյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ ՀԱԿ-ը ցանկանում էր դաշինքով մասնակցել ընտրություններին՝ իշխանություններին ավելի հզոր այլընտրանք լինելու համար: Սակայն չի հաջողվել համաձայնության գալ մյուս ընդդիմադիր ուժերի հետ, և ՀԱԿ-ը հանդես է եկել առանձին ցուցակով:
«Ժառանգություն» կուսակցությունն ավելի վաղ հայտարարել էր, որ չի մասնակցելու ՏԻՄ ընտրություններին:
17 տարի ի վեր Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը թեկնածությունն իշխող Հանրապետականը չի առաջադրել: ՀՀԿ֊ի ցուցակը գլխավորում է կուսակցության նորեկ, նոտար Մամիկոն Ասլանյանը: Կուսակցության ցուցակում են նաև գործող ավագանու անդամների մեծամասնությունը: