Մատչելիության հղումներ

Դատարանը մերժեց ՌԴ քաղաքացի Սերգեյ Միրոնովին կալանավորելու միջնորդությունը


Սերգեյ Մինորովը «Զվարթնոց» օդանավակայանում: 29-ը օգոստոսի, 2016 թ․
Սերգեյ Մինորովը «Զվարթնոց» օդանավակայանում: 29-ը օգոստոսի, 2016 թ․

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր մերժեց դատախազության միջնորդությունը Սերգեյ Միրոնովին 40 օրով կալանավորելու վերաբերյալ. ռուսաստանցին ստորագրությամբ ազատ արձակվեց դատարանի դահլիճից:

Միաժամանակ, դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ, Միրոնովը չի կարող լքել Հայաստանի տարածքը՝ մինչև ԱՄՆ նրա արտահանձնման հարցով որոշման ընդունումը: Արտահանձնման հարցը դատարանը պետք է քննի առաջիկա 40 աշխատանքային օրվա ընթացքում:

Սերգեյ Միրոնովի փաստաբան Ռուբեն Կիրակոսյանը լրագրողներին փոխանցեց, որ Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունն է երաշխավորել դատարանին, որ Սերգեյ Միրոնովը չի լքի Հայաստանի տարածքը․ - «Այսօր նայվում էր ընդամենը խափանման միջոց ընտրելու հարցը: Հիմնական հարցը այսօր չի նայվել՝ էքստրադիցիայի պահանջը բավարարե՞լ, թե՞ ոչ: Դատախազությունը չկարողացավ ներկայացնել․․․ այն փաթեթը ամերիկյան օրենսդրության համար, որը պետք է ներկայացվեր: Չկար ո՛չ դատական որոշում ամերիկյան վավերացմամբ, ո՛չ հետախուզման հայտարարությունը, որոնք այն ստանդարտ փաթեթն են, որը պետք է ներկայացվեր, որպեսզի բավարարվեր ինչ-որ մի բան: Այսօր խափանման միջոցի հարցն է ընդամենը նայվել, և դատավորը բավարարեց մեր խնդրանքը՝ նրան չկալանավորել»:

Ռուսաստանի քաղաքացի Սերգեյ Միրոնովը ուրբաթ ցերեկը ձերբակալվեց Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում: Հայաստանի ոստիկանության հաղորդմամբ, 30-ամյա Միրոնովը այս տարվա մայիսի 11-ից միջազգային մակարդակով հետախուզվում է Միացյալ Նահանգների իրավապահ մարմինների կողմից՝ փողերի լվացման և զենքի ապօրինի առևտրի մեղադրանքով:

Հայաստանի դատախազությունը հինգ աշխատանքային օր ունի դատարանի այսօրվա որոշումը բողոքարկելու համար:

Սերգեյ Միրոնովը չէր թաքցնում իր ուրախությունը․ - «Ցանկանում եմ մեծ շնորհակալություն հայտնել կնոջս՝ աջակցության, իրավական պաշտպանությունը կազմակերպելու համար: Ճիշտ է, լուծումը դեռևս կարճաժամկետ է, բայց հույս ունեմ՝ այս խնդիրը կկարգավորվի, բոլոր մեղադրանքները կհանվեն, և ես տուն կգնամ»:

Սերգեյ Միրոնովի փաստաբաններից Կարեն Ներսիսյանը «Ազատության» հետ զրույցում ուշագրավ մասնրամասներ ներկայացրեց գործի նյութերից, ըստ որոնց ԱՄՆ հատուկ ծառայությունների գործակալները կապվել են Միրոնովի հետ և նրան առաջարկել են 50 հազար դոլարով գնել գիշերային դիտման սրաքեր․ - «Էդ գումարը փոխանցել է, և ապրանքը պետք է առաքվեր Ռուսաստան, բայց Ռուսաստանում ստանում են արկղը, արկղում ոչ մի բան չկա: Բայց ամերիկյան իշխանությունների կողմից փաստվում է, որ հանցագործությունը տեղի է ունեցել արդեն կյանքում»:

Փողերի լվացվման մեղադրանքին վերաբերող հարցին Կարեն Ներսիսյանն արձագանքեց․ - «Էդ գումարը, որ փոխանցել է, որպեսզի գնի այդ ապրանքը, համարվում է փողերի լվացում»:

Հայաստանում Միացյալ Նահանգներ դեսպանությունից «Ազատության» հարցմանն ի պատասխան խորհուրդ տվեցին դիմել Հայաստանի իշխանություններին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG