Մատչելիության հղումներ

Թուրքական զինուժը նոր հարվածներ է հասցնում Սիրիայի հյուսիսում


Թուրքական տանկային շարասյունը ուղևորվում է դեպի թուրք-սիրիական Ջարաբլուս բնակավայր, 25-ը օգոստոսի, 2016թ․
Թուրքական տանկային շարասյունը ուղևորվում է դեպի թուրք-սիրիական Ջարաբլուս բնակավայր, 25-ը օգոստոսի, 2016թ․

Թուրքական զինուժը նոր հարվածներ է հասցնում թուրք-սիրիական սահմանից 1 կմ հեռավորության վրա գտնվող Ջարաբլուս բնակավայրում տեղակայված դիրքերի ուղղությամբ։

«Անադոլու» գործակալությունը, վկայակոչելով ռազմական աղբյուրները, հաղորդում է, որ թուրքական զինված ուժերի հատուկ ստորաբաժանումները նախօրեին ոչնչացրել են Ջարաբլուսի հարավում գտնվող հրամանատարական կետեր և զինապահեստներ։

Թուրքական տասնյակ տանկեր ու ռազմական կործանիչներ անցած չորեքշաբթի ներխուժեցին Սիրիայի տարածք՝ պաշտոնական Անկարայի հավաստմամբ՝ Թուրքիայի սահմանամերձ շրջանները իսլամիստ ահաբեկիչներից մաքրելու նպատակով: Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարեց, թե Սիրիայի հյուսիսում թուրքական բանակի ու անվտանգության ուժերի սկսած ռազմական գործողություններն ուղղված են «Իսլամական պետության» և Քրդական դեմոկրատական միության ահաբեկիչների դեմ, որոնք շարունակ սպառնում են Թուրքիայի անվտանգությանը։ մինչդեռ, Սիրիայի քրդերն ասում են՝ Անկարան ընդամենը օգտագործում է ահաբեկչության դեմ պայքարի պատրվակը՝ իրենց դիրքերը թուլացնելու համար:

Նախագահ Ասադի վարչակազմը խիստ է արձագանքել Սիրիայում թուրքական զինուժի գործողություններին՝ հայտարարելով, որ Թուրքիան «ակնհայտորեն» խախտել է իր երկրի տարածքային ամբողջականությունը:

Ըստ թուրքական ԶԼՄ-ների, Անկարան Սիրիայում ռազմական գործողություններ իրականացնելու ծրագիրը դեռ երկու տարի առաջ էր նախապատրաստել։ Թուրքական «Հյուրիյեթը», վկայակոչելով թուրքական բարձրաստիճան պաշտոնյաներին, գրում է, թե Սիրիա մտնելու ծրագրի իրականացմանը մասնավորապես խանգարել էր 2015-ի նոյեմբերին ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցման միջադեպը։

Սիրիայի տարածքում սկսված «Եփրատի վահան» անվանումը կրող այդ գործողության գլխավոր նպատակն, ըստ էության, Եփրատի արևելյան ափ քրդերի անցման կասեցումն է։ Թուրքական իշխանությունները բազմիցս են հայտարարել, որ երբեք թույլ չեն տա քրդերին պետություն ստեղծել Սիրիայի հյուսիսում։

«Մենք պաշտպանում ենք նաև Սիրիայի տարածքային ամբողջականությունը։ Այնտեղ գործող ահաբեկչական խմբավորումների նպատակը անջատողական գործունեության ծավալումն է ինչպես Թուրքիայում, այնպես էլ Սիրիայում: Մասնավորապես, քրդերի նպատակն այս տարածքներում այսպես կոչված պետության ստեղծումն է։ Նրանք այդպիսի երազանք ունեն, որին երբեք չեն հասնելու», - անցած ուրբաթ հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը։

Անկարան զգուշանում է, որ Սիրիայում և Իրաքում քրդական ինքնավարությունների ստեղծումից հետո նույնը կանեն նաև Թուրքիայի քրդերը, որոնք տասնամյակներ շարունակ պայքարում են երկրի արևելյան և հարավ-արևելյան հատվածներում ինքնավարություն ձևավորելու համար։

ԱՄՆ-ը ոչ միանշանակ է արձագանքում սիրիական Ջարաբլուսում Թուրքիայի ձեռնարկած քայլերին։ Միացյալ նահանգները պաշտպանում է Սիրիայում ԻՊ-ի զինյալների դեմ պայքար մղող քրդական ստորաբաժանումներին, որոնց դիրքերին հարվածում է նույն ԱՄՆ-ի դաշնակից Թուրքիան։

«Անադոլու» գործակալության հաղորդմամբ, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին Ժնևում հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կողմ են Սիրիայի տարածքային ամբողջականությանը և չեն աջակցում քրդերի անկախացման որևէ նախաձեռնության։

«Մենք չափավոր կերպով համագործակցում ենք որոշ քրդական տարրերի հետ։ Հասկանում ենք, որ մեր դաշնակից Թուրքիան շատ զգայուն է այս հարցում», - ասել է Քերրին։

Արևմտյան փորձագետները, գրելով թուրքական զինուժի գործողություններին ԱՄՆ-ի արձագանքի մասին, արձանագրում են՝ Վաշինգտոնն իր երկու դաշնակիցներից նախապատվություն տվեց Թուրքիային՝ հուսալով փրկել թուրք-ամերիկյան հարաբերությունները։ Նրանք փաստում են, որ Թուրքիայի սիրիական գործողություններով իրավիճակը Մերձավոր Արևելքում գնալով ավելի կխճճվի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG