Ժողովրդական արվեստն առևտրական այս հրապարակում ներկայացնողներն ասում են, թե լուսանցքում են հայտնվել։ 30 տարուց ավելի ասեղնագործությամբ զբաղվող Վարդիշաղ Կարապետյանը պատմում է՝ «Երբ ժամանակին Վերնիսաժը ստեղծվեց, այն ստեղծվեց, որպեսզի ցուցադրվեն ժողովրդական արվեստի գործեր, իսկ այսօր ես տեսնում եմ, որ Վերնիսսաժում շատ առևտրային ապրանքներ կան, հատկապես՝ Թուրքիայից բերած կտորեղեն։ Դրանք ահռելի տեղ են զբաղեցնում»:
Այդ ամենի արդյունքում՝ ձեռագործի վարպետներին ու գորգագործներին տեղ չի մնում։ Ժողվարպետների գլխավոր դժգոհությունն անհարմար տաղավարներն են ու տեղի՝ 10 անգամ թանկացած վարձը։ Նախկին 100 դրամի փոխարեն ներկայումս գծամետրի համար 1000 դրամ է սահմանվել։ Վարպետների այս բողոքներին Վերնիսաժի տնօրինությունը հակադարձում է՝ Նորոգումից հետո տեղերի թիվը նվազել է՝ 2000-ից դառնալով 1250: Ձեռագործ անողներին ստիպված են միջանցքներում տեղ տալ, փոխարենը՝ պատրաստ են տարածքի վարձակալման զեղչեր տրամադրել: «Շինարարությունը վերջացնելուց հետո, միայն ձեռագործ անողներին, զեղչ տրամադրելու ենք»,- ասում է Վերնիսաժի տնօրենը։
Վարդիշաղ Կարապետյանն, ի պատասխան, նշում է՝ «Մենք ընդհանրապես դեմ ենք զեղչերին։ Պետք է տարածքի վճարման սակագների մոտեցում մշակեն։ Կա աշխատանք՝ մեկ օրում է ստեղծվում, աշխատանք էլ կա՝ մեկ տարում»:
Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը խնդրին տեղում ծանոթանալու համար այսօր շրջել է Վերնիսաժում։ Համոզվել է՝ մեկ շարքում ձեռագործ անողներին տեղ հատկացնելու հնարավորություն չկա։ Հունիսին ընդունված՝ մայրաքաղաքի ավագանու որոշման համաձայն, Վերնիսաժի վաճառողները պարտավորվում են Բյուզանդի փողոցին հարող մայթն ազատել։ «Պետք է առաջարկենք քաղաքապետարանին, որ թույլ տա՝ ամբողջ պատի երկարությամբ սյուներ տնկեն ու ցուցադրեն իրենց ապրանքը»,- ասում է Բախշյանը:
Միևնույն ժամանակ, նա ընթերցում է ավագանու այն որոշումը, որի համաձայն, մի շարք ապրանքների վաճառքը Վերնիսաժում այսուհետ արգելվում է՝ «Գյուղատնտեսական պարենային մթերք, կոսմետիկական ապրանքներ, ծխախոտ, աուդիո-վիդեո, կենցաղային տեխնիկա, կենցաղային քիմիա, կենդանիներ, դեղորայք, ոչ հուշանվերային բնույթի հին կենցաղային իրեր, հնամաշ հագուստ։ Սրանք բոլորն արգելվում են»:
Ժողովրդական վարպետ Վարդիշաղ Կարապետյանն առաջարկում է շրջել Վերնիսաժում ու համոզվել, որ արգելված ապրանքների ցանկն ընդլայնելու կարիք կա։ «Նույն որոշմամբ, թույլ են տալիս վաճառել թուրքական ու չինական իրեր, ապակեղեն։ Իմ դիտողություններն ավագանուն եմ ուղարկել»,- ասում է Կարապետյանը:
Մինչ ժողվարպետները տեղի կռիվ են տալիս, հնամաշ իրեր վաճառողները բողոքում են իրենց տրամադրված նոր տեղից։ Քանի որ Վերնիսաժում հին հագուստի վաճառքն արդեն արգելված է, նրանց տեղափոխել են «Հրազդան» առևտրի կենտրոնին հարակից տարածք՝ վարձը թանկ է, տեղն անհարմար, առևտուրը՝ քիչ։ «Տուրիստներ էին գալիս Վերնիսաժ, մի բան էլ մեզնից էին առնում, տուրիստը չի գալիս այստեղ, պարսիկը չի գալիս։ Տեղը, գինը, պայմանները... ոչ մի բանն էլ նորմալ չի, հենց անձրև եկավ՝ մեր իրերը թրջվելու են։ Վերնիսաժում մինչև 5-ը մնում էինք, հիմա ժամը 2-ից հավաքվում ենք»,- ասում են նրանք:
Վերջիններիս հետ չի համաձայնում Կենտրոն վարչական շրջանի առևտրի և սպասարկման բաժնի պետ Հարություն Հակոբյանը։ Ասում է՝ Ծածկն ապահովել են և մեղավոր չեն, որ արևն անընդհատ նույն դիրքում չէ, վարձն էլ նույնն է՝ «Ինչ գին եղել է Վերնիսաժում, նույնն էլ Հրազդանում է»:
Հին հագուստ վաճառողներից մի քանիսը նշեցին, որ պատրաստվում են մյուս շաբաթ, թեկուզ առանց թույլտվության, Վերնիսաժի իրենց հին տեղերը վերադառնալ: Ժողվարպետներն էլ նամակ են ուղարկել վարչապետին ու Ազգային Ժողով՝ առևտրի արժանապատիվ պայմանների ապահովման պահանջով։