Ուկրաինայի խորհրդարանում առաջարկում են պաշտոնանկ անել երկրի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովին: Առաջարկի հեղինակը «Պետրո Պորոշենկո բլոկի» պատգամավոր Սերգեյ Կապլինն է: Գերագույն ռադայի պաշտոնական կայքէջը հայտնում է, որ նրա ներկայացրած նախագիծը փոխանցվել է խորհրդարանի ղեկավարության քննարկմանը: Նախագծի տեքստը չի հրապարակվել:
Ըստ ուկրաինական «Կորեսպոնդենտ» պարբերականի, ներքին գործերի նախարարին ցանկանում են պաշտոնանկ անել իրավական համակարգի անբավարար բարեփոխումների պատճառով, իսկ առիթը Կրիվոյե Օզերով ավանում վերջերս տեղի ունեցած սպանությունն է, որը մեծ աղմուկ է առաջացրել:
Օգոստոսի 24-ին Նիկոլաևսկի շրջանի Կրիվոյե Օզերո ավանում ոստիկանները տեղացի մի քաղաքացու բերման ենթարկելու ժամանակ դաժանորեն ծեծել են նրան, տրավմատիկ ատրճանակից մի քանի անգամ կրակել նրա կրծքին, ինչի հետևանքով նա մահացել է: Այս միջադեպը հասարակական մեծ արձագանք է առաջացրել, բնակավայրում ինքնաբուխ հավաքներ, անկարգություններ են սկսվել:
Բռնություններ կատարելու մեջ կասկածվող ոստիկանների ձերբակալվելու ժամանակ հավաքվածները պահանջել են անհապաղ հաշվեհարդարի ենթարկել նրանց: Քրեական գործ է հարուցվել ոստիկանների կողմից իշխանությունը չարաշահելու մեղադրանքով, ինչը 7-ից 10 տարի ազատազրկում է ենթադրում:
Ուկրաինայի ազգային ոստիկանության ղեկավար Խատիա Դեկոնաիձեի որոշմամբ լուծարվել է Կրիվոօզերսկոյեի ոստիկանության բաժանմունքը:
Կասկածյալ երեք ոստիկանները ձերբակալվել են ուրբաթ օրը: Ոստիկաններից մեկը, ով կասկածվում է տրավմատիկ ատրճանակից կրակելու մեջ, կալանավորվել է երկու ամսով, մյուսները՝ մեկական ամսով:
Երեկ Ավակովը հայտարարել էր, որ ապօրինի գործողություններ կատարած բոլոր անձինք դատվելու են, համազգեստի պատիվը փրկելու ոչ մի փորձ չի լինելու: Նա Ֆեյսբուքում նաև գրել էր, որ Կրիվոյե Օզերոյի ոստիկանական բաժանմունքը ամբողջովին վերափոխվելու է, փոփոխություններ են լինելու նաև Նիկոլաևսկի շրջանի ոստիկանության ղեկավար կազմում: