Մատչելիության հղումներ

ՀԱՊԿ-ը ՊՊԾ գնդի տարածքի գրավման սցենարով զորավարժություններ է անցկացրել


«Սասնա ծռեր» զինված խմբավորումը ոստիկանական մեքենա է այրում, 25-ը հուլիսի, 2016թ․
«Սասնա ծռեր» զինված խմբավորումը ոստիկանական մեքենա է այրում, 25-ը հուլիսի, 2016թ․

Բելառուսում անցկացվող ՀԱՊԿ «Անխախտելի եղբայրություն - 2016» զորավարժությունների ժամանակ այդ երկրի, Ռուսաստանի և Հայաստանի ոստիկանության հատուկ նշանակության ուժերը վարժանք են անցկացրել՝ «անօրինական զինված խմբավորման կողմից զավթած շենքը գրոհով ազատագրելու և այնտեղ առկա պատանդներին ազատելու համար»:

ՀԱՊԿ լրատվական ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, բելառուսական «Օբուզ-Լեսնովսկի» զինավարժարանում օգոստոսի 23-27-ը ընթացող ՀԱՊԿ զորավարժություններին մասնակցում են նաև դաշինքի անդամ-երկրների ոստիկանությունների հատուկ նշանակության ուժերը՝ մոտ 800 հոգի, որոնք ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի բաղկացուցիչ մասն են կազմելու և որոնց նպատակն է «խաղաղության պահպանման գործողության ժամանակ օրինակության, կարգուկանոնի ապահովումը, մարդու իրավունքների պաշտպանությունը և պետական ինստիտուտների բնականոն աշխատանքի ապահովումը»:

Օգոստոսի 25-ին կայացած վարժանքի սցենարի համաձայն, Բելառուսի, Ռուսաստանի և Հայաստանի ոստիկանության հատուկ նշանակության ուժերը ուղղաթիռի, զրահապատ մեքենաների օգնությամբ «անօրինական զինված խմբավորման կողմից զավթած շենքը» գրոհով գրավելուց և այնտեղ գտնվող «զինյալների առաջնորդին» ձերբակալելուց հետո նրան՝ մեջքին ծալված ու կապված ձեռքերով, ուղղաթիռով տեղափոխել են ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի ճամբար «իրավապահ մարմիններին հանձնելու համար»: Ընդ որում, ՀԱՊԿ հաղորդագրության մեջ «զինյալների առաջնորդը» բնորոշվում է որպես «միջազգային հետախուզման մեջ գտնվող ռազմական հանցագործ»:

Հայաստանի, Ռուսաստանի և Բելառուսի ոստիկանական ուժերը նման վարժանք են անցկացնում Երևանում «Սասնա ծռեր» զինված խմբավորման կողմից ՊՊԾ գնդի տարածքի գրավման շուրջ երկու շաբաթ շարունակված ճգնաժամի հանգուցալուծումից հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG