Մատչելիության հղումներ

Սեդա Սաֆարյան․ Այսքան խախտումների տակից ինչպե՞ս են դուրս գալու իշխանավորները


Ըստ փաստաբանի՝ հուլիսի 29-ին ոստիկանների գործողությունները նման էին «գեստապոյական շարժման», «մարդաորսության»:

«Ինչպես միշտ, ընտրվեց էլի իշխանություններին ձեռնտու տարբերակը․ ոստիկանները, ովքեր ամբողջ համակարգով իրենց ուժը գործադրեցին ժողովրդի վրա, իրենք իրենց կաշին փրկելու համար այսօր հանրահավաքի մասնակիցների նկատմամբ ցուցմունքներ են տալիս», - «Ազատության» հետ զրույցում ասաց փաստաբան Սեդա Սաֆարյանը:

«Եվ որքան էլ միջազգային կառույցները քննադատեցին, որ մարտիմեկյան իրավիճակում և հետմարտիմեկյան իրավիճակում հարուցված քրեական գործերով և նույն այս քրեական գործերով իրավիճակը նույնն է, որ ոստիկանների ցուցմունքները բացառիկ են դիտվում անձանց նկատմամբ հիմնավոր կասկածը, այնուհետև մեղադրանք ներգրավելու հարցերը լուծելու առումով, միևնույն է՝ մեր հանրապետությունը շարունակում է չենթարկվել այս պարտադրիչ հանգամանքներին և ինքն իր համար շարունակում է ոստիկանների ցուցմունքների վրա կառուցել ամբողջ, ասենք, հանրահավաքի մասնակիցների մեղադրանքների որոշումները», - շարունակեց Սաֆարյանը:

Փաստաբանը, ում պաշտպանյալը՝ հուլիսի 29-ին Սարի թաղում զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ մեղադրվող և երկու օր առաջ գրավի դիմաց կալանքից ազատ արձակված՝ «Ժառանգություն» կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանը, հիշեցնենք, այսօր Վերաքննիչ դատարանում բողոքարկելու է իրեն ձերբակալելու և կալանավորելու որոշումները, նշեց․ - «Այս առումով, ես նաև նախաքննական մարմնին ներկայացրել եմ որոշակի մասնավոր անձանց հարցման ենթարկելու արձանագրություններ, լսել եմ մարդկանց, ովքեր ներկայացրել են հանրահավաքի ամբողջ այդ պատկերը, քննության եմ ներկայացրել և միջնորդել եմ որպես վկա այս անձանց հարցաքննել: Մինչև օրս, իհարկե, այդ հարցաքննությունը տեղի չի ունեցել»:

Ի պատասխան «Ազատության» հարցի՝ նա հստակեցրեց, որ խոսքը շարքային քաղաքացիների մասին է, ովքեր կարող են անկողմնակալ ցուցմունքներ տալ, այդ պահին «եղել են Հովսեփ Խուրշուդյանի կողքին, եղել են Արմեն Մարտիրոսյանի կողքին, եղել են ընդհանրապես հանրահավաքում և կարող են ազնվորեն ասել, թե ում հետ ինչու այսպես վարվեցին, ասենք, նույն լրատվամիջոցների հետ կապված ինչպիսի դաժանություն դրսևորեցին, նույն, ասենք, ժողովրդի նկատմամբ ինչու չխնայեցին իրենց բռնի գործողությունները․․․»:

«Եվ, ասեմ, այնպիսի տպավորություն է եղել, որ, ասենք, Սարի թաղի 5-րդ շենքի այսինչ բնակարանը մի տեսակ շրջապատման մեջ ոնց որ լիներ, ոստիկանները հսկում էին, որ այնտեղից մարդ դուրս չգար: Մարդկանց տպավորությունը այնպիսին է, ոնց որ գեստապոյական ինչ-որ շարժում սկսված լիներ, մարդաորսության գործընթաց սկսված լիներ, որը շատ բացասական հոգեբանական հետևանք է թողել մարդկանց վրա», - ընդգծեց Սեդա Սաֆարյանը:

«Չի կարելի անընդհատ ժողովրդին ճնշել, ծեծել, ստորացնել, նվաստացնել, տանել բաժիններում ստեղծել այնպիսի վիճակ, որ մարդիկ իրենց քաղաքական հայացքների համար զղջման խոսքեր ասեն», - ընդգծեց փաստաբանը:

«Ես այս ամբողջ իրավիճակը շատ վատ եմ գնահատում և գտնում եմ, որ նույն [Մարդու իրավունքների եվրոպական] կոնվենցիայի 11 հոդված, 10-րդ հոդվածը իրականում խախտվել է, և չեմ կարողանում ուղղակի հասկանալ, թե այսքան խախտումների տակից ինչպես են մտադիր դուրս գալու մեր իշխանավորները՝ հանձինս իրենց դատարանների, գործադիր մարմինների և մյուսների», - հայտարարեց Սեդա Սաֆարյանը:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG