Մատչելիության հղումներ

Էջմիածնում նախընտրական կրքեր են բորբոքվում


Էջմիածնի քաղաքապետի թեկնածուները փոխադարձ մեղադրանքներ են ներկայացնում
please wait

No media source currently available

0:00 0:04:03 0:00

Էջմիածնի քաղաքապետի թեկնածու Արթուր Թումանյանի հավաստմամբ, քաղաքի ղեկավարի պաշտոնի համար պայքարելու մտադրություն ունեցող Կարեն Պետրոսյանին գործող քաղաքապետի թիմակիցներն առևանգել են, որպեսզի Պետրոսյանը չկարողանա առաջադրվել։

Կարեն Պետրոսյանը, Թումանյանի փոխանցմամբ, թեկնածությունը վերջին օրով էր առաջադրում՝ օգոստոսի 19-ին, և նրան առևանգել են ոստիկանության անձնագրային բաժնից և ազատ են արձակել միայն երեկոյան, երբ արդեն լրացել էր թեկնածություն առաջադրելու ժամկետը։

Արթուր Թումանյանի վարկածն ինքը՝ Կարեն Պետրոսյանը, չի հաստատում։ Պարապությունից է որոշել թեկնածություն առաջադրել, թաղի բնակիչները սատարել են, հետո միտքը փոխել է։ Ասում է՝ առևանգողներ ու ճնշողներ չեն եղել․ - «Ուղղակի միամիտ տենց մտքովս անցել ա: Ու հետո մտածել եմ՝ ես Կամազի շոֆերից հետո քաղաքապետ․․․ իմ խելքի բանը չի»:

Պետրոսյանի առաջադրվելու որոշումն այլ կերպ է մեկնաբանում Էջմիածնի քաղաքապետարանի լրատվության բաժնի պետը։ Առևանգման մասին տեղեկությունը Վարդան Վարդանյանը հերյուրանք է որակում․ - «Թվում ա, թե կարան խանգարել, որ սեպտեմբերի 18-ին Կարեն Գրիգորյանը հաղթի քաղաքապետի ընտրություններում: Թումանյան Արթուրը մտածել է, թե էս տղու անունն էլ ա Կարեն, կարող ա հանկարծ Կարեն Գրիգորյանի հետ շփոթեն, մի տասը հոգի էլ Գրիգորյան Կարենի փոխարեն նրա՞ օգտին քվեարկի: Ասել են՝ արի գնանք անձնագրային, պետք ա տեղեկանք վերցնենք, դու մեր ընկերն ես, մեր թաղում ես ապրում․․․ խաբել են, տարել, տեղեկանք ա վերցրել: Չի իմացել, թե ինչի»:

Արթուր Թումանյանն իր հասցեին հնչող մեղադրանքին պատասխանելուց հրաժարվեց։

Մյուս թեկնածուի անունը Արթուր Խաչատրյան է։ Ասում է՝ այդ դեպքում ինքն էլ կմեղադրի գործող քաղաքապետ Կարեն Գրիգորյանին, որ իր անվանակցին հորդորել են առաջադրվել, որպեսզի իր ձայները «գողանան»: Կատարվածին Թումանյանը մեկ բացատրություն ունի՝ վախի մթնոլորտ։ Կարծում է նաև հենց դա է պատճառը, որ Կարեն Պետրոսյանը հերքում է իրեն առևանգելու մասին լուրը։

Կարեն Պետրոսյանի հետ զրույցի ժամանակ նրա տուն եկավ հարևանը՝ Գևորգ Մխիթարյանը։ Նա, ի դեպ, քաղաքապետարանի գերեզմանատների (որտեղ աշխատում է Կարեն Պետրոսյանը) տեղամասի պետն է։ Հաստատեց օգոստոսի 19-ին Պետրոսյանին հրավիրել է խնջույքի․ - «Ասի՝ Աշտարակի ձորում եմ ես: Ասեց՝ մենակ-մենակ գնացել եք խմելու, ասի՝ կարաս դու էլ գաս»:

Քաղաքապետարանի լրատվության բաժնի պետ Վարդան Վարդանյանը նշեց, որ ստահոդ լուրեր տարածողներին բարեկամաբար զգուշացնող հայտարարություն է տարածել։ Հետագայում, սակայն դիմելու են իրավապահներին․ - «Երբ որ կլինի մարդու համբավը, պատիվը արատավորող հրապարակում, երբ որ կլինի հերյուրանք իր հասցեին, իրականությանը չհամապատասխանող տեղեկություն, թող աղբյուր մատնանշեն՝ պատասխանատվություն վերցնելու պատրաստ: Հակառակ դեպքում զանգվածային լրատվամիջոցը, եթե իր վրա ա վերցնում, թող ինքը պատասխանատվության ենթարկվի»:

Արթուր Թումանյանը նշեց, որ պայքարն առանց այդ էլ թեժ է։ Այս փուլում նոր հայտարարություններ անել չի պատրաստվում։ Սակայն իր քաղաքապետ դառնալու նպատակներից մեկն էլ այն է, որ Էջմիածնում վերացնի վախի մթնոլորտը։

Էջմիածնի քաղաքապետի ընտրությունը նշանակված է սեպտեմբերի 18-ին։ Առաջադրված երեք թեկնածուներն են․ Աժ պատգամավոր Մանվել Գրիգորյանի որդին՝ գործող քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, ավագանու նախկին անդամ Արթուր Թումանյանը և քաղաքապետարանի աշխատակից, անկուսակցական Արթուր Խաչատրյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG