Մատչելիության հղումներ

Թուրքիայում հարձակման է ենթարկվել երկրի խոշորագույն ընդդիմադիր կուսակցության առաջնորդը


Թուրքիայի Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլու, արխիվ
Թուրքիայի Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլու, արխիվ

Թուրքիայի բարձրագույն իշխանության գրեթե ողջ ներկայացուցիչներն իրենց զորակցությունն են հայտնել ընդդիմադիր գործչին, կատարվածի մեջ մեղադրելով Քրդական բանվորական կուսակցության զինյալներին:

Թուրքիայում հարձակման է ենթարկվել երկրի հիմնական ընդդիմադիր ուժ համարվող Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն:

Նրա ավտոշարասյունը գնդակոծվել է սևծովյան Արտվին նահանգում: «Անադալու» գործակալության էջում տեղադրված ֆոտոշարում և տեսանյութում երևում է լեռնային այդ շրջանում ձորի միջով անցնող ճանապարհին կանգնած ավտոմեքենաների շարքը, դրանց հետևում թաքնված մարդիկ, որոնցից մի քանիսը՝ զինված են ինքնաձիգերով: Լսվում են կրակոցներ: Զրահամեքենա է մոտենում:

«Դողան» լրատավական գործակալության թղթակիցը, CNN Turk հեռուստաընկերության եթերում նկարագրելով միջադեպը, ասել է, որ Քըլրչդարօղլուի թիկնազորը պատասխան կրակ է բացել հարձակվողների վրա: Ընդդիմադիր առաջնորդը չի վնասվել, նա մնացել է ավտոմեքենայի մեջ, իսկ հարձակվողների ու անվտանգության աշխատակիցների միջև փոխհրաձգություն է տեղի ունցել:

Քըլըչդարօղլուն հեռախոսով CNN Turk-ին ասել է, թե իր անվտանգությունն ապահովող ուժերն իրեն դուրս են հանել բախման շրջանից: «Մենք ապահով վայրում ենք, բայց բախումները շարունակվում են»,- հաղորդման պահին ասել է Քըլըչդարօղլուն: Ընդդիմադիր կուսակցության առաջնորդի խորհրդականը կարծիք է հայտնել, որ զինված հարձակման թիրախը, հնարավոր է, Քըլըչդարօղլուն չէր, ուղղակի այդ շրջանում զինված բախումներ են տեղի ունեցել: Սակայն, ըստ CNN Turk-ի, ընդդիմադիր առաջնորդի թիկնապահներին հաջողվել է ոչնչացնել զինյալներից մեկին, ով պատրաստվում էր հրթիռակոծել հատկապես Քըլըչդարօղլուի մեքենան:

Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆքան Ալան ասել է, որ հարձակման ընթացքում վիրավորվել են Քըլըչդարօղլուի անվտանգությունն ապահովող երկու ենթասպա և մեկ զինծառայող: Վերջինիս վերքը լուրջ է, նա վիրավորվել է գլխից, հայտնել է Էֆքան Ալան: Արտվինի նահանգապետարանի հաղորդագրության համաձայն՝ վիրավորվածներից երկուսը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են Արտվինի պետական հիվանդանոց:

Թուրքիայի ներքգործնախարարը հարձակման մեջ մեղադրել է Քրդական բանվորական կուսակցության զինյալներին, ասելով, թե այն «միանշանակորեն նախապատրաստվել է» օրենքից դուրս գտնվող ՔԲԿ-ի կողմից: Նախարարը լրագրողներին ասել է, թե այդ շրջանում քուրդ զինյալների դեմ արդեն գործողություն է սկսվել:

Թուրքիայի նախագահը, վարչապետը, խորհրդարանի նախագահը, արդարադատության և ներքին գործերի նախարարները զանգահարել են ընդդիադիր ԺՀ կուսակցության ղեկավարին և իրենց զորակցությունը հայտնել նրան: Արտաքին գործերի նախարար Մեվլութ Չավուշօղլուն, խստորեն դատապարտելով հարձակումը, հայտարարել է․ Թուրքիան թիրախավորած՝ հեղաշրջման փորձի հեղինակ-դավադիրների և ահաբկիչների նպատակը նույնն է՝ կազմալուծել երկրի միասնությունն ու համերաշխությունը: «Ինչ պատճառ էլ լինի, մենք խստորեն դատապարտում ենք Քըլըչդարօղլուի ավտոշարասյան վրա կատարված հարձակումը»,- ասել է Չավուշօղլուն, ընդգծելով, որ կուսակցությունները չպետք է փոխեն իրենց դիրքորոշումներն ընդդեմ ահաբեկչության:

Փոխվարչապետ Նուման Կուրտուլմուշը ևս դատապարտել է հարձակումը: Այդ մասին նա գրառում է արել «Թվիթեր»-ում: Եվրամիության հետ կապերի նախարար Օմեր Ջելիքն էլ իր թվիթերյան էջում, դատապարտելով հարձակումը, գրել է՝ «Կասկած չկա, որ այս հարձակումն ուղղված է մեզանից յուրաքանչյուրի դեմ»:

Ըստ «Ռոյթերս»-ի, հարձակվողների ինքնությունը դեռևս պարզ չէ: Նշվում է, որ Թուրքիայի՝ Սիրիային սահմանակից, ինչպես նաև քրդաբնակ շրջաններում հաճախակի են զինված բախումներ բռնկվում: Դեռևս որևէ խմբավորում հարձակման պատասխանատվությունը չի ստանձնել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG