Փաստելով, որ Գեմանիան ցանկանում է աջակցել Իսլամական պետության դեմ ՆԱՏՕ-ի պայքարին Թուրքիայի տարածքից, Ուրսուլա վոն դեր Լեյենը միաժամանակ ընդունել է, որ քննարկվում են այլընտրանքային տարբերակներ՝ եթե զորքերը դուրս բերելու անհրաժեշտություն լինի:
Այսօր ավելի վաղ գերմանական «Շպիգել»-ը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, թե Բունդեսվերը այժմ դիտարկում է գերմանական 250 հոգանոց զորախումբն ուTornado- հետախուզական ինքնաթիռները Կիպրոս կամ Հորդանան տեղափոխելու հնարավորությունը, թեև ակնհայտ է, որ դա կբարդացնի կոալիցիոն ուժերի պայքարը ահաբեկիչների դեմ:
Պաշտպանության նախարարության աղբյուրները փաստել էին, որ տեղափոխման համար կպահանջվի առնվազն երկու ամիս, և այդ ընթացքում ՆԱՏՕ-ի միացյալ զորախումբը պետք է դադարեցնի հետախուզական թռիչքները Սիրիայում և Իրաքում:
Սակայն անգամ դա հետ չի պահում Գերմանիայի իշխանություններին: «Սա Բեռլինի պատասխանն է Թուրքիային, որը մինչև այս պահը արգելում է գերմանացի պատգամավորների մուտքը Ինջիրլիքի ռազմաբազա», - գրել է Շպիգելը՝ հիշեցնելով, որ ՆԱՏՕ-ի անդամ երկու պետությունների հարաբերությունները սրվեցին ամիսներ առաջ, երբ գերմանական Բունդեսթագը գրեթե միաձայն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:
Դրանից անմիջապես հետո Անկարան սկսեց խոչընդոտներ ստեղծել գերմանական պատվիրակության համար. Պաշտպանության նախարարը գերմանացի զինվորներին կարողացավ հանդիպել տևական բանակցություններից հետո միայն, իսկ գերմանացի օրենսդիրներին Ինջրիլիք այցելելու հնարավորություն այդպես էլ չտրվեց:
Երկրի ամենաազդեցիկ քաղաքական ուժերից մեկը՝ փոխկանցլեր Զիգմար Գաբրիելի ղեկավարած Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը այժմ սպառնում է դեմ քվեարկել Թուրքիայում գերմանական զորախմբի մանդատի երկարաձգմանը: Այդ դեպքում, ամենայն հավանականությամբ, գերմանացիները դուրս կգան Ինջիլիքից այս տարվա դեկտեմբերին:
«Գերմանիայի բանակը հաշվետու է խորհրդարանի առջև, և եթե մեր պատգամավորները իրավունք չպիտի ունենան այցելելու իրենց զինվորներին, ուրեմն բանակը չի կարող մնալ այդ երկրում: Դա միանշանակ է», - անցած ամիս հայտարարեց Գաբրիելը:
«Թող բոլորն իմանան, որ գերմանացի զինվորները Ինջիրլիքում երկար չեն մնա՝ եթե թուրքական կողմից համապատասխան վերաբերմունք չլինի», - իր հերթին զգուշացրել էր խորհրդարանի նախագահ Նորբերտ Լամերտը:
Հարցը քննարկվել էր անգամ Մերկել - Էրդողան հանդիպման ժամանակ․ ըստ թուրքական լրատվամիջոցների, Թուրքիայի նախագահը Գերմանիայի կանցլերից պահանջել էր հայտարարել, թե Հայոց ցեղասպանության ճանաչումը չի արտահայտում Գերմանիայի կառավարության տեսակետը, ինչին Մերկելը չէր համաձայնել:
Այսօր կանցլերը կրկին հայտարարեց, թե շարունակում են բանակցությունները թուրքական կողմի հետ գերմանացի պատգամավորներին Ինջիլիք թողնելու շուրջ․ - «Գերմանական զորախումբը արդյունավետ էր գործում այդ բազայում, որը, ինչպես երեկ Թուրքիայի իշխանությունները նշեցին, նաև ՆԱՏՕ-ին է պատկանում: Հուսով եմ, որ այս համագործակցությունը կշարունակվի նաև ապագայում: Սակայն, հստակ է՝ քանի որ Գերմանական բանակը խորհրդարանին է հաշվետու, մեր օրեսդիրները պետք է կարողանան այցելել Ինջիլիքի ռազմաբազա: Եվ մենք շարունակում ենք այս հարցի շուրջ բանակցությունները թուրքական կողմի հետ»:
Պաշոտնական Անկարան առայժմ այս հայտարարություններին որևէ կերպ չի արձագանքել: