Մատչելիության հղումներ

«Սասնա ծռերի» վիրավոր անդամների հարազատները պահանջում են ապահովել պատշաճ բուժօգնություն


«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում գտնվող «Սասնա ծռերի» անդամներից յոթի հարազատներն ու համակիրներն այսօր ժամը 14-ից հիվանդանոցի առջև ցույցի էին՝ պահանջելով կալանավորվածների համար ապահովել պատշաճ բուժօգնություն։

«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում այս պահին գտնվում են Պավել և Արամ Մանուկյանները, Սեդրակ Նազարյանը, Թաթուլ Թամրազյանը, Արմեն Լամբարյանը, Աշոտ Պետրոսյանը և Հովհաննես Հարությունյանը:

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյաի տարածած հաղորդագրության համաձայն, Հովհաննես Հարությունյանը երկու օր առաջ ենթարկվել է ռենտգեն հետազոտության, ապա՝ հեռացվել է նրա ոտքի վրայի ծանրոցը, դրվել է գիպսե վիրակապ:

Հարությունյանի մայրը՝ Լաուրա Հովհաննիսյանը սակայն, պահանջում է, որ տղան անհապաղ վիրահատվի, և այդ նպատակով մեկ այլ բժիշկ է հրավիրել․ - «Իմ կողմից հրավիրված բժշկի մուտքը արգելվել ա: Էրեբունիի բժիշկները ներսում են, սպասում եմ դրա պատասխանին: Եթե որոշում կկայացնեն, ուրեմն իրանք կվիրահատեն, եթե ուրիշ որոշում լինի, արդեն պետք է սպասենք մնացած պատասխաններին»:

«Ազատության» հարցին, թե ինչու ներս չեն թողել իր հրավիրած բժշկին, Լաուրա Հովհաննիսյանը պատասխանեց․ - «Փաստաթղթերի պակասի պատճառով»:

Փաստաբան Հայարփի Սարգսյանը հարցի առնչությամբ պարզաբանում է փորձել ստանալ ՔԿՀ ղեկավարությունից․ - «Ես անձամբ խոսել եմ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պետի հետ: Նա նշեց, որ դիմումը այսօր ենք մուտքագրել մենք, և դրան սահմանված կարգով պիտի ընթացք տրվի և պաշտոնապես մեզ պատասխանեն, թե որ օրը և որ ժամին մեր ցանկացած բժիշկը կարող է ներս մտնել»:

Լաուրա Հարությունյանի խոսքով, որդու վիճակը լավացել է, ցավերը մեղմացել են։

Փաստաբանն ասում է այդուհանդերձ, որ Հարությունյանին օգնություն պետք է․ - «Հուլիսի 26-ից մինչ օրս նա վիրահատված չէ, գիպսը ընդամենը երկու օր առաջ է տեղադրվել, մինչ այդ երկաթ էր կախված նրա կրունկից, այդ կերպ էր նրա ոսկորը բժիշկների կողմից ֆիքսված: Այս պահին երկու օր է, որ գիպսի մեջ է: Կրունկն է մի քիչ հանգստացել, քանի որ ծանրությունը հանել են, բայց ցավերը, այնուամենայնիվ, նույնն են»:

ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչներին կալանավորված «Սասնա ծռերը», ըստ օմբուդսմենի գրասենյակի, բուժօգնության կազմակերպման ու սպասարկման կապակցությամբ դժգոհություն չեն ներկայացրել:

Այդուհանդերձ, ՄԻՊ-ը իրավասու մարմիններից պահանջվել է գրավոր պարզաբանումներ բարձրացրված հետևյալ հարցերի կապակցությամբ. «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում կալանավորված անձանց խնամքն ապահովող բուժակների իրականացրած շուրջօրյա հերթապահությունը դադարեցվելու, կալանավորված անձանց բուժօգնության հետագա կազմակերպման և նրանց հետագա խնամքն ապահովելու, Հովհաննես Հարությունյանի նախընտրած բժշկի կողմից վիրահատության ենթարկվելու և բուօգնություն ստանալու հարցերի կապակցությամբ:

Ժամեր շարունակ ՔԿՀ-ի մոտ սպասող հարազատներին բժիշկներ այդպես էլ չմոտեցան։

«Ազատության» հետ զրույցում Զարուհի Փոստանջյանը երեկ նշել էր, որ ՔԿՀ-ի պետից երեկ տեղեկացել է, որ «Էրեբունի» բժշկական կենտրոնի մասնագետները գալու են հիվանդանոց կալանավորվածներին զննելու և վիրահատության օրերը նշանակելու համար։

Այսօր «Էրեբունի» բժշկական կենտրենի տնօրեն Միքայել Մանուկյանը «Ազատության» հետ հեռախոսազրույցում նշեց, որ այսօրվա զննումը հերթականներից էր և վիրահատության օր չի նշանակվել։

XS
SM
MD
LG